Երգչուհի ԼԻԱՆԱՅԻ մայրանալու լուրն անակնկալ էր, քանի որ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել էր, որ նույնիսկ կյանքի ընկեր չունի: Բայց, ինչպես ասում են, ամեն լավ բան շատ պատահական է ստացվում, նույն կերպ եղել է նաեւ երգչուհու կյանքում:
-Ամեն ինչ այնքան արագ տեմպերով զարգացավ ու ստացվեց: Ինքս էլ չէի պատկերացնի: Ընկերուհուս ծնունդին ենք ծանոթացել, ամեն ինչ սկսվեց այդ օրվանից: Բալիկիս ծնունդին էլ բան չի մնացել, մայիսին որդիս կծնվի:
-Ե՞րբ եք ամուսնացել, հարսանիք արե՞լ եք:
-Բալիկ ունենալու փաստից այնքան էինք ուրախացել, որ էլ ժամանակ չէր մնացել մեզնով զբաղվելու: Ես էլ այդքան սկզբունքային չեմ հարսանիքի հարցում: Միգուցե այդ տարիքից եմ դուրս եկել, որ փոքր լինեի, հնարավոր է` այլ կերպ մոտենայի հարցին: Մարդ կա` ամբողջ կյանքում երազել է սպիտակ շոր հագնել, ինչ-որ օրիգինալ հարսանիք կազմակերպել: Ինձ համար այդ ուտել-խմելն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Կարեւորը մենք երջանիկ լինենք, ու մեր հարազատներն էլ ուրախ լինեն մեզ համար: Իմ ուրախությամբ շատերն են ուրախացել, ով ինձ այս վիճակում տեսել է, դրական է արձագանքել: Հարսանիք չենք արել, դե հարգելի պատճառներով, հղի եմ: Հարսանիքի մասին դեռ չեմ մտածում, միգուցե հետո անենք, որ մեր բալիկն էլ ներկա լինի մամայի-պապայի հարսանիքին: Նույնիսկ եթե հարսանիք էլ չլինի, հետո կգնանք մեղրամսի:
-Փաստորեն, միայն ԶԱԳՍ-ով եք ամուսնացել:
-Դա էլ չենք հասցրել, մենք տարվել ենք բալիկով, ու ժամանակ չի եղել այլ բաներին հատկացնելու:
-Ո՞վ է Ձեր ամուսինը, ի՞նչ մասնագիտություն ունի:
-Ինքը դեռ մասնագիտություն ստանալու ճանապարհին է, ուզում է իրավաբան դառնալ, բայց աշխատում է, տուրիստական գործակալություն ունեն:
-Այդ ի՞նչ հետաքրքիր բան է արել, որ գրավել է Ձեր սիրտը:
-Ես նրա մարդկային հատկանիշներն եմ հավանել, խելացի է, մտածելու ունակություն ունի, հասկանալ եւ մարդու դրության մեջ մտնել է կարողանում, նրբազգաց է: Տղամարդիկ մեծամասամբ այդքան զգայուն չեն: Գնահատել եմ նաեւ այն, որ իր համար այնքան կարեւոր չէր իմ երգչուհի լինելը, քան ես` իմ անհատականությունը: Ինքը նույնիսկ իմ երգերի երկրպագուն չէ: Առաջին հերթին իմ մարդ տեսակն է ընդունում: Երբ նախկինում ինձ համակրողներ են եղել, ինձ թվացել է, որ իմ արվեստն են սիրում, դրա համար են ինձ հավանում:
-Խիստ պայմաններ չի՞ դրել` աշխատանքի հետ կապված:
-Երբեւիցե: Կարծում եմ, ոչ մի տղամարդ էլ չի ցանկանա, որ իր կինն ակումբում աշխատի, առավել եւս` Հայաստանում: Նորմալ է վերաբերվում, որ ես երգում եմ: Վստահություն ու հարգանք կա մեր մեջ: Գիտի, որ ես ոչ մի ավելորդ բան թույլ չեմ տա` անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ: Ես մաքուր կմտնեմ, մաքուր դուրս կգամ: Ինքը շատ է ցանկանում, որ ես այլեւս ակումբում չաշխատեմ, ու ինքը հոգա մեր բոլոր խնդիրները: Ճիշտ է, ֆինանսական հարցերը կարեւոր են, բայց ոչ այնքան, ինչքան մարդկային հարաբերությունները: Ժամանակի ընթացքում ամենահարուստ մարդն էլ կարող է կորցնել իր կարողությունը, բայց միեւնույն ժամանակ հասարակ ու աշխատասեր մեկն իր ուժերով կհասնի շատ բաների: Ես դա ավելի շատ եմ հարգում, քան այն, որ ինքը ձգտումներ չունենար:
-Լսել եմ նաեւ, որ ձեր միջեւ տարիքային տարբերություն կա` 10 տարի: Չե՞ք նեղվում այդ փաստից:
-Ես չեմ նեղվում, կարեւորը` ինքը չնեղվի ու չի էլ նեղվում: Չկա՞ն այս կյանքում զույգեր, որոնց մեջ տարիքային մեծ տարբերություն կա, ու իրենք երջանիկ են: Կա նաեւ հակառակը, երբ հասակակից են, հարմար են տարիքով, բայց երջանիկ չեն: Կարեւորը մարդիկ իրար սիրեն, առանց սիրո ոչ մի բան չի լինում:
-Ձեր ծնողներն ինչպե՞ս արձագանքեցին:
-Իմ ծնողներն ասում էին` շատ փոքր է: Բայց հետաքրքիր է, որ իրենց կողմը չի մտածել, թե ամեն ինչ այդքան լուրջ կլինի իրենց որդու մոտ: Չնայած, ինքը շատ ինդիվիդուալ, ուժեղ տղամարդ է, ունի իր կարծիքը, ինքնուրույն է կայացնում իր որոշումները:
-Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ աղջիկների, կանանց մոտ կարծես վերացել է տարիքային այդ բարդույթը, եւ մեզ հայտնի շատ կանայք իրենցից երիտասարդ ամուսիններ ընտրեցին:
-Ես հատուկ չեմ որոշել, որ իմ ամուսինը պետք է ինձանից փոքր լինի: Հավատացե՛ք, ինքն է նախաձեռնողը եղել, առաջին քայլն արել: Չնայած, իմ ամբողջ կյանքում ես եղել եմ 18 տարեկան եւ շատ հաճախ ինձանից փոքր երկրպագուներ եմ ունեցել: Ինձ նրա բնավորությունն է դուր եկել: Չի՞ կարող լինել, օրինակ, 25 տարեկան տղա, որն ավելի իմաստուն է ու հասուն, քան 55 տարեկան մարդը:
-Իսկ հասարակության կարծիքը Ձեզ չի՞ հետաքրքրում:
-Ես երբեք չեմ մտածել, որ իմ մասին կարող են սխալ ու ավելորդ բաներ խոսել, ես ինձ միշտ ճիշտ եմ պահել ու վերահսկում եմ իմ ամեն մի քայլը` միշտ համեստ, զուսպ, դաստիարակված:
ՄԱՅԻՍԻՆ ՈՐԴԻ ԿՈՒՆԵՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ