Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության և Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ավստրիացի պրոֆեսոր, Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող-ղեկավար Վոլֆգանգ Աուլիցկին այսօր պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:
Անվանի պրոֆեսորը մեր երկիր է ժամանել սեպտեմբերի 26-27-ին Երևանում անցկացված Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովին մասնակցելու համար: Գիտաժողովի շրջանակում նրա ղեկավարությամբ անցկացվեցին Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ուրոլոգիայի դպրոցի նախաձեռնած գործառական ուրոլոգիայի դասընթացներ: Պրոֆեսորը հանդես եկավ մասնագիտական արդի խնդիրներին նվիրված մի քանի թեմատիկ զեկույցներով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, նախարարության ներկայացուցիչների և գործընկերների հետ քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող-ղեկավարին հայ մասնագետների արտերկրում վերապատրաստման գործում ունեցած մեծ ավանդի համար: Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նրա երկարամյա աշխատանքը, ինչպես նաև հայ մասնագետներին ավստրիական լավագույն կլինիկաներում վերապատրաստելու նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:
Վոլֆգանգ Աուլիցկին նշեց, որ 1993 թվականից ի վեր Ավստրիայում վերապատրաստում է անցել ավելի քան 800 հայ մասնագետ: Նա անդրադարձ կատարեց զալցբուրգյան սեմինարների արդյունավետությանը և հեռանկարային ծրագրերին:
Պրոֆեսորն ընդգծեց, որ Զալցբուրգի միջազգային սեմինարների իրականացման գործում մեծ ներդրում ունի Հայ օգնության ֆոնդը, որի բժշկական ծրագրով վերապատրաստված բժիշկներն իրենց հերթին ուսուցանում են Հայաստանի մարզերի բժիշկներին` ձևավորելով արդյունավետ համագործակցության շղթա:
Հանդիպման ավարտին պրոֆեսորն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին և Երևանի պետական բժշկական համալսարանին, 2009 թվականին Ավստրիայի «Շլոսս Արենբերգ» պատմական դղյակի հրդեհից հետո դղյակի վերականգնման համար կազմակերպած մեծ հանգանակության համար եւ նշեց, որ ի նշան երախտիքի այդ դղյակի մեկ հարկն անվանվել է «Հայաստան»։