ԱՊԱՄՈՆՏԱԺՄՈՒԸ՝ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բնապահպան ակտիվիստները հավաքվել էին Մաշտոցի պուրակում՝ շարունակելով պայքարել ապօրինի տեղադրված «բուտիկների» դեմ: Ակտիվիստների համոզմամբ՝ քաղաքապետը իրենց հետ խոսում է ոստիկանության միջոցով, որի ապացույցն ապրիլի 29-ին տեղի ունեցած բախումն էր:
Նշենք, որ ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում ոստիկանների եւ բնապահպան ակտիվիստների միջեւ տեղի է ունեցել բախում, որի արդյունքում 7 ակտիվիստ բերման ենթարկվել, իսկ երեկոյան՝ ազատ արձակվել: Ապամոնտաժող խմբի անդամները փորձել են քանդել երկաթե պատնեշները, իսկ ակտիվիստները փորձել են վրան տեղադրել: Ոստիկաններն էլ, բնականաբար, ընդվզել են, վերցրել վրաններից մեկը, որի արդյունքում քաշքշուկ է սկսվել:
 «Ժողովուրդ»-ը երեկ եղավ պուրակում եւ խոսեց ակտիվիստների հետ: «Մենք շարունակում ենք պահանջել եւ կպահանջենք, որպեսզի բուտիկները մեկ օր շուտ ապամոնտաժվեն: Իսկ քաղաքապետը մեզ հետ խոսում է ոստիկանի միջոցով: Դա իր իմջի եւ հեղինակության խնդիրն է: Նա չի կարող քաղաքը ղեկավարել»,-ասաց բնապահպան Մերի Խաչատրյանը: Տեղեկացանք, որ երիտասարդները պայքարը կշարունակեն մշակութային միջոցառումների, երթերի, ակցիաների միջոցով եւ նամակագրական կապ կպահպանեն պետական լիազոր մարմինների հետ: «Ամեն իրավախախտում կամ ոտնձգություն թեկուզ մեր նկատմամբ շարունակելու ենք բարձրձայնել»,-ավելացրեց նա:
Նրանք դեռ հստակ չեն որոշել, թե որտեղ պետք է ակցիաներ կազմակերպեն, սակայն խոստանում են, որ «սուր» ակցիաներ կլինեն: Բնասեր ցուցարարները մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ ոստիկանությունը, առանց որեւէ ընթացակարգի հետեւելու, առանց նախազգուշացման, ապօրինի կերպով հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, առգրավել վրանը եւ ձերբակալել 7 հոգու՝ բացատրություն չտալով: «Այդ բոլոր հարցերով մեր իրավաբաններն են զբաղվում, մենք հետամուտ ենք լինելու, որ նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն»,-հայտարարեցին նրանք՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունն իրենց ընկերների նկատմամբ բռնություն է գործադրել:
Երբ մենք այնտեղ էինք, պուրակի ակտիվիստներին Բաղրամյան փողոցից երթով միացավ բնապահպանների մի մասը, որոնք ձեռքներին էին պահել պաստառներ եւ լուսանկարներ: Այնտեղ պատկերված էր, թե ինչպես է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը բռնություն կիրառում ցուցարարներից մեկի նկատմամբ: Իսկ երբ ցուցարարները մոտեցան ապօրինի «բուտիկները» հսկող ոստիկաններին, որպեսզի լուսանկարները փակցնեին տեղադրված երկաթե պատնեշներին, օրինապահները անմիջապես պատռեցին նկարները: Ակտիվիստներից մեկը ոստիկանից պահանջեց հիմնավորել այդ քայլը. «Մենք միշտ օրենքով ենք շարժվում: Ձեր մեջքին ինչ ուզում եք փակցրեք, բայց այստեղ չի կարելի»:
Օրվա վերջում «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ապամոնտաժող խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ հաջորդ ապամոնտաժման գործընթացը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների օրը: «Տրամադրություն կա այգին ապամոնտաժենք մայիսի 6-ին: Դա էլ մեր ընտրությունն է, բայց դեռ վերջնական որոշում չէ»,-ասաց նա՝ նկատելով, որ ոստիկանության համար Երեւանի ամենակարեւոր հատվածը Մաշտոցի պուրակն է:
Եւ այսպես, մի կողմից ակտիվիստները պայքարում են երկաթե «կոնստրուկցիաների» դեմ, մյուս կողմից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարազատ կուսակցության ղեկավարն ամենուր խնդրում է հավատալ իրենց՝ խոստանալով փոխվել: Իսկ Տարոն Մարգարյանի մտածողության եւ տեսակի փոփոխություն ակնկալվո՞ւմ է: Թեւեւս այս հարցն է ամենակարեւորը, որը կօգնի լուծել Մաշտոցի պուրակում ամիսներ շարունակ գոյություն ունեցող խնդիրը:
Հ.Գ. Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մաշտոցի պուրակում մարդկանց հանդեպ բռնություն է կիրառվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս