«Օգնենք եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը սեպտեմբերի 28-ին Իրաքի եզդիներին օգնելու նպատակով օգնություն հավաքեց, այսօր կանգնել է այն տեղ հասցնելու խնդրի առաջ: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահին երկու մեծ բեռնատար օգնություն է հավաքել, սակայն այն չեն կարողանում տեղ հասցնել:
«Պատճառն այն է, որ Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանը: Այն պետք է իրենք տանեին սիրիական Նավռոզ ճամբարը, որտեղ 100 հազարից ավել եզդիներ կան»: Նա նաեւ նշեց, որ մոտ օրերս եզդիների երկու ընտանիք Թուրքիայի սահմանն անցել են, սակայն վրացական անցակետում նրանց թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան. վիզա չեն ունեցել: «Բանն այն է, որ Վրաստանը սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմը փոխել է: Երկու ընտանիքն էլ ցանկանում էին գալ Հայաստան, սակայն դա նրանց չի հաջողվել, եւ նրանք նորից հետ են վերադարձել: Կարծում եմ՝ այնտեղի եզդիական համայնքն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի»,-ասաց Բորիս Մուրազին:
Զրույցի ավարտին նա փոխանցեց, որ Թուրքիայում Իրաքից եկած եզդիները կացարանի խնդիր ունեն: