ՀՌԱԿ-ն ակտիվացել է եւ փոխում է ամեն ինչ` ինչը վերաբերում է «անցյալ կյանքին»: Ըստ կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանի, այսօր Հայաստանում քաղաքագիտական առումով «խուլերի բանավեճ» է գնում. մեկը մյուսի ասածը չի լսում, ամեն մեկն իրենն է ասում: Պարոն Անտինյանի հետ հանդիպեցինք կուսակցության գրասենյակում, որն ապահովված էր աշխատանքային բոլոր պայմաններով, սակայն տեղեկացանք, որ «Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք տեղափոխվել ավելի հարմարավետ գրասենյակ` քաղաքական առումով ավելի մեծ գործունեություն ծավալելուց առաջ»: Երեւան քաղաքում ՀՌԱԿ-ն ունի մեկ գրասենյակ, բայց կուսակցությունը գրասենյակներ ունի նաեւ մարզերում: Սակայն Պարոն Անտինյանը դժվարացավ նշել մի քանի մարզերի անուներ. «Մեր մոտ փոփոխությունը նոր է կատարվել, ասենք, ես այդքան տեղյակ չեմ, քանի որ ժամանակին լինելով փոխատենապետ, ավելի շատ այլ ուղղությամբ եմ տեղեկացված եղել, քան թե կառույցների հետ կապված»: Պարոն Անտինյանի խոսքերով` «կուսակցությունը ֆինանսների հետ կապված այս ընթացքում ակտիվ քայլեր չի արել: Եղածն էլ լիովին բավարար է կուսակցությունը համակիրների ու մտերիմների միջոցներով պահելու համար»: Կուսակցության ատենապետն ասաց, որ ընտրություններին անպայման մասնակցելու են. «Մենք այժմ ունենք մեկ խնդիր. կուսակցությունը հզորացնել եւ բնական բան է, որ եթե քաղաքական գործունեությամբ զբաղվում ես, ուրեմն ցանկություն ունես նաեւ այդ ծրագրերդ հայտնել հանրությանը եւ դրանք կյանքի կոչել, իսկ ընտրություններին եթե չես մասնակցում, ապա այդ դեպքում անհասկանալի ա, ինչո՞վ է զբաղված կուսակցությունը: Իսկ ինչ վերաբերվում է հարցին` միայնա՞կ կմասնակցենք, թե՞ դաշինքով, ապա այդ հարցը կլուծվի համագումարով»: ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ այսօր իրենք ունեն հստակ 20 հազար անդամ: Քաղաքագիտական առումով, թե փաստացի գործունեության առումով կուսակցությունը գտնվում է ընդդիմադիր դաշտում. «քաղաքագիտական առումով եթե կոալիցիա չես կազմել, ուրեմն ընդդիմադիր ես, իսկ մենք հստակ ներկայացրել ենք մեր վերաբերմունքը իշխանության գործունեության նկատմամբ»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ