Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գտնվող տանս դուռը թակեցին: Շեմին երկու տղամարդ էին՝ մեկը շուրջ 40 տարեկան, մյուսը՝ 25: Նրանցից ավագը, բարեւելուց հետո ինձ հարցրեց. «Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում»:
Պատասխանեցի,որ նման դեպքերում պառկում եմ, հանգստանում: Պարզվեց, որ այդ հարցը գրքույկի վերնագիրն էր, որը նրանք տվեցին ինձ: Բացի այդ, տվեցին նաեւ Եհովայի վկաների «Դիտարան» հանդեսը: Նրանք պատմեցին աշխարհի վերջի, Եհովայի թագավորության մասին: Պարզվեց, որ երկու քարոզիչներն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանից էին՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերի բնակիչներ: Նախկինում Եհովայի վկաների քարոզիչները Երեւանից էին Նոեմբերյան գալիս, հիմա արդեն «տեղացի կադրեր» կան:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները զբաղված են հիմնականում ծիսական արարողություններ կատարելով: Այդ արարողությունները կատարվում են մեռած լեզվով՝ գրաբարով, ուստի անհասկանալի են ժողովրդի համար: Մարդկանց հոգիներում առկա բացը լրացնում են Եհովայի վկաները, որոնք չեն զլանում այցելել տներ եւ բնակիչներին քարոզել: Ադրբեջանին սահմանակից տարածաշրջանում զենքը մերժող եհովականների թվի մեծանալը լավ բան չի խոստանում:
Ոսկան Սարգսյան