ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱՐԱՐ ԽԱՉԻԿԸ ԾԵԾԵՑ ՈՒ ՉՊԱՏԺՎԵՑ

Պարզվում է՝ «X գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար Խաչիկ Խաչատրյանն անպարտելի է: Վերջինս ամիսներ առաջ «Արաքս» թռչնաֆաբրիկայում իր թիկնազորի պետի հետ մարդ էր ծեծել եւ մնաց անպատիժ:

«Ժողովուրդ»-ն այս տարվա ապրիլի 1-ի համարում գրել էր, որ Խաչիկ Խաչատրյանը (ձվերի Խաչիկ) մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ էր ընկել: Իր սեփական գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի եւ գործարանի սառնարանի մասնագետ, 38-ամյա Վյաչեսլավի խոսակցությունը չէր ստացվել: Եվ որպես «իսկական շեֆ», Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց թռչնաֆաբրիկայի տարածքում ծեծի էր ենթարկել Վյաչեսլավին:
Թե ինչն էր եղել ծեծի պատճառը, փորձել էինք պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից: Սակայն նա դեռ ամիսներ առաջ հերքել էր լուրը՝ ասելով, թե Խաչատրյանի թիկնազորի պետը Հունանն է, բայց իրենց մոտ նման ծեծի դեպք չի եղել:
Դեռեւս ապրիլին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ ծեծի գործով կատարվում է քննություն: Եվ ահա օրերս մեզ հայտնի դարձավ, որ ծեծի գործը կարճվել է ՀՀ քր. դատ. օր. 35 հոդվածի առաջին մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ բողոք չի եղել: Դե, իհարկե, դժվար էր պատկերացնել, որ սառնարանի աշխատակիցն անպատժելիության մերօրյա մթնոլորտում կարող էր բողոքել գործող իշխանությանն ամենատարբեր ծառայություններ մատուցող գործարարի դեմ: Ի վերջո, չի բացառվում, որ Խաչիկ Խաչատրյանը սպառնացել է իր աշխատակցին եւ վերջինս էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար որոշել է իրավական ընթացք չտալ եւ բողոք չներկայացնել իրավապահներին:
Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ գործարար Խաչիկ Խաչատրյանն, ի տես բոլորի, մարդ է ծեծում ու մնում է անպատիժ, իսկ նրա այլ աշխատակիցներ, որ ձու էին գողացել՝ կալանավորվեցին:
Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ, Արմավիրի մարզի Ջրամբար գյուղի բնակիչներ Գեւորգ եւ Վարդան Մկրտչյանները թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների հետ միասին ընկերությունից 890 արկղ հավկիթ էին գողացել՝ Խաչիկին պատճառելով 18 մլն ՀՀ դրամի վնաս: Բնականաբար, այս գործը ոստիկանությունում ամենայն մանրամասնությամբ քննեցին եւ ուղարկեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն գողության մեջ մեղադրվող Մկրտչյանների հորեղբոր կինը՝ Սուսաննա Մկրտչյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե «անհնար է, որ տղաները 18 մլն դրամի վնաս տային ընկերությանը: Ո՞նց կարող է մարդն իր հացի աղբյուրն իր վրա կտրել»:
Բայց քանի որ գործի մի կողմում Խաչիկ Խաչատրյանն էր, ՀՀ ամենաանկախ դատարանը՝ այս դեպքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, թռչնաֆաբրիկայի աշխատակից Գեւորգ Մկրտչյանի եւ Դավիթ Հաբեթյանի պատիժը պայմանականորեն չկիրառեց, իսկ ահա Հովհաննես Մկրոյանը, Սարիբեկ Մկրտչյանը Վարդան Մկրտչյանը դատապարտվեցին 4 տարվա ազատազրկման:
Բայց սրանով չի ավարտվում Խաչիկ Խաչատրյանի եւ նրան պատկանող ընկերությունների կողմից իրականացված ապօրինությունների շղթան: Այս տարվա օգոստոսի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունում եւ պարզել, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երեւանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ-սառնարանից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով ձվերի թաքնված խմբաքանակ են մատակարարել Վանաձոր քաղաք՝ խուսափելով հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից: Արդյո՞ք աշխատակիցներն այս քայլին գնացել էին առանց իրենց տնօրենի իմացության՝ դժվար թե, քանի որ եթե այդպես լիներ, ապա Խաչիկ Խաչատրյանը ժամանակ չէր կորցնի եւ իր աշխատակիցների արարքի համար կդիմեր իրավապահներին: Ի վերջո, նա եւ իրեն պատկանող ընկերությունները ոստիկանություն դիմելու մեծ փորձ ունեն:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր մի լուր այն մասին, որ գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն ժամկետանց ձվեր է վաճառել: Ու թեեւ այս առնչությամբ ունեինք անգամ պաշտոնական հավաստումներ՝ փաստաթղթերի տեսքով, այնուամենայնիվ, երկամյա դատական քաշքշուկի արդյունքում հաղթեց նույն Խաչիկ Խաչատրյանը. դատարանը «Ժողովուրդ» օրաթերթին 10 հազար դրամ տուգանքի դատապարտեց:
Այսպիսով, գործարար Խաչիկ Խաչատրյանը իրավապահ համակարգում մշտապես կարողանում է հաջողության հասնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՌՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ՄՆԱՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, երեկ մերժեց Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց` գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, ինչը, բժշկի պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի եւ Մհեր Դավթյանի համոզմամբ, «վերեւից ստացված դաբրո»-ի հետեւանք է:

Հիշեցնենք, որ անչափահասի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել, ապա որպես մեղադրյալ ներգրավվելով՝ կալանավորվել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: Վանաձորում ձեռքի գնդակի մրցումների մասնակցող 15-ամյա երեւանցի Դավիթ Հովակիմյանի դանակահարության եւ սպանության համար սկզբում մեղադրանք էր առաջադրվել վանաձորցի Կարեն Կունգուրցեւին: Բայց վերջինիս փաստաբանների պահանջով, մահվան անմիջական պատճառի հետ կապված, առաջ էր քաշվել նաեւ վիրահատող բժշկի մեղավորության հարցը: 10 ամիս տեւած նախաքննության ընթացքում նշանակվել են հանձնաժողովային եւ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, եւ ստացվել են 2 հակասական եզրակացություններ:
Առաջինով բժիշկը պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, միանշանակ չէ, որ կկանխվեր մահը, երկրորդով՝ անչափահասի մահը կապված է բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետ: Նախաքննական մարմինը հիմք է ընդունել երկրորդը, Կունգուրցեւին առաջադրված մեղադրանքը վերաորակել է ավելի մեղմ հոդվածով՝ սպանության փորձի, իսկ բժշկի մասով քրգործն առանձին վարույթում առանձնացնելով՝ նրան մեղադրանք է առաջադրել Քրօր. 130 հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը դատարանը կալանավորման որոշում է կայացրել՝ մերժելով պաշտպանի կողմից 500 հազար դրամ գրավի կիրառման միջնորդությունը:
Թեեւ կալանքի որոշումը կայացված է, բայց սեպտեմբերի 10-ին դատարան էր ներկայացվել նոր միջնորդություն՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին: Միջնորդության հետ դատարան էին ներկայացվել փաստաթղթեր՝ տեղեկանք առողջության մասին, բնութագրեր ու երաշխավորագրեր. 61-ամյա բժիշկը 38 տարվա մասնագիտական ստաժ ունի, իր վիրահատություններով բազում կյանքեր է փրկել, խրախուսվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով: Բացի այդ` նա վատառողջ է, ինչի պատճառով «Վանաձոր» ՔԿՀ բուժմասի ստացիոնարում է գտնվում: Համատիրությունների նախագահներն իրենց գրություններով երաշխավորել են, որ, մնալով ազատության մեջ, վիրաբույժը չի թաքնվի իրավապահներից: Նմանատիպ խնդրանք-երաշխավորագրեր են ներկայացրել նաեւ Վանաձորի ԲԿ-ի տնօրինությունն ու աշխատակազմը, Վանաձորի քաղաքապետն ու նրա աշխատակազմը, Լոռու մարզպետը, ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահը, 679 բուժաշխատողներ ամբողջ հանրապետությունից: Բացի այդ, նախկին 500 հազար դրամի փոխարեն, որը դատարանը, հնարավոր է, բավարար երաշխիք չէր համարել պատշաճ վարքագիծ ապահովելու համար, պաշտպանական կողմը, որպես գրավի առարկա, այժմ դատարանին առաջարկում էր մեղադրյալի որդուն սեփականության իրավունքով պատկանող առանձնատունը՝ 60 մլն դրամ արժողությամբ: Սակայն, չնայած այս ամենին, դատարանն անփոփոխ թողեց բժշկի կալանավորման որոշումը:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

 

 
ԲԼԹ

«Մենք պատրաստ ենք բոլորին լսելու, քննարկելու, որի տեսակետը, մոտեցումն օգուտ կբերի երկրի հզորացմանը, ժողովրդի բարելավմանը, մենք պատրաստ ենք անել»:

Գագիկ Ծառուկյան Fnews.am

ԲՀԿ առաջնորդը, ով միշտ «ժողովրդի հետ, ժողովրդի կողքին» է, կրկին հավատարիմ է մնում իր սկզբունքներին եւ իր համար առաջնայինը համարում է ժողովրդի բարելավումը, իսկ այդ բարելավման համար պատրաստ է համագործակցել բոլորի հետ` լինի ընդդիմադիր ՀԺԿ-ն, թե իշխանական որեւէ ուժ, միայն թե երկիրը հզորանա, միայն թե իրենք հզորանան, բարգավաճեն, իրենց բիզնեսները ծաղկեն: Նկատենք, որ Ծառուկյանն իսկապես մտածում է ժողովրդի բարելավման մասին, եւ գուցե դրա համար էլ վերջին նախագահական ընտրություններից առաջ այնքան մտածեց, որ վերջում հանուն ժողովրդի չդրեց իր թեկնածությունը:

 

 

«Օրինակ, ինքս ընդհանրապես տեղյակ չեմ, որ Աբովյանում նան միտինգ է եղել… Նույնիսկ պարոն Շարմազանովի մեկնաբանությունը չեմ կարդացել»:

Գագիկ Մինասյան Orer.am

Երբ շարքային քաղաքացին տեղյակ չի լինում քաղաքական որեւէ իրադարձությունից, թեկուզ «այլընտրանքային հանրահավաքից», դա միանգամայն նորմալ է, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են պարտավոր հետաքրքրվել քաղաքականությամբ: Սակայն այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե շարքային քաղաքացու, այլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի, քաղաքական գործչի հետ: Իսկ այն, որ քաղաքական գործիչը տեղյակ չէ իր երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունից, դա նույնն է, ինչ, օրինակ, երաժիշտ համարվողը չիմանա նվագել, կամ բժիշկը բուժի պացիենտին` տեղյակ չլինելով նրա հիվանդությունից:

 

 

«Չեն տալիս, դրա համար պետք է պատժվեն… Շատ էլ լավ գիտի, թող պատժի»:

Աշոտ Աղաբաբյան Armlur.am

Այն, որ ՀՀԿ-ական գործարար-պատգամավորը վերջերս հաճախ է «անկեղծանում» եւ իր թիմակիցների շահերից չբխող մտքեր է արտահայտում, դա նորություն չէ: Վերջիվերջո, Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի աներձագն է: Բայց աներձագի մոտ կարծես թե ավելի մեծ առաջընթաց է նկատվում, հիմա էլ նա կոնկրետ իր գործընկեր օլիգարխների, նաեւ կառավարության բոստանն է քարը գլորում: Նա, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության մասին, արձանագրում է, որ խոշոր գործարարները մանրներին համապատասխան փաստաթուղթ չեն տալիս, դրա համար էլ թող խոշորին պատժեն, ոչ թե մանրին: Ինչ խոսք:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս