Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Պարզվում է՝ այս գործով անցնող որոշ պաշտոնյաներ, չկատարելով գործին հնչեղություն ապահոված մարդկանց պահանջը, կկրեն իրենց պատիժը:
Դատական դեպարտամենտում իրականացված չարաշահումների գործը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2013թ. հունիսի սկզբին:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ դեռեւս այն ժամանակ, երբ ստեղծվեց դատական կարգադրիչների ինստիտուտը, Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը կառավարությունից ստացել էր շուրջ 150 լրացուցիչ հաստիք, սակայն նշանակումներ չէր կատարել` այդ հաստիքներին հասանելիք աշխատավարձի եւ պարգեւավճարների գումարները բաշխելով աշխատող շուրջ 800 կարգադրիչների վրա՝ այդպիսով փորձելով ապահովել կարգադրիչների համար հնարավորինս բարձր աշխատավարձեր: Սակայն ՎԴ ղեկավարության փոփոխությունից կարճ ժամանակ անց համակարգի որոշ ներկայացուցիչներ որոշել են այդ 150 հաստիքներից ստացվող գումարները ոչ թե բաժանել դատական կարգադրիչներին, այլ կիսել իրար մեջ` մի քանի հոգով յուրացնելով ամբողջ գումարը: Այս գործընթացը շարունակվել է ավելի քան երեք տարի, որի ընթացքում յուրացվել է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց 13 հոգու եւ հուլիսի 23-ին ուղարկվեց Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ամբաստանյալի աթոռին հայտնվեցին ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, տեղակալ Գեղամ Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Ավագյանը, Բագրատ Արիկյանցը, Արեգ Գասպարյանը, Արման Փալիկյանը, Մերուժան Կյուրեղյանը, Յուրա Մուշկիդյանովինը, Եղիազար Սարգսյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը եւ Անգին Ղուկասյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործից մաս է անջատվել՝ պաշտոնական կեղծիք կատարելու վերաբերյալ, որի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
Ըստ մեզ հասած տեղեկությունների` դեռեւս այն ժամանակ Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը, ով Հայաստանի գլխավոր դատախազի աթոռին տիրանալու լուրջ հավակնություններ ուներ, ջանք ու եռանդ չի խնայել գործին հնարավորինս մեծ հնչեղություն ապահովելու համար: Նա ջանք չի խնայել այս գործով անցնող ամբաստանյալներից կորզելու այնպիսի ցուցմունքներ, որոնք իրեն են պետք: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այս գործով անցնող բոլոր նրանք, ովքեր ցուցմունք կտան , թե յուրացումները կատարել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի իմացությամբ, նրանց պատիժը կմեղմվի: Իսկ ովքեր կհրաժարվեն Մկրտումյանի դեմ ցուցմունք տալ, կշարունակեն պատժվել:
Նրանց նախ պատժել են՝ արգելելով հարազատների հետ հանդիպել, անգամ թույլ չեն տվել տեսնել իրենց անչափահաս երեխաներին: Օրինակ՝ ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանին սկզբում պահել են Երեւան Կենտրոն ՔԿՀ-ի ընդհանուր հանցագործների խցում: Եվ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո են Գրիգորյանին տեղափոխել հատուկ խուց:
Իսկ ովքե՞ր են «պլստացել»
Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով անցնող Լոռու մարզի դատարանի կարգադրիչների պետ Մերուժան Կյուրեղյանն, օրինակ, շարունակում է աշխատել իր պաշտոնում: Նա, ըստ երեւույթին կատարել է համապատասխան մարդկանց պահանջները եւ դրա համար էլ շարունակում է մնալ իր պաշտոնին:
Երբ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, Կյուրեղյանը լսելով հարցը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե նիստի է:
Իսկ ինչ վերաբերում է գործից անջատված մասին, որը քննվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մասով, ապա այստեղով անցնող Արտակ Գեւորգյանը եւս շարունակում է աշխատել որպես Շիրակի մարզի դատարանի կարգադրիչների պետ:
Իր պաշտոնին է շարունակում մնալ նաեւ այս գործով անցնող Շիրակի մարզի կարգադրիչների ծառայության Վերահսկողության բաժնի աշխատակից Թաթուլ Ղուկասյանը: Մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել. վերջիններս նույնպե՞ս կատարել են շահագրգիռ մարդկանց պահանջը , թե՞ զուգադիպություն է, որ բավականին ծանր մեղադրանքով քննվող գործում ներգրավված լինելով շարունակում են պաշտոնավարել:
Արտակ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե իր մեղքը չի ապացուցվել դրա համար էլ շարունակում է աշխատել, իսկ ահա Թաթուլ Ղուկասյանը դիվանագիտական պատասխան տվեց. դատարանը կորոշի ամեն ինչ:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ թեեւ աղմկահարույց այս գործով բազմաթիվ «խոշոր ձկներ»-ի անուններ շրջանառվեցին, սակայն ինչպես միշտ՝ մանր ձկներն են հայտնվել ցանցավանդակի մեջ:
Քնար Մանուկյան