Ժառանգության կուսակցության նախնական գնահատականը` մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ “Ժառանգություն” կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, ուր նշվում է, որ ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
Ընտրակաշառքների և կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:
Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի որոշ համայնքներում և անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպես և որոշ մարզպետների կողմից: Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան տների և բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում՝ Երևանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության և փիլիսոփայության համատարած ոտնահարում էր: Հիմնավոր կասկածներ կան, որ Ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական և ,լրացուցիչե ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք` նույն ընտրախախտման ապահովմանն էր միտված, ընդամենը, 1-2 ժամ տևած այնպիսի մի ,մանրուքե, ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ, նույն օրը` մայիսի 6-ին, “Ժառանգության” նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Մենք նաև մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ: Ու թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես և նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը: Ընտրական հանձնաժողովներում “Ժառանգության” ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսև ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո, մենք վերջնական գնահատական կտանք թե” պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը և թե” մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին՝ ընդհանրապես:




Լրահոս