Oրերս, Աշտարակի քաղաքապետարանում պետք է տեղի ունենար քաղաքի ավագանու հերթական նիստը, սակայն ավագանու անդամներն այն նորից բոյկոտեցին: Պատճառն այն է, որ ավագանու նիստում պետք է քննարկվեր հայտնի գազալցակայանի հարցը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
Հիշեցնենք, որ նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տալիս, որ հողատարածքի աճուրդն իրականանա:
-Պարոն Սահակյան, ավագանու նախորդ նիստին նույնիսկ իշխանական թեւի անդամներն ինքնակամ, լուռ հեռացան՝ հրաժարվելով նիստին մասնակցելուց: Մեր տեղեկություններով՝ նրանք Ձեր հրահանգով են հեռացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Չկա նման բան: Տեղյակ էլ չեմ:
– Դուք, որպես մարզպետ, չե՞ք փորձում միջամտել: Չէ՞ որ ավագանու նիստերը բոյկոտելով` քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար կլինի:
-Քաղաքապետ Արմեն Անտոնյանը լավ եւ խելացի աշխատում է: Կաթվածահար չի լինի քաղաքապետարանի աշխատանքը: Գուցե որոշ մարդիկ այս պատմության մեջ ինչ-որ անձնական շահե՞ր ունեն:
-Իսկ գազալցակայանի մասով ի՞նչ կասեք:
-Գազալցակայան ասված հասկացություն չկա: Այդ հողատարածքը հարյուր տարի է, չեն օգտագործում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են ավագանու անդամները պնդում, որ այդ հողատարածքում գազալցակայան է կառուցվելու:
-Ճիշտն ասած, ես այդքան մանրամասն չեմ հետաքրքրվել, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ այդ հողը ցանկալի կլիներ, որ օտարվեր: Չէ՞ որ ինչքան շատ ներդրողներ լինեն մեր մարզում, այնքան ավելի լավ մեզ համար:
-Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ այդտեղ գազալցակայան են կառուցելու, Դուք դեմ կլինե՞ք, թե՞ ոչ:
-Իսկ Երեւան քաղաքում գազալցակայան չկա՞: Որեւէ մեկը, ով կփորձի թեկուզ գազալցակայան կամ արտադրություն ստեղծել, միեւնույն է՝ պետք է այնպես անի, որ չվնասի բնակչությանը:
-Այսինքն՝ եթե այդ հողատարածքում գազալցակայան կառուցվի, Դուք դեմ չե՞ք լինի:
-Իհարկե, եթե պահպանվեն բոլոր նորմերը, ով ինչ ուզում է թող դնի: Եթե քաղաքի բնակչությանը չի վնասի կամ քաղաքի տեսքը չի աղճատվի, ապա կարող են ցանկացած գործունեություն ծավալել: Միեւնույն է՝ եթե նույնիսկ այդ տարածքում գազալցակայան էլ կառուցվի, ապա դա պետք է արվի համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո:
-Պարոն Սահակյան, այս գազալցակայանի պատմության հետ կապվում է նաեւ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի անունը…
-Անտեղի է: Հավատացնում եմ, որ կապ չունի: Որոշ ժամանակ առաջ էլ իմ անունն էին շոշափում, թե իբր ուզում էի այդտեղ գործարան ստեղծել:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը
Լուսանկարը` Hetq.am-ի