Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Շանթ Հարությունանի և ընկերների գործով դատական վիճաբանությունների փուլը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը ներկայացրել էր միջնորդություն` իրեն հանրային պաշտպան տրամադրելու մասին: Նիստն այսօր չհետաձգվեց, թեպետ նոր ներգրավված հանրային պաշտպանը` Աղաջանյանը, խնդրեց ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Ա. Պողոսյանը հայտարարեց, որ եթե պետք է նիստը հետաձգվի, ապա ինքը հրաժարվում է պաշտպանից:
Ապա պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպան Արա Զաքարյանը: Իր ճառով պաշտպանը դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կամ, ինչպես ինքն ասաց, «գործի քավորին»:
«Քանի որ մեզ մոտ օրենքն ու իրականությունը հաճախ չեն համընկնում, հետևաբար հնչեղություն ստացած գործերով արդար քննություն չեն ստանում: Չէի ցանկանա ռուս ժողովրդի պես հայտնվել մոլորության մեջ և ասել, թե ցարը լավն է, ճիշտը նրա խոսքն է: Մեծարգո Նախագահ, հիմա ինչ էլ ասեմ՝ անիմաստ է լինելու: Դժվար է գտնել որևէ դատավորի, ով Ձեր խոսքին հակառակ կկենա: Իշխանությունից կախյալ և պատվերն անվերապահորեն կատարող մարմինն այս` դատարանը, միանշանակ Ձեր պատվերն արդեն ստացել է: Եթե սույն գործը քաղաքական չեք համարում, և ուսումնասիրել եք բոլոր կողմերը, ապա թույլ տվեք դատարանն անկախ որոշում կայացնի»,- նշեց պաշտպանը: Վերջինս, հղում կատարելով սահմանադրության համապատասխան կետերին, նկատեց, որ հավաքի անդամների ազատության սահմանափակում կարող է լինել միայն այն դեպքում, եթե հավաքը խախտում է այլ անձանց իրավունքները կամ որևէ այլ կերպ հնարավոր չի լինում հարցին լուծում տալ:
Ապա Արա Զաքարյանն իր ճառում մասնավորապես նշեց. «Դատարանը չի կարող հաստատված համարել, թե երթին մասնակցել են 100-150 մարդ, այլ միայն կարող է հաստատել, որ եղել է մոտավորապես 100 մասնակից: Պետք է նկատել, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին որևէ ոստիկան չի դիմել երթի մասնակիցներին փողոցի երթևեկելի հատված դուրս չգալու կոչով: Եթե իրականում զգուշացրած լիենին, դա գոնե մի քանի ոստիկան կտեսաձայնագրեին, սակայն նման տեսաձայնագրություններ չկան, ինչը ոստիկանների շահերից չի բխում: Եթե ոստիկաններին համոզեն ապացուցել, որ երկրագունդը քառակուսի է, ոստիկանները դա կապացուցեն: Ինքնասիրութուն ունեցող ցանկացած մարդ, ով ոստիկանի կողմից նման վերաբերմունքի արժանա, չի կարող որևէ կերպ չարձագանքել: Դրսևորելով հանցավոր անգործություն` ոստիկանը փորձեց ուժի կիրառմամբ երթը ցրել: Չի կարելի ոստիկանության կողմից, մեղմ ասած, սխալները փորձել ցույց տալ որպես իրավաչափ գործողություններ: Իրականում երթևեկությունը խաթարվել է ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, իսկ մեր պաշտպանյալների գործողությունները կատարվել են իրավաչափության սահմաններում: Իշխանության գործելակերպի դեմ կատարվող գործողությունները խուլիգանություն չեն կարող համարվել: Ոստիկանությունն այդ միջոցառման ժամանակ համարվում է իշխանության կամակատարը, մասնակցի գործողություններն ուղղված չեն հանրության դեմ, ուստի դրանք խուլիգանություն որակել չի կարելի: Եթե չկան խուլիգանական մղումներ, գործողությունը չի կարող որակվել որպես խուլիգանություն: Հայտնի «Մարտի 1»-ին որևէ մեկը չի մեղադրվել խուլիգանություն կատարելու մեջ: Նման դեպքում մեր պաշտպանյալներին խուլիգանության մեղադրանք առաջադրելը նախադեպը չունեցող դեպք է որակվելու: Ինչու՞ մարտի 1-ի գործով մեղադրյալներին խուլիգանության մեղադրանք չի առաջադրվել»: Պաշտպանը խնդրեց արդարացնել իր պաշտպանյալներին:
Ամբաստանյալներ Սևակ Մնացականյանի և Ավետիս Ավետիսյանի պաշտպանը` Կարեն Քալանթարյանը, ներկայացնելով իր ճառն` առանձնացրեց մի քանի կարևոր հանգամանքներ: Այսպես` Սևակ Մնացականյանն ի սկզբանե երթին չի մասնակցել, իսկ մեղադրական եզրակացության մեջ սխալ հանգամանքներ կան ներկայացված: Պարզապես Սևակը եղել է Ավետիս Ավետիսյանի մտերիմ ընկերը, և նրանք երդում են տվել մշտապես իրար նկատմամբ հոգ տանել: Նրա միակ խնդիրը եղել է այն, որ ցանկացել է իր ընկերոջը հանել այդ վիճակից: Պաշտպանը շարունակում է ներկայացնել ճառը: