Բարձրաստիճան պաշտոնյաի վարորդը՝ մահվան ելքով վրաերթի պատճառ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ “Մամա Ֆլորա” ծաղկի սրահի դիմաց “Տոյոտա Լանդ Քրաուզեր” մակնիշի 01 VV 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոմեքենան փորձել է հետ ընթանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել վրաերթը։ Վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ 33-ամյա Արման Ավետիսյանը, ում քիչ առաջ Սբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը տեղափոխեց Նոր Նորքի Ոստիկանություն։ Հիվանդանոցում վրաերթի ենթարկվածը, ում անունը ըստ վրաերթի վայրում հավաքված մարդկանց պատմածի, Տոմա է, գիտակցության չգալով մահացավ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից ինչ-որ գնդապետի։ Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական գործողություններ՝ պարզելու վրաերթի ենթարկված անձի ինքնությունը։




Լրահոս