Երգչուհի Ջուսը հայկական երգարվեստի ամենահամարձակ ներկայացուցիչներից է: Նրա կերպարը եւ ներկայացրած երաժշտությունը հանրությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընկալում` հաճախ երգչուհուն դարձնելով սուր քննադատության թիրախ: «Ժողովուրդ»-ը զրուցել է Ջուսի հետ իր ազատամտության, համարձակության եւ մատուցած երաժշտության մասին:
-Բավականին համարձակ եք թե՛ կերպարային , թե՛ ներկայացրած երաժշտական ոճի առումով: Դա Ձեր էությո՞ւնն է, թե՞ ուշադրություն գրավելու նպատակով եք այդպես վարվում:
-Վայ, ինքս այդպիսին եմ, սիրում եմ ազատամտությունը: Մարդը պետք է զերծ լինի ամեն տեսակի կոմպլեքսներից: Դրանք առողջությանը վնասում են: Պետք է լինել այնպես, ինչպես բնությունն է պահանջում: Հավատացե՛ք, դա է ճիշտը: Բոլոր մարդիկ էլ ներքուստ ազատամիտ են, բայց շատ հաճախ ընկնում են ձեւականությունների հետեւից, սուտի համեստներ են խաղում: Չէ, ես այդ տեսակին չեմ պատկանում, անկեղծ, առանց ձեւականությունների մարդ եմ:
-Իսկ Ձեր ընտրյալը դեմ չէ՞ նման պահվածքին: Շատ հաճախ չափազանց բաց տեսարաններում ենք Ձեզ տեսնում, համարձակ ֆոտոշարքեր եք ներկայացնում: Նա բացասական չի արձագանքո՞ւմ այդ ամենին:
-Իհարկե ոչ: Նա ժամանակակից մարդ է: Ճիշտ է, դեռ նշանված ենք, հարսի շոր դեռ չեմ հագել, բայց մեկ է, նա է իմ ընտրյալը: Իմ բաց հագնվելու, ազատամտության մեջ որևէ ենթատեքս չի փնտրում, ընդունում է ինձ այնպես, ինչպես կամ: Նա իմ այդ պահվածքն առավելությունների շարքին է դասում ու ասում է, որ ես ճիշտ եմ վարվում, որ այդքան ազատ եմ ու համարձակ: Շատ է հպարտանում ինձանով:
-Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ եք առավել մտերիմ:
-Դե որ ասեմ՝ շատ կապ ունեմ իրենց հետ, չէ, բայց առավել մտերիմ եմ Արփինե Բեկջանյանի, Լիլիթ Կարապետյանի հետ, Վարդան Սարգսյանի, Գուժի հետ:
-Մեր այսօրվա երգարվեստին ի՞նչ գնահատական կտաք:
-Համատարած կլկլոց է, ի՞նչ գնահատական պետք է տամ: Որ կողմը թեքվում ես, նույն անճաշակությունն է: Արաբական ու թուրքական մելիզմներն են գերակշռում մեր չստացված երգարվեստում: Իսկ իմ երգարվեստը առանձնանում է իր օրիգինալությամբ, անհամեմատելիությամբ: Իմ երգերը հագեցած են ադրենալինով, չկրկնվող են ու հիշվող: Իրար նման չեն: Որ մեր այսօրվա շոու-բիզնեսում գերակշռող երգերը կողքից լսում եմ ու չեմ նայում, ինձ թվում է՝ մի երգը մյուսի շարունակությունն է: Հեչ որակ չկա: Կլկլոց ու էլի կլկլոց: Իմ երգերում այդպիսի բան հանդիպե՞լ եք: Մի բան էլ ավելացնեմ, որ ավելի հստակ լինի ամեն ինչ: Իմ երգն ու երաժշտությունը Ռուսատանում են մինչեւ անգամ գնահատում ու մեծարում: Վերջերս ռուսաստանյան ռադիոկայաններից մեկը կազմակերպել էր երգի ու կատարողի մրցույթ, որտեղ ես ներկայացա ըստ արժանվույն եւ գրավեցի երրորդ տեղը:
-Վերջերս Անդրեն, Անուշ եւ Ինգա Արշակյաններն արժանացան ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Ձեր գնահատմամբ` նրանք արժանի՞ էին նման բարձր կոչման:
-Անուշն ու Ինգան լավն են, իրենք որակով երգեր են երգում: Թե՛ պրոֆեսիոնալ տեսանկյունից, թե՛ հագ ու կապի առումով հայեցի են ու լավը: Նրանց տեսնելով, երգած երգերը լսելով իրական հայի կերպարն է աչքերիս առաջ հայտնվում: Ես սիրում եմ այդ կերպարը:
-Բայց Դուք այդ կերպարից հեռու եք, Ձեր ոճը, պահվածքը, երգերն ընդհանրապես չեն առնչվում այդ կերպարին…
-Դե ես ուրիշ եմ, լավը գնահատում եմ, բարձրաձայնում, բայց իմ կերպարը փոխել չեմ կարող, դա իմ էությունն է, ես այդպիսին եմ: Ես ասում եմ, որ իրենք հայեցի են, ավանդական հայացքներ տարածող, բայց չեմ ժխտում, որ ես դրա հակապատկերն եմ: Դե հիմա ես էլ այդպիսին եմ: Իրական եմ ամեն դեպքում: Կեղծավորությունը եւ ձեւականությունը իմ թշնամիներն են:
Լուսանկարները՝ երգչուհու ֆեյսբուքյան էջից
Լուսինե Հակոբյան