Հարուստները սեփական «Facebook» ունեն. «Ամերիկայի ձայն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook-ն ու այլ սոցիալական կամ լրատվական կայքեր ազատ մուտք են ապահովում բոլորի համար: Սակայն այս ամիս մեկնարկած սոցիալական կայքը կլինի բացառիկ, և նրան կարող են անդամակցել միայն հարուստները:

Netropolitan կոչվող նոր կայքից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել 9 հազար դոլար, որից 6 հազար դոլարը՝ անդամակցության, իսկ 3 հազարը՝ տարեկան անդամավճարներն են:

Netropolitan կայքի հիմնադիրն ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջեյմս Թաչի-Պոտորսն է: Նրա խոսքով՝ այս կարգի ցանցային ծառայությունն անհրաժեշտ է որոշակի օգտատերերի համար: Դա մի հարթակ է, ուր հարուստ մարդիկ ազատորեն կարող են շփվել միմյանց հետ, որը ողջ աշխարհում կմիավորի այնպիսի մարդկանց, «ովքեր ավելի շատ փող ունեն, քան ժամանակ»:

Ի տարբերություն Facebook-ի՝ Netropolitan-ը ներգրավված կամ ինդեքսավորված չէ այնպիսի որոնող համակարգերում, ինչպիսիք են Google կամ Bing համակարգերը: Կայքի տեղեկատվությունը կոդավորված է, ինչն օգտատերերին ապահովության և գաղտնիության երաշխիք է տալիս: Netropolitan-ում գովազդ չի տեղադրվում:

Կայքի օգտատիրոջ տարիքը պետք է 21 տարեկանից բարձր լինի: Գրանցվելիս պարտադիր է նշել իրական անունն ու հասցեն: Գրանցվելուց հետո օգտատերերը կարող են խմբեր ստեղծել և քննարկումներ կազմակերպել կայքում:

Կայքի սեփականատերը չի պատրաստվում հրապարակել դրա անդամների թիվը, փակել օգտատիրոջ էջը կամ ստուգել նրա ինքնությունը. տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:




Լրահոս