Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօրվա իր ելույթում անդրադարձավ մարտի 1-ին և հարց հնչեցրեց, թե քանի՞ գլխավոր դատախազ, ՀՔԾ-ի քանի՞ պետ և քննչական խմբի քանի՞ ղեկավար պետք է փոխվի, որ մարտի 1-ը բացահայտվի.
«ՀՀ նոր գլխավոր դատախազը պաշտոնավարում է մեկ տարի, ՀՔԾ-ի պետը՝ տարի ու կես: «Մարտի 1-ի» գործի քննչական խմբի արդեն երկրորդ ղեկավարն է փոխվում: Դեպքերից անցել է 6,5 տարի: Բացահայտված չէ ոչ մի սպանություն, հրազենային վնասվածքներ հասցնելու և ոչ մի դեպք: Ո՞վ կկռահի՝ քանի՞ գլխավոր դատախազ, ՀՔԾ-ի քանի՞ պետ և քննչական խմբի քանի՞ ղեկավար պետք է փոխվի, որ մարտի 1-ը բացահայտվի:
Մինչ օրս խնամքով պարտակում են ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տված պաշտոնյաների ինքնությունը: Նույնիսկ ոչ մասնագետի համար է ակնհայտ, որ չեն կարող չբացահայտվել մի քանի հազար ոստիկանների, զինծառայողների, հատուկ ծառայության աշխատակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի հանգամանքները: Ի՞նչ է մեր օպերատիվ հետախուզական, քննչական ու դատախազական մարմինները պրոֆեսիոնալ անկարողների հավաքատեղի են:
Ինչո՞ւ է ի վերջո երկրի բարձրագույն իշխանությունը հանդուրժում նման իրավապահների: Այս պարագայում բացարձակ անընդունելի ու անհասկանալի է ԱԺ-ի լռությունն ու իներտությունը: Կառավարման պառլամենտական համակարգի անցմանն այսօր կողմնակից քաղաքական մեծամասնությունը համառորեն հրաժարվում է գործադրել պառլամենտի ունեցած վերահսկողության նույնիսկ համեստ ու անվտանգ գործիքները, դրժում մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հրապարակային տրված իր իսկ խոստումը:
Հետևությունը մեկն է՝ իշխող վարչախումբն իր առջեւ խնդիր է դրել ոչ թե բացահայտել ու պատժել մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին ու կատարողներին, այլ ամեն գնով՝ պարտակել ու հովանավորել մարդասպաններին», – հայտարարեց նա: