ՌԵԺԻՄԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզարշավն ամփոփեց Ազատության հրապարակում մեծ հանրահավաքով ու Երեւանի կենտրոնում հզոր երթով: Մինչեւ Կոնգրեսի հանրահավաքը, Մատենադարանին հարող հարթակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց իր կուսակիցների հետ, սակայն հորդառատ անձրեւի պատճառով այս հավաքը նախատեսվածից կարճ տեւեց: Ու ավելի ուշ ԲՀԿ-ականների մի մասը երեկ միացավ Կոնգրեսին: Սակայն երեկվա հանրահավաքը տարբերվում էր ոչ միայն իր մարդաշատությամբ, այլեւ՝ էներգետիկայով:
Այս անգամ առաջինը ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության անդամ, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ  Աշոտ Սարգսյանը: Նա, անդրադառնալով ՀՀԿ-ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, ասաց, որ եթե դրանից մի քանի տառ հանենք, ապա ստացվում է «հավատափոխենք»։ Նա նշեց, թե ՀՀԿ-ն խախտել է աստվածաշնչյան բոլոր պատվիրանները՝ գողացել ժողովրդից, սպանել հայրենակիցներին՝ մարտի 1-ին կրակ բացելով անզեն ցուցարարների վրա եւ այդպես շարունակ: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ նշեց, թեԿոնգրեսը եղել է ՀՀ բոլոր մարզերում եւ շուրջ 40 հանրահավաք անցկացրել։ «Հանդիպումների ժամանակ մենք զգացինք 88-ի շունչը, ժողովուրդը իր կամքով է որոշում իր ապագան»,-նշեց նա:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ինքը բազմիցս բանավեճի է հրավիրել Տիգրան Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին, սակայն նրանք մերժել են: «Հիմա էլ փնթփնթում են, թե մայիսի 6-ից հետո կպատասխանենք: Մայիսի 6-ից հետո ինչո՞ւ եք պատասխանում, ապրիլին պատասխանեիք»,-ամոթանք տվեց նա: Բագրատյանը նշեց, որ արդեն ընթանում է տեսակի պայքար, եւ չպետք է թույլ տալ ռեժիմի տեսակի էվոլյուցիան: «Մեկ մարդու պես բոլորս ձայնը տալիս ենք ՀԱԿ-ին, ոչ մի ձայն ՀՀԿ-ին, հերիք է, վերջացնենք այս պատմությունը, սրանց նմանները չպետք է հաղթեն: Մայիսի 6-ի ընտրություններից հետո ՀՀԿ իշխանություն չի լինի, մայիսի 6-ից հետո գալիս է մայիսի 7-ը, 8-ը, դրանց վերջը գալիս է»,-ասաց Բագրատյանը:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսն այս ընտրություններում ունի առավելագույն եւ նվազագույն ծրագրեր: Նվազագույնը, նրա խոսքերով, կառավարությունը ապահանրապետականացնելն է: «Սերժ ու Տիգրան Սարգսյանների ձեւավորած կառավարությունը, զանազան ոլոլորտներում ունեցած իր ձախողումներով ոչ թե պետք է հեռանա, այլեւ ՀՀԿ-ն չպետք է ընդհանրապես հնարավորություն ունենա կառավարություն կազմելու, դրա համար կոալիցիան պետք է պարտվի»,-նշեց նա: Իսկ առավելագույն ծրագիրը, ըստ Փաշինյանի, այն է, որ Կոնգրեսն ԱԺ ընտրություններից պետո պետք է կառավարություն ձեւավորի: Իսկ դրա համար, անհրաժեշտ է, որ ԱԺ-ում Կոնգրեսը մեծամասնություն լինի: Նա իրատեսական որակեց այդ ցանկությունը. «ՀԱԿ-ն անկեղծ ընտրողների ամենամեծ բանակն ունի, նրանք առաջնորդվում են ոչ թե նյութական, այլ քաղաքացիական սկզբունքներով»: Փաշինյանը կրկին խոսեց «30 վայրկյան»-անոց հեղափոխության մասին՝ շեշտելով, որ այս հեղափոխությունը ժողովրդից մեկ բան է պահանջում՝ քվեարկել Կոնգրեսի օգտին: «Ընդամենը 30 վայրկյան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի չորս տարվա անխոնջ պայքարի համար, ընդամենը 30 վայրկյան՝ Սասուն Միքայելյանի՝ երեք տարվա ազատազրկման համար: Ընդամենը 30 վայրկյան. ընտրելով ՀԱԿ-ին՝ դուք մի մեծ քար կդնեք ազատ ու արդար Հայաստանի պատին»,-ասաց նա:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, նշեց, թե ժողովուրդը դուրս է եկել թմբիրից: «ՀՀԿ-ն մեկուսացման մեջ է հայտնվել, ռեժիմն արագորեն կորցնում է իր քաղաքական հենարանը»,-հայտարարեց Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ հաղթանակի համար: «Մենք պատրաստ ենք ազատություն նվաճել մեր երկրի համար, սա իրականում հոգեւոր հեղափոխություն է, հոգեւոր պատերազմ է` օրինականության եւ կրիմինալիզմի մեջ»,-հայտարարեց նա:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախ մեջբերեց աստվածաշնչյան խոսքը՝ «ուրիշի հետ վարվի՛ր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն»: Նա նաեւ նշեց, որ ժողովրդի քվեն իր խիղճն է, իսկ խիղճը չի վաճառվում. «Ընտրության գնալուց առաջ մտածե՛ք՝ ուր, ինչու եւ ինչ նպատակով եք գնում: Եթե գնում եք՝ վախենալով ձեր գյուղապետից, մեծ ու փոքր պետերից, եթե գնում եք ընտրելու, որովհետեւ ձեզ համար մեկ է՝ ով է լինելու ձեր պատգամավորը, ուրեմն վերցրե՛ք ընտակաշառք՝ ինչքան կտան, բայց հետո չասեք, որ ձեզ խաբել են, որովհետեւ իրենք տվել են, դուք վերցրել եք, դուք իրենցից ոչնչով չեք տարբերվում: Գոնե մի անգամ հայի հետին խելքը դարձրե՛ք հայի առաջին խելք»։
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակը փոխելու համար հարկավոր է մասնակցել ԱԺ ընտրություններին: «Եթե ուզում եք փոփոխություններ, ապա մայիսի 6-ին պետք է մերժեք նվաստացուցիչ ընտրակաշառքը ու ընտրեք բանիմաց ու գիտակից քաղաքական ուժին: Ես կոչ եմ անում քվեարկել ՀԱԿ-ի օգտին, քանի որ այն կարողանում է ժողովրդի ուժը ճիշտ նպատակաուղղել»,-ասաց նա:
Նշենք, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն մայիսի 8-ին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս