Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, կասկածվում է հանցավոր գործունեության մեջ: Այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Գուլնոզա Ռահիմովան:
Նրա խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբի գործունեության մեջ կասկածվող մի շարք անձանց վերաբերող նյութերն ուղարկվել են դատարան:
Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե Գուլնարա Քարիմովայի հետ մեկտեղ՝ տնային կալանքի տակ է գտնվում նրա դուստրը՝ 16-ամյա Իման Քարիմովան:
Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իմանը ոչ մի առնչություն չունի հետաքննվող քրեական գործերի հետ, և նրա ազատությունը որևէ կերպ սահմանափակված չէ:
Ուզբեկստսանի իրավական մարմինների կողմից հետաքննվող քրեական գործը վերաբերում էր նախագահի դստեր շրջապատին պատկանող Նուրմուհամմադ Սոդիկովի, Ռուստամ Մադումարովի և Գայանե Ավագյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի գործունեությանը:
Հետաքննության վարկածով՝ 2011-2013-ը կասկածյալները ձեռնարկատիրական գործունեության քողի տակ՝ տնտեսական ոլորտի հանցագործություններ են կատարել՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով: Մասնավորապես, խոսքն արհեստականորեն իջեցված գներով պետական գույքի ձեռքբերման, սեփականացման և թալանման, տնտեսական մեքենայությունների մասին է:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավարը պարզաբանել է, որ Մադումարովի, Ավագյանի և հանցավոր խմբի այլ անդամների վերաբերյալ դատավճիռը կայացվել է ոչ թե ընդհանուր իրավասության, այլ՝ զինվորական դատարանի կողմից: Նրա խոսքով՝ մայիսի 24-ին Տաշքենդի զինվորական դատարանը որոշում է կայացրել միայն մեկ քրեական գործով, որը վերաբերում է Մադումարովի և Ավագյանի անմիջական ցուցմունքով նախկին զինվորականների խմբի կողմից Ուզբեկստանի որոշ քաղաքացիների առևանգմանը և անազատության մեջ երկարատև ապօրինի պահմանը. տեղեկացնում է Новости Mail.Ru-ն:
Գուլնարա Քարիմովայի գտնվելու վայրն անհայտ է: Ըստ որոշ աղբյուրների՝ նա գտնվում է իր առանձնատներից մեկում, այլ տեղեկություններով՝ պահվում է տնային կալանքի տակ: