Սահմանապահ Արմենի ու Վանաձորի բնակչուհու կեղծիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Արմեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով սահմանապահ զորամասի ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, 2014թ. հունվարի 13-ին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանի քաղվածքը համակարգչային եղանակով կեղծել է՝ փոխելով դրա բովանդակությունը եւ այն կեղծ ստորագրությամբ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Ա. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ Ա. Հայրապետյանի կողմից կեղծված փաստաթուղթը վերաբերում է 2013թ. սեպտեմբերի 14-ին մարտական հենակետում նրա իրականացրած ծառայությանը: Այդ օրը Վանաձորի մի բնակչուհի ամուսնու քրոջ կողմից իրեն պահպանության հանձնված, 4 անձանց աշխատանքի արդյունքը հանդիսացող 406 հազար ռուսական ռուբլին հափշտակելու նպատակով իր տան ննջասենյակի զգեստապահարանից գումարը հանել է եւ ձեւացրել, թե այն իր տնից գողացել են: Նա այդ գումարից 260 հազար ռուբլին, հետագայում վերադարձնելու պայմանով, հանձնել է իր ծանոթ Արմեն Հայրապետյանին, մնացածը՝ ծախսել:

Ա. Հայրապետյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, ինչը բավարարվել է։ Դատարանը վճիռը կայացնելիս հաշվի է առել, որ Ա. Հայրապետյանի խնամքին կա անչափահաս 2 երեխա, եւ նա նախկինում դատված չի եղել: Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Ա. Հայրապետյանին մեղավոր ճանաչել վերոհիշյալ հոդվածում եւ նրան դատապարտել 200 հազար դրամ տուգանքի:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս