ՀՀԿ-Ն ՓՈՂ Է ԲԱԺԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ է դուրս  եկել մի ամբողջ թիմ, որը սատարում է ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանին:
-Ձեր թեկնածությունն առաջադրել եք մի մարզում, որը, այսպես ասած, «բրոնյա» է արված հայտնի գերդաստանի կողմից: Արարատի մարզում Ձեզ ինչպե՞ս են ընդունում, քարոզարշավներին մարդիկ գալի՞ս են:
-Այսօրվա (երեկվա-Ս.Գ.) հանդիպմանը լրագրողներն անգամ չեկան, թեեւ մամուլի հաղորդագրություն էինք տարածել: Հանդիպում ունեինք Դվինում, գառ էին մորթում, մարդիկ ուրախանում էին, հարգանքով են լցված: Բայց, ճիշտն ասած, շատ ուժեղ են աշխատում իմ դեմ, չգիտեմ ինչու, ուրեմն գյուղապետերից սկսած… ես չեմ պատկերացնում մի տեղ, որ այդքան սկզբունքային լինեն, ոնց որ իմ դեմ են տրամադրված:
-Իսկ ինչպե՞ս եք պայքարում այդ գերդաստանի դեմ:
-Ես, անկեղծ ասած, չեմ վախենում ոչ մեկից, հզոր առաջ եմ գնում, իմ տվյալներով ես պետք է հաղթեմ՝ չնայած մեծ աշխատանք են տանում իմ դեմ: Գնում եմ հանդիպման, ուրեմն ոչ մեկը դուրս չի գալիս, ի վերջո, մարդ ա եկել, հյուր ա եկել համայնք, գյուղապետը պետք է դուրս գա անպայման, չէ՞: Թող չսատարի, բայց դուրս գա, սարսափ ա, սարսափ:
-Ձեր դիտարկմամբ՝ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այդ մարզում ո՞ւմ օգտին է աշխատում` ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի:
-Ես մտածում եմ, որ Հանրապետականի համար է աշխատում, որովհետեւ ԲՀԿ-ն նորմալ տղերք ա ներգրավել` հեղինակավոր տղաների, ոչ թե ջրի մարդ, գազի մարդ: Իրենց համայնքում հարգանք վայելող տղերքն են ԲՀԿ-ին օգնում, օրինակ` Յուվեցի Կարոն: ԲՀԿ-ում լավ մարդիկ են աշխատում: Իսկ ՀՀԿ-ում արդեն փող են բաժանում, ոնց որ նավթի հերթ լինի: Էն առաջներում, որ նավթի հերթ կար, հիմա էլ կանգնած փող են ստանում, ամոթ ա էլի, ամոթ: Չեն հասկանում, որ ամեն ընտրությունից հետո արտագաղթն են խորացնում: Ինձ էլ են մարդիկ մոտիկանում ու հարցնում. «Դուք փող բաժանելո՞ւ եք»: Ես ասում եմ` ո՛չ, մենք հավատացյալ մարդիկ ենք եւ մեզ թույլ չենք տա որեւիցե բան բաժանել:
-Կոնկրետ փաստեր ունե՞ք, թե ՀՀԿ-ն որ համայնքում է նման հերթեր գոյացրել:
-Հետաքրքիր եք, բոլոր տեղերում են բաժանում, գյուղապետն իրա մոտ բաժանում է, ես ո՞նց գնամ, ձեռքը բռնեմ: Բոլոր գյուղապետերն էլ բաժանում են անխտիր, մարդիկ գալիս ասում են:
-Իսկ Դուք թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Իմ հիմնական մրցակիցը Կարինե Պողոսյանն է: Մարզպետն իր հետ է գնում հանդիպման եւ սատարում է ամեն կերպ:
-Կարինե Պողոսյանին եք համարում Ձեր մրցակիցը այն բանի համար, որ նա ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհի՞ն է, թե՞ այդ մարզում նրան սիրում են:
-Իր բարեկամուհին է. այո՛, բայց դրա մեջ իմաստ կա` նրանով, որ ես հաղթելու եմ, եւ հենց այդ պատճառով եւս, որովհետեւ մարդիկ հոգնել են, ուղղակի այդ մարզն արդեն դարձրել են գենետիկորեն… մենաշնորհ:
-Տեղյա՞կ եք, այժմ հաճա՞խ է Աբրահամյանը մարզում լինում, ինչ-որ հանձնարարություններ տալի՞ս է՝ ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար:
-Ճիշտն ասած` տեղյակ չեմ, ամեն օր հանդիպումներ է ինձ մոտ ու նման բաներով չեմ հետաքրքրվում:
-Իսկ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գնո՞ւմ է հայրենի մարզ, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք նրա հետ:
-Ուրեմն ասեմ, որ ես եղել եմ Կանաչուտ գյուղում, գյուղապետն ասել է, թե Ալիկ Սերգեյիչը ոնց ասի, տենց էլ կլինի: Նա էլ ասել է` Հանրապետականի օգտին կքվեարկեք:
-Վերջերս Աբրահամյանների  գերդաստանի ներկայացուցիչ, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրը մի երեխայի ավտովթարի ենթարկեց, դրա մասին ինչո՞ւ չբարձրաձայնեցիք:
-Լսել եմ, բայց ասում են` ինքը չի եղել ղեկին, մի խառը պատմություն է, լսել եմ, որ այնպես են դասավորել, թե իբր այդ աղջիկը չի եղել ղեկին: Ճիշտն ասեմ` չեմ հետաքրքրվում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս