Հոկտեմբերի 10-ին իշխանափոխություն պահանջելն ուտոպիայի ժանրից է. Ա. Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենասկզբից, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «թեթև» ձեռքով չորս ընդդիմադիր ուժերի միությունն անվանվեց «հրաշալի քառյակ», ես ասացի, որ այդ ձևակերպումը ճիշտ չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ի սկզբանե կանխազգում էր, որ «քառյակը» կփլուզվի:

«Ես ասացի, որ սա միայն չորս ուժեր են, որոնք համագործակցում են, բայց այն հրաշալի չէ, մոռացե՛ք այդ մասին: Քառյակը հիմա էլ գործում է, մենք մի քանի օր առաջ քննարկում ունեցել ենք չորս ուժերով: Հրաշալի քառյակ ասում էին, որ պիտակավորեին»,- ընդգծեց նա:

Ա. Վարդանյանը նշեց, թե երեք ընդդիմադիր ուժերի մարզային այցելությունների համար մեծ թվով վայրեր են ընտրվել, ինչը ճիշտ չէ: Նրա խոսքով, պետք չէ ժողովրդի անունից խոսել և այդպիսի պատասխանատվություն վերցնել:

«Վստահ չեմ, որ այս մարզային այցելություններն օգտակար են: 10-15 օրվա մեջ, երբ պետք է հանրահավաքներ անես ու բոլոր տեղերում նույն բաներն ասել, ի վերջո ինքդ էլ ես հոգնում ու խոսքը մաշվում է: Օրինակ, մենք անում ենք Աբովյանում հանրահավաք , բայց Կապանի 80 %-ը հետևում է: Այնպես չի, որ 19-րդ դարն է և այստեղ ասելուց հետո պետք է գնալ նաև այլ տեղ անել: Եթե մենք մասնակցեինք, ես կառաջարկեի գոնե երեք տեղերում հանրահավաքներ անել, որովհետև այդ էներգետիկան էլ չկա», – վստահեցրեց նա:

Վարդանյանն ուրախ կլինի, որ եռյակի համապետական հանրահավաքը լինի հաջողակ ու մարդաշատ: Հարցին, թե եթե հանրահավաքին իշխանափոխության պահանջ դրվի, ով է բեմում ներկայացնելու ՀՅԴ-ի տեսակետը, Վարդանյանը պատասխանեց. «Որևէ տեղում որևէ մեկը «Դաշնակցությանը» չի ներկայացում, ներկայացվելու է այնտեղ, որտեղ «Դաշնակցությունը» քննարկել և մասնակցություն է ունեցել: Իհարկե, ձեր ասածը ուտոպիայի ժանրից է, բայց ՀՅԴ-ն ներկայացնում է ինքն իրեն»:

Հիշեցնենք, որ երեք ընդդիմադիր ուժեր ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը մարզային այցելություններ են իրականացնում իսկ հոկտեմբերի 10-ին Երևանի «Ազատության» հրապարակում կանցկացնեն համապետական հանրահավաք:




Լրահոս