ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Սա, թերեւս, այն եզակի լուսանկարներից է, որ կարելի է ասել՝ առանց մեկնաբանության. ոստիկանը շոյո՞ւմ է մանեկենին:

 

 
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է մերժվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին քաղաքացու դիմումը:

Արմինե Մանուկյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.
4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ.
5) չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում՝ (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել շուրջ 28.5 հազար ՀՀ քաղաքացիներ: Իսկ 2008-2013թթ. ընթացքում երկիրը լքել է ավելի քան 212000 ՀՀ քաղաքացի: Բնականաբար, նրանց չնչին մասն է դիմել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար, սակայն եթե կարգը դյուրացվի՝ չի բացառվում, որ այդ թիվը կաճի, քանզի արտագաղթողներից շատերը ցանկանում են ձեռք բերել այն երկրի քաղաքացիությունը, որտեղ մեկնել են:

 

 
ՀԱՐՑ. Ինչպես գիտենք, Մեղրի քաղաքը հայտնի է իր անուշահամ մրգերով: Այժմ բնակիչներին անհանգստացնում է Լիճք եւ Տաշտոն համայնքներում ուրանի հանքերի շահագործման փաստը: Կխնդրեի պատասխանել՝ արդյոք ուրանի հանքերի շահագործումը չի՞ ազդի Մեղրի քաղաքի էկոհամակարգի եւ մարդկանց առողջության վրա: Բացի այդ, չի՞ խաթարի տարածաշրջանի այգիների բերքատվությունը՝ որակազրկելով բերքը:

Հասմիկ Ավագյան (32 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տարածքում այս պահին ուրանի հանքավայրի շահագործում չի իրականացվում: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի եւ ուղեկից օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նախագծին» 30.10.2009թ. տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական ԲՓ-108 եզրակացություն:

ՀՀ բնապահպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածում (Հասարակական միավորումների ու քաղաքացիների մասնակցությունն ընդերքի պահպանության բնագավառում) ամրագրված է. «Հասարակական միավորումներն ու քաղաքացիները մասնակցում են ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական մարմիններն ընդերքի պահպանության միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական միավորումների ու քաղաքացիների առաջարկությունները»: Արդյոք նման դեպքերում հաշվի՞ է առնվում քաղաքացիների կարծիքը՝ դժվար չէ կռահել: Առավելեւս, որ հաճախակի նման հանրային քննարկումները կամ չեն իրականացվում, կամ էլ կրում են ձեւական բնույթ:




Լրահոս