ՄԱՇՏՈՑՅԱՆ ՈՐԱԿԻ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ երկրի նախագահի այցը Մաշտոցի պուրակ պետք է արհամարհել:
-Դուք բնապահպան ակտիվիստների հետ երկար ժամանակ պայքարեցիք Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման համար, սակայն այդ ամենից հաղթանակով դուրս եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-Հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանի նման քայլերն իր PR-ի կամ ռեյտինգի բարձրացման համար կարեւոր լինեն, ուղղակի այդպիսի բանով հնարավոր չէ մեր երկրում իրենց PR-ն անել: Նման բան կարող է լինել այնպիսի երկրում, որտեղ կա քաղաքական դաշտ, քաղաքական գործընթաց, սակայն այս երկուսն էլ մեր երկրում բացակայում են: Իսկ մեզ ընդհանրապես չի հետաքրքրել մեր շարժման դրոշի PR-ը անել: Մենք հասել ենք մեր առջեւ դրված խնդրի լուծմանը, այդտեղ ձեւավորվել է քաղաքական նոր հարթակ, որը մեզ հետաքրքրել է: Մենք կուսակցություն չենք, որեւէ ուժի հետ մրցակից չենք. մեզ հետաքրքրում են արդյունքներն ու պրոցեսները:
-Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ տվեց Մաշտոցի պուրակի պայքարը՝ գլոբալ իմաստով (բացի տաղավարների ապամոնտաժումը):
-Այս 18 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հասարակությունն իր կամքն է թելադրել գործող վարչախմբին: Բազմաթիվ անգամ եղել են լարումներ, խռովություններ, սակայն միշտ հասարակությունն է նահանջել: Կարող է նրանց մոտ ինչ-որ թվացյալ հաջողություն է համարվել, սակայն կարծում եմ, որ դա փաստացի ոչ մի նշանակություն չի ունեցել: Իսկ մեր հորդորն այն է, որ ընդհանրապես արհամարհեն, թե առհասարակ այդ օրը Սերժ Սարգսյանը եկել է կամ չի եկել պուրակ: Ուղղակի անիմաստ է այդ ամենին նշանակություն տալ: Կարեւորությունը մեկն է` այն, որ խնդիրը լուծվեց, եւ այդ տաղավարները պուրակից մաքրվեցին:
-Փաստորեն, երկրի ղեկավարի միջամտությամբ լուծվեց տեղական ինքնակառավարման ոլորտի խնդիրը: Արդյո՞ք սա պլանավորված չէր:
-Չէ՛, մենք ունեցել ենք տեղեկություն, որ նա, երկար ժամանակ հետեւելով այս պրոցեսին, այսպես ասած` ընկել էր պրինցիպի: Գողական բարքերով ապրող այս «էլիտան» խնդիր էր դրել, որ մինչեւ մայիսի 6-ը ոչ մի նահանջ, բայց դուք հավատացա՛ծ եղեք, որ նա պարտադրված է նահանջել: Եւ ոչ միայն նահանջել է, նաեւ պարտադրված եկել է այգի՝ դեպքի վայր, այն դեպքի վայր, որտեղ տեղի էր ունենում մտավորականների քաշքշոց, որի ժամանակ անգամ արյուն է թափվել. կադրերը կարող եք տեսնել: Ինքը եկել էր դեպքի վայր եւ հայտարարեց իր կապիտուլյացիան: Ովքեր կարծում են, որ կատարվածը նրա օգտին է, չարաչար սխալվում են: Իմ գնահատականն այն է, որ մեր երիտասարդությունը, մաքրելով Մաշտոցի պուրակը, ոչ միայն ապամոնտաժեց այդ տաղավարները, այլեւ սկիզբը դրեց օլիգարխիկ համակարգի ապամոնտաժմանը:
-Սոցիալական ցանցերում եւս քննարկվեց պուրակի ապամոնտաժման հարցը, եւ խոսվեց այն մասին, թե այս ամենը պլանավորված է եղել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից: Ինչպե՞ս եք արձագանքում նման դիտարկմանը:
-Ուրեմն, մեր օրերում երբ ինչ-որ անցուդարձ է տեղի ունենում, անպայման «խելոք» մարդիկ փորձում են կապել այս կամ այն դրսի կամ ներսի ուժի հետ: Այդ գնահատականը տվող մարդիկ, ստրկամիտ լինելով, իրենք չեն պատկերացնում,  հնարավոր չեն համարում, որ այդ ամենը կարող է ինքնուրույն լինել: Չեն պատկերացնում, որ Հայաստանում ձեւավորվել է երիտասարդական մի խումբ, որն ինքնուրույն է, եւ այդ ինքնուրույն ուժի դեմ գործող համակարգը ոչ մի ռեսուրս չունի: Եւ այս նոր մաշտոցյան որակի շարժման առաջընթացն անխուսափելի է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս