Մինչ այժմ քառյակը ընդդիմադիր խորհրդարանական ուժերի միավորում էր, որը հսկայական աշխատանք կատարեց: Երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ասաց՝ այսօրվանից այդ չորս ուժերի միավորումը վերածվել է համաժողովրդական շարժման՝ բնականաբար, իր առջև դրված և համակարգային լուծում պահանջով խնդիրներով:
«ՀԺԿ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը շարունակում են համագործակցությունը, Դաշնակցությունը ինչ-ինչ պատճառներով չի համաձայնվել մաս կազմել մեզ, և մենք հարգանքով ենք վերավերվել այդ դիրքորոշմանը: Հրաշալի քառյակը հիմա էլ շարունակում է մնալ հրաշալի քառյակ:
Ռոբերտ Քոչարյանը և ՕԵԿ-ն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ հետ պայքարել սարգսյանական ռեժիմի հետ, թող պայքարեն, իրենց ոչ մեկ չի խանգարում:
Ի հեճուկս վարչապետի և ոստիկանապետի, ովքեր մեզ մեղադրում են հրահրելու մեջ, ասեմ, որ շարժումը հաստատակամ է գործելու սահմանադրության և օրենքների համատեքստում: Մենք իշխանություններին երբեք անտեղի վատ բան չենք ասելու. եթե գող են, ասելու ենք գող, եթե կաշառակեր են, ասելու ենք կաշառակեր, եթե տգետ են, ասելու ենք տգետ և այլն», – ընդգծեց ՀԱԿ ղեկավարը:
Անդրադառնալով իրենց կողմից ներկայացրած 12 կետերին՝տեր-Պետրոսյանը նշեց, թե իրենք միամիտ չէին, որ մտածեին, թե իշխանություններն իրենց պահանջները կատարելու են: