Լավ երգը ծանր հրետանի է. Գուսան Հայկազուն. (ֆոտո,տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը (Գագիկ Ստեփանի Նազարյան) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց ռազմահայրենասիրական երգերի նշանակության եւ անհրաժեշտության մասին:

hqdefault

– Ռազմահայրենասիրական երգերի ազդեցության ու նշանակության մասին կխոսե՞ք:

Ընդունված խոսք է, որ պատերազմների ժամանակ լավ երգը նման է ծանր հրետանու: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ հայրենասեր լինելը պարզապես անհրաժեշտություն է: Շատ երկրներ ռազմահայրենասիրական երգերի կարիք պարզապես չունեն էլ: Օրինակ` Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսատանն անհրաժեշտություն չունեն նման երգեր ունենալու: Ճիշտ է` պատերազմը կարող է սպառնալ ցանկացած երկրի, բայց այնքան, ինչքան մենք ունենք այդ վտանգը, որեւէ երկիր չունի: Ռազմահայրենասիրական երգերը ոգեշնչում են, հայրենասիրություն ներարկում: Արցախյան ազատամարտի տարիներին ռազմահայրենասիրական երգերը մեր սահմանապահներին մեծ լիցք ու պայքարելու մոլուցք տվեցին: Հենց այդ տարիներին էր, որ ստեղծվեց «Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք» երգը: Իրո՛ք, մեծ է այդ երգերի ազդեցությունը:

MHM73272-copy

– Զինվորների մարտական ոգին բարձր պահելու համար եղե՞լ են պատվերով երգեր, թե՞ եղած երգերը բավական են, եւ անպայման պետք է պահը հասունանա, ասենք, Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակ ստեղծվի, որ նման երգեր ստեղծվեն եւ տարածվեն:

-Այո՛, այդպիսի երգերի անհրաժեշտությունը մեծ է: Շատ հաճախ լինում է, որ պատվիրում են այդպիսի երգեր հեղինակել, բայց կոնկրետ իմ պարագայում չի եղել: Ռազմահայրենասիրական երգեր ստեղծագործելու միտքը հղանում է ակամայից: Շուրջ տասը քայլերգեր եմ հեղինակել, որոնք քսանհինգ տարի շարունակ ոգեւորել են մեր հայրենակիցներին: Լավ երգն ինքնաբերաբար է ծնվում: Այն, որ նստում, գրում ես, սարքովի է, իսկ սարքած երգը չի ընդունում ժողովուրդը: Իմ երգերի մեծ մասը հենց պատերազմի ժամանակ է ծնվել: Գիտեք՝ ժամանակն է երգը թելադրում: Երբ Գետաշենը կռվում էր, Գետաշենի մասին երգ էր պետք, երբ ողջ ազգը վանկարկում էր՝ հայեր միացե՛ք, միասնության երգ էր պետք, երբ պատերազմի դաշտում խուճապ էր, դժվարություններ կային նաեւ թիկունքում, պետք էր երգել՝ հպարտ գնացե՛ք: Իսկ «Պիտի գնանք վաղ թե ուշ»-ը մեր հավերժական երազանքի երգն է: Բացի այս, երգի հաջողությունը նրանում է, որ ժողովրդի լեզվով խոսես ժողովրդի հետ, ճռճռան բառեր, սարքած մտքեր պետք չեն: Դրա համար են իմ երգերն արագ ընդունվում:

g_image

-Մեր հասարակությունը սիրո՞ւմ է այդպիսի երգեր լսել, կատարել: Ձեր գնահատմամբ` ովքե՞ր են հոգով ու նվիրումով կատարում այդպիսի երգերը:

-Այո՛, սիրում է: Կարող եմ ասել, որ նույնիսկ շատ է սիրում: Պետք է մի շատ կարեւոր բանի մասին էլ խոսեմ: Իրականում ռազմահայրենասիրական երգերը պետք է ամենուր լինեն: Յուրաքանչյուրին է պետք այդ ոգով վարակել: Օրինակ` ես եւ մեր խումբը բազմիցս հանդես ենք եկել տարբեր հարթակներից եւ տարածել ու տարածում ենք հայրենասիրական երգ ու երաժշտություն: Մանկապարտեզներից է պետք սկսել այդ ամենը: Հետո գնալ դպրոցներ, համալսարաններ, մարտական դիրքեր, զորամասեր…Ամենուր, ամեն տեղ է պետք տարածել հայրենասիրությունը, իսկ հայրենասիրական երգն էլ դրան տանող լավագույն ճանապարհներից է: Հավատացե՛ք՝ երբ շրջում ենք այդ տեղերով, համոզվում ենք, որ, իրոք, մեր ազգը սիրում է այդպիսի երգեր: Հետաքրքիր մի բան ասեմ. ռազմահայրենասիրական երգը կարող է արթնացնել շատ խորը քնած հայրենասիրությանը եւ մղել լուրջ գործողությունների: Ռազմահայրենասիրական երգեր կատարողից էլ է շատ բան գալիս: Պետք է վարակիչ լինի այդ ոգին: Հոգուց ու սրտից բխի, զուրկ լինի ձեւականությունից: Մեր երգարվեստում նման երգերը բավականին լավ կատարողներից են Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Մկրտիչ Մկրտչյանը:

thumbnail

-Դուք եւ Ձեր համույթը մասնակցելո՞ւ եք Էրեբունի-Երեւան տոնակատարությանը:

-Ո՛չ, չենք մասնակցելու: Ցանկությունս մեծ է, բայց հրավեր չունենք:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 




Լրահոս