Ինչու՞ վերջին պահին Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալները հրաժարվեցին իրենց պաշտպանից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ ցանկանում է հրաժարվել իր պաշտպան Կարեն Քալանթարյանի ծառայություններից:

Նշենք, որ պաշտպանական ճառի ընթերցման ժամանակ Քալանթարյանի պաշտպանյալներ Սևակ Մնացականյանն ու Ավետիս Ավետիսյանն անընդհատ խանգարում էին նրան և արժանացան դատարանի նկատողությանը:

Լրագրողների հետ առանձնազրույցում պաշտպանը հայտնեց, որ նման որոշում կայացնելուց առաջ իրեն պետք է հայտնեին, և իրեն ճառի ընթերցման պահին խանգարելն ու ընդհատելն իր համար շատ վիրավորական են: Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալների դժգոհությունները կապված են եղել իրավաբանական դիտարկումներ անելու հետ, այնինչ նրանք խնդրել են մոտենալ հարցին այնպես, կարծես իրականում ամեն բան քաղաքական հետապնդումներից է բխում:

«Այս ամբողջ ընթացքում նրանք պետք է հասկանային` ես կարող էի ներկայացնել նրանց շահերը, թե` ոչ: Այսինքն` նրանք ստիպված չեն եղել ինձ ներգրավվելու իրենց գործով` որպես պաշտպան: Եթե ես քաղաքական դիրքորոշում հայտնեի պաշտպանական ճառի ժամանակ, միևնույնն է ոչինչ չէր փոխվի»,- ասաց պաշտպանը:

Armlur.am-ի հարցին` այս ամբողջ ընթացքում նրանք չե՞ն հասկացել, որ պաշտպանական կողմը քաղաքական դիրքորոշում չի հայտնելու գործի շրջանակներում, որ վերջին պահին միայն ցանկացան նշել դրա մասին, պաշտպանը պատասխանեց, որ ինքը ներկայացել է որպես պաշտպան, ոչ թե որպես կարծիքներ հայտնող:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս