2012 թվականին ՀՀ-ում նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ԼՂՀ-ում նախաձեռնել է ստեղծել «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը:
Թե ինչու՞ հենց այնտեղ և ոչ Հայաստանում, Armlur.am-ի հետ զրույցում Ա. Ղուկասյանը պարզաբանեց, որ դեռևս 2012թ․ Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ քաղաքագետներ Մանվել Սարգսյանի և Ստեփան Դանիելյանի հետ բազմաթիվ քննարկումների ժամանակ ձևավորվեց այն միտքը, որ առաջիկա տարիների կարևոր քաղաքական խնդիրն է լինելու Հայաստանում և Արցախում ստեղծել նոր քաղաքական ուժեր։
Սակայն հրատապ անհրաժեշտությունը՝ խոչնդոտել Սերժ Սարգսյանին վերարտադրվելու նախագահի պաշտոնում, գրեթե ժամանակ չէր թողել այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու համար։
«Այսօր այդ խնդիրը նույնպես կարևոր եմ համարում և դրա համար աջակցում եմ Արցախի քաղաքացիներ Վարուժան Գաբրիելյանի և Գարիկ Գրիգորյանի նախաձեռնությանը՝ ստեղծել «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը ԼՂՀ-ում։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է նմանատիպ կուսակցություն հիմնադրել նաև Հայաստանում և ձեւավորել նույն քաղաքական հարթակի վրա կանգնած կուսակցությունների միջպետական ալյանս»,- հայտնեց նախագահի նախկին թեկնածուն` հավելելով, որ այդ քաղաքական հարթակին հետագայում միանալու են Հարավային Կովկասի մյուս պետություններում ձևավորվող նմանատիպ կուսակցությունները։ Ա. Ղուկասյանի փոխանցմամբ` դրա համար առկա են բոլոր նախադրյալները. կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, հաստատվել են անհրաժեշտ քաղաքական կոնտակտներ։
Մեր զրուցակիցը կարևոր համարեց այն հանգամանքը, որ այս տարածաշրջանային նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկը սկիզբ է առնում Արցախում։
Մեր հարցին` հնարավո՞ր է արդյոք 2017 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում դնի իր թեկնածությունը, Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ դրա մասին այսօր խոսել վաղաժամ է։ Իր համար այս պահին առաջնային խնդիրն է 2015 թվականին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։
«Այդ ընտրությունների ընթացքից կախված է Արցախի ապագան։ Ըստ Արցախի սահմանադրության` 2015 թվականից ուժի մեջ է մտնում ժողովրդաիշխանության այն կարևոր նորմը, որով պատգամավորներն իրավունք չեն ունենալու համատեղել իրենց աշխատանքը օրենսդիր մարմնում անձնական ձեռներեցության հետ։
Այսինքն` պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ խորհրդարան, և վերջ դրվի բիզնեսի ու պետական կառավարման սերտաճմանը։ Մենք բոլորս գիտենք Հայաստանի օրինակով, թե ինչին է բերում այդ բացասական երևույթը, երբ քաղաքական և տնտեսական լծակները գտնվում են նույն մարդկանց ձեռքերում»,- շարունակելով խոսքն` ասաց Անդրեաս Ղուկասյանը` վստահեցնելով, որ 2015 թվականին Արցախի ժողովուրդը հնարավորություն կունենա ազատվել խամաճիկ խորհրդարանից, վերացնել բիզեսի և պետական կառավարման սերտաճումը և կանգնել իսկական ժողովրդաիշխանական պետություն կառուցելու ուղու վրա:
Հ.Գ. Նշենք, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Արցախի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել վերջին 10 տարում երկրում մշտապես բնակվող ԼՂՀ քաղաքացին:
Հոդված 62. Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: