Արդեն հայտնել էինք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Դատական կարգադրիչների գործով դատական քննությունը:
Դատակոչված վկա Սամվել Ալեքսանյանը խնդրեց դատարանին հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, քանի որ ինքը հիշողության հետ խնդիրներ ունի: Ապա նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հարց հնչեցրեց, թե եղե՞լ է արդյոք նրա գործավարման ընթացքում դեպք, որ որևէ մեկը նշված լինի որպես աշխատող, սակայն աշխատանքի ներկայացած չլինի, և վկան պատասխանեց, որ 2010-2011 թթ ընթացքում եղել են 4 անձինք, ովքեր ձևակերպված են եղել իր ստորաժանումում, սակայն աշխատել են այլ ստորաբաժանումներում:
«Ես այդ ընթացքում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանում ստորաբաժանման պետն էի: Ամբաստանյալներ Գրիգորյանին և Մովսիսյանին ճանաչում եմ ԱԱԾ-ում աշխատելու տարիներից, նրանց հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ, կարելի է ասել: Աշխատողների չներկայանալու դեպքում դիմում էի առաջին տեղակալ Գրիգորյանին, իսկ Մովսիսյանն ինչ իմանամ՝ ինչով էր զբաղվում: Հիմնարկի ղեկավարն ինչով պետք է զբաղվի, ինքն իր տեղակալներն ունի»,- ասաց վկան, իսկ պաշտպանական կողմի հարցին` հնարավո՞ր է նրան ուղղորդել են ցուցմունք տալուց առաջ, վկան պատասխանեց. «Ես այն տարիքի մարդը չեմ, որ ինձ ինչ-որ մեկը գա ուղղորդի՝ ես գամ դատարանում ցուցմունք տամ, ես երեսուն տարի աշխատել եմ, էսօր եկել եմ ինչ-որ…..»,- խոսքը կիսատ թողեց վկան:
Իսկ վկա Վիկտորյա Կարապետյանը հայտնեց, որ աշխատանքի ընդունվելու համար իր ծանոթը դիմել է Միսակ Մարտիրոսյանին և առանց որևէ «մաղարիչի» ընդունվել է արխիվապահի պաշտոնում աշխատելու:
Այս վկային ևս Միսակ Մարտիրոսյանը հարց ուղղեց` ինչպես հայտնվեց նա վեցերորդ վարչությունում, և վկան ասաց, որ իրեն հրավիրել էին 5 րոպեով պարզաբանում խնդրելու, սակայն ինքը մոտ 8 ժամ մնացել է բաժնում:
Նախագահողի հարցին, թե ինչ կասի ռուս թագավոր Նիկոլայի պատկերով ոսկե մետաղադրամի մասին, վկան ասաց, որ աշխատանքի ընդունվելու համար պետք է քննություն հանձներ, և այդ օրը եղել է Միսակ Մարտիրոսյանի ծնունդը, ու այս առիթով որոշել է նրան նվեր անել:
Միսակ Մարտիրոսյանը խնդրեց նկարագրել մետաղադրամի տեսքը, վկան ասաց, որ այն եղել է փաթեթավորված, կոնյակի հետ ընդհանուր տոպրակի մեջ դրված: Նախաքննությամբ ասվում էր, որ ոսկու կտորը եղել է 4 գրամ, իսկ դատարանում ասաց` 5 գրամ: Էական հակասություն էր նաև այն, որ ի տարբերություն նախաքննական ցուցմունքի, որի ժամանակ ասել էր, որ այն գնել է, դատաքննությանն ասաց, որ երեք տարի առաջ նվեր է ստացել ամուսնու կողմից:
Ի դեպ, հրապարակվեց նաև վկայի տված հայտարարությունը, որում ասվում էր, որ ոսկե մետաղադրամը 4.3 գրամ է, իսկ փորձագետները հայտնել են, որ այն հնարավոր էր գնել 230 ԱՄՆ դոլարով, թեպետև վկան իր ցուցմունքում ասաց մոտավորապես 400$ արժեր ոսկու նշված կտորը:
Խնդրելով նկարագրել Նապոլեոն կոնյակի տեսքը` Միսակ Մարտիրոսյանը նշեց, որ նախաքննության ժամանակ Կարապետյանն ասել է, որ այն կես լիտրանոց, 3000 դրամանոց կոնյակ էր:
«Հայտարարության մեջ նշվում էր՝ ինքն իմացել է, որ Վարչական դատարանում կա արխիվային աշխատողի ազատ հաստիք, և իր ծանոթի միջոցով, ում չի հիշում, իմացել է, որ ընդունվելու համար անհրաժեշտ է մաղարիչ: Հայտարարության մեջ ասվում է, որ Միսակ Մարտիրոսյանն իրենից 500 ԱՄՆ դոլարի չափով մաղարիչ է ուզել»,- ասաց Միսակ Մարտիրոսյանը, իսկ վկան ասաց, որ նման բան չի եղել, ոստիկանությունում են ուղղորդել իրան:
Ապա հրապարակվեցին սույն գործից առանձնացված մյուս գործին որպես մեղադրյալներ ներգրավված Էդուարդ Հովհաննիսյանի և Նորայր Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները: