Հրապարակվել է Բոլոնիայի երևանյան գագաթնաժողովի տարբերանշանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրապարակվել են 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի /լոգո/ մրցույթի արդյունքները:

Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարբերանշանի մրցույթին մեծ է եղել երիտասարդ մասնագետների մասնակցությունը` հաշվի առնելով, որ Բոլոնիյաի գործընթացը խորհրդանշում է երիտասարդների միասնությունն ու շարժունությունը. “Մրցույթում առաջադրված պայմանը հետևյալն էր. տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Մրցութային հանձնաժողովն արդեն առանձնացրել է լավագույն եռյակը, որոնցից առաջին տեղը գրաված տարբերակը ներկայացվելու է Եվրոպայում, իբրև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի լոգո: Այն կներկայացվի նաև նոյեմբերին` Հռոմում կայանալիք Բոլոնիայի հետամուտ խմբի նիստի ժամանակ:

Դրանից հետո Հայաստանի` իբրև Բոլոնիայի քարտուղարությունն ստանձնած երկրի, բոլոր միջոցառումները մինչև 2015 թվականը՝ քարտուղարության ժամկետի ավարտը, կանցկացվեն այդ տարբերանշանի ներքո՝ միջազգային հարթակներում արտացոլելով Հայաստանն իբրև հյուրընկալող երկիր, և Երևանը` իբրև եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք”,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Այնուհետև մրցութային հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված երեք տարբերակների հեղինակները ներկայացրել և ցուցադրել են իրենց աշխատանքները:

Հաղթող է ճանաչվել Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Լուիզա Պետրոսյանի առաջարկած տարբերակը: Այստեղ, իբրև Հայաստանի խորհրդանիշ, ընտրված է նուռը, աստղի պատկերը վերցված է Բոլոինայի տարբերանշանից, և այս երկու խորհրդանիշի համաձուլմամբ ու համադրմամբ ստացվել է վերջնական տարբերանշանը, որի ներքո անցկացվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի երևանյան նախարարական գագաթաժողովը: Շնորհավորելով հաղթողին՝ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և նշել, որ տարբերանշանի մրցույթում երկրորդ տեղը գրաված տարբերակը, հեղինակի՝ Արման Հակոբյանի համաձայնությամբ, ՀՀ ԿԳՆ-ն նվիրել է ԼՂՀ ԿԳՆ-ին, որն արդեն օգտագործվել է “Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում” միջազգային համաժողովի ժամանակ, որտեղ հյուրընկալող երկիրը ԼՂՀ-ն էր:

Մրցութային հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ամփոփելով մրցույթի արդյունքները, հաղթող է ճանաչել Լուիզա Պետրոսյանին /1-ին տեղ/, Արման Հակոբյանին /2-րդ տեղ/ և Նորա Սմբատյանին /3-րդ տեղ/: Հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ համապատասխանաբար՝ 300 հազար դրամ, 200 հազար դրամ, 100 հազար դրամ: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` մրցույթի մասնակիցներից Մարիետա Հարությունյանը, Մարիանա Սարգսյանը և Գևորգ Բալյանը պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով: Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը պատկանում է ՀՀ ԿԳՆ-ին. այն կհրապարակվի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կօգտագործվի մայրաքաղաքում` իբրև արտաքին գովազդի պաստառ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն




Լրահոս