Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին Իջեւանի Շատրվանների հրապարակում Սերժ Սարգսյանի ելույթը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ քննադատական շեշտադրումներ ուներ, այն ավելի շատ ընդդիմադիր գործչի ելույթ էր հիշեցնում: Սերժ Սարգսյանն ասաց, որ ներկայում փոփոխությունների հասարակական լուրջ պահանջ կա, որ ՀՀԿ-ն նախաձեռնել է որակական բարեփոխումներ սոցիալական, կրթական եւ այլ ոլորտներում, որ դրանք դրական են ազդելու մարդկանց կյանքի վրա: ՀՀԿ նախագահը խոսեց քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին: Ասաց, որ երիտասարդ կադրերի համար պետք է մեծացնել  պետական կառավարման համակարգի գրավչությունը` նրանց աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական փաթեթների ներդրման միջոցով: Մյուս կողմից պետք է անողոք եւ հետեւողական պայքար տանել արատավոր երեւույթների` կոռուպցիոն դրսեւորումների, հովանավորչության եւ խորհրդային իներցիայով մեզ հասած ժամավաճառության  ու ցուցադրականության դեմ: «Այս ամենին կարելի է  ավելացնել նաեւ մերօրյա հոռի բարքեր համարվող զոռբայությունը, որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը, եթե կուզեք` սանձարձակությունը»,-հավելեց նա: ՀՀԿ ղեկավարն իջեւանցիներին հավաստիացրեց, որ նման վարքով պաշտոնյաները պետական համակարգում տեղ չեն ունենալու, որ պետական կառավարման համակարգը պետք է թափանցիկ եւ հաշվետվողական  լինի, պետք է խրախուսվի երիտասարդ կանանց մուտքը պետական կառավարման համակարգ: Նա սահմանեց երիտասարդ մասնագետների գրագիտության չափանիշները` ասելով. «21-րդ դարի երիտասարդ մասնագետը, իր մայրենիից բացի, պետք է գերազանց տիրապետի առնվազն երկու օտար լեզվի եւ կարողանա ազատ օգտվել եւ ըստ նշանակության օգտագործել համակարգիչը»:




Լրահոս