Ինչ ճակատագրի արժանացան հոր կողմից դանակահարված և որբացած երեխաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հունիսի 9-ին հանրապետությունում տեղի ունեցավ ընտանեկան հերթական ողբերգությունը:

Կոտայքի մարզի Ակունք գյուղում ամուսինը սպանեց կնոջն ու դանակահարեց անչափահաս երեխաներին:

39-ամյա Աշոտ Գևորգյանը, ով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում կայացած վճռով համարվեց անմեղսունակ և հոգեպես անառողջ, ազատվեց պատժի կրումից և ուղարկվեց հոգեբուժարան` հարկադիր բուժման նպատակով: Այս պահին նա դեռևս գտնվում է հոգեբուժարանում:

Թե որքանով է անմեղսունակ և հոգեպես անառողջ մարդուն ճիշտ պահին չբուժելը և հանրության մեջ պահելը հակասում ժողովրդավարությանը, հարցի մյուս կողմն է, սակայն փաստն այն է, որ հենց նման հիվանդություն ունեցող մարդկանց առկայությունն է պատճառ դառնում մի շարք ողբերգությունների և անախորժությունների:

Ա. Գևորգյանի երկու անչափահաս դստրերը` 13-ամյա Շողակաթն ու 7-ամյա Մարիամը, որբացան և նրանց հուշերում հավերժ կմնա դժբախտ օրվա տեսարանը: Ի դեպ, նշանակված դատահոգեբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գևորգյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, ցնոզառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Հատկանշական է այն, որ այս հանգամանքն ավելի վաղ հաստատել է նաև Գևորգյանի մայրը` Շողակաթ Գևորգյանը, ով հայտնել է նաև, որ որդին իրեն տարիներ շարունակ տարօրինակ է պահել, անտեղի խանդել է կնոջը և պարբերաբար ծեծել վերջինիս: Զարմանալի է, որ չնայած այս հանգամանքին` մայրը որդուն բժիշկների հսկողությանը չի հանձնել, և արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

Անչափահաս երեխաները դատարանում ցուցմունք են տվել` վերհիշելով, թե ինչպես է իրենց հայրը խոհանոցից երկու մեծ դանակ վերցրել և սկսել հարվածել իրենց մորը: Մարիամը նշել է, որ երբ ինքը փորձել է փախչել, հայրը վազել է իր հետևից ու դանակով հարվածել:

Երեխաների մորեղբայրը` Հայկը, որոշ ժամանակ նրանց խնամքն իր ձեռքի տակ էր առել, սակայն Armlur.am-ի հետ զրույցում Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը հայտնեց, որ երեխաների խնամակալությունն այս պահին իր վրա է վերցրել նրանց տատը:

«Տատն աշխատում է, երեխաներին նորմալ տիրություն է անում: Նրանք դասի են գնում: Երեխաների հետ ամեն ինչ կարգին է: Խնդիրներ չունեն»,- վստահեցրեց համայնքի ղեկավարը:

Վերջինիս փոխանցմամբ` ողբերգությունը վերապրած երեխաները խնդիրներ չունեն շրջապատի հետ շփվելու առումով, իսկ համագյուղացիներն էլ իրենց հերթին ամեն բան անում են նրանց խնդիրներից շեղելու և իրենց ինտեգրելու համար:




Լրահոս