Այսօր սուրճի միջազգային օրն է. հետաքրքիր փաստեր սուրճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 29-ին, սուրճի համաշխարհային օրն է:

Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն: Այսօր այն աշխարի ամենատարածված ըմպելիքներից է:

Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին:

Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա: Այդ բույսի տերևներն ուտելով` կենդանիները սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։

Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է այդ տերևները և զգաում է դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։ Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։

Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը 4-ի բերքը։ Արաբիկային (Coffea Arabica) բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրանքի 70 %-ը, Ռոբուստոյին՝ (Coffea Canephora) մոտ 30 %-ը։ Մյուս երկուսը՝ Coffea Liberica–ն, Coffea Excelsa–ն, հազվադեպ են օգտագործվում սուրճի արտադրության մեջ։ Բացի սրանցից կա նաև Արաբիկայի մուտացիան համարվող Մարագոջիպը, որն ունի ավելի մեծ հատիկներ։

1777 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ, թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր. օրինակ` Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։




Լրահոս