«Ժողովուրդ»-ը օրեր առաջ հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Սերոբ Դեր -Բողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Երեկ արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդականի նկատմամբ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելուն` սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Եւ եթե հաստատվի այս մեղադրանքը, ապա սփյուռքահայ գործարարին սպասվում է կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` մեկից երեք տարի ժամկետով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Ս.-Գ. Դեր-Բողոսյանը «2009-2010թթ. ընթացքում, կոմբինատի վարչական շենքի բնակելի տարածքում եւ Ախթալա քաղաքում գտնվող իր տանը, Ա. Ջ.-ին եւ Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն եւ համասեռամոլության»: Երեկ արդեն խոսակցություններ էին պտտվում, որ գուցե նախկին բարեգործ Դեր-Բողոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ավելի ծանրացվի: Նշենք, որ մանկապիղծին իրավապահները հրավիրել են ԱԱԾ, ապա տեղում կալանավորել: Լուրը լսելուց հետո «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» աշխատակազմը անմիջապես փակել է աշխատասենյակների դռներն ու հեռացել: Ողջ ընկերությունը այսօր քաոսային իրավիճակում է: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Սերոբը հասցրել է այս օրերի ընթացքում որոշ բաներ ձեւակերպել հարազատ կնոջ` Մադլեն Թաշչյանի անունով: Իսկ թե դա ինչով կօգնի նրան` հետագա սնանկացումից խուսափելու համար, այս պահին դժվար է ասել: Սերոբ Դեր-Բողոսյանը, որն այսօրվա իշխանության գրեթե բոլոր կարկառուն ներկայացուցիչների երբեմնի մտերիմն ու հարազատն էր, այսօր մերժված է բոլորի կողմից: Անգամ նրա տված թանկարժեք նվերները որեւէ ձեւով չեն օգնում:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ