ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵՑ 1013-ՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս դրանք վերացնելու համար մինչեւ մայիսի 1-ը քաղաքացիները կարող էին դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ իրենց հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:
ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրու բաժանմունքից ստացված տեղեկության համաձայն՝ անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարել է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ: Ընտրական ցուցակների վերջնական տարբերակներն արդեն պատրաստ են, եւ ընտրական տեղամասերի ղեկավարները դրանք ստացել են անձնագրային բաժնից: Արդյունքում` Գյումրու 79 ընտրական տեղամասերում կա 124.523 ընտրող, որոնցից ոչ բոլորն են հետաքրքրված ընտրացուցակների վերջնական տարբերակով:
«Բացի վերը նշված ցուցակներից՝ պատրաստ են նաեւ լրացուցիչ ցուցակները, որոնցում ընդգրկված են այլ բնակության վայրում հաշվառված անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով ընտրության օրը գտնվելու են Գյումրի քաղաքում, նաեւ` ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների ցուցակները: Բացի այդ՝  ներկայացված են ոստիկանության այն աշխատակիցների ցուցակները, որոնք գործուղվել են ծառայության Գյումրի քաղաքում: Ընտրողների վերջնական թիվը նվազել է այն պարզ պատճառով, որ էս ընթացքում հաշվառումից հանվել են նշված ժամանակահատվածում մահացած մարդիկ»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Գյումրու  բաժանմունքի առաջատար մասնագետ Վարդան Նազարեթյանը:
Գյումրու ընտրողների թիվը, նախապես հրապարակված ցուցակների համաձայն, կազմում էր 125.536: Ասել է թե՝ այս ընթացքում ցուցակից հանվել է ընդամենը 1013 քաղաքացու անուն: Հավելենք նաեւ, որ նախորդ՝ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցուցակներում ընդգրկված է եղել 119.000 քաղաքացու անուն:
Բացի ցուցակներից՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն օրենքով սահմանված կարգով ստացել են նաեւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի համար նախատեսված քվեաթերթիկները՝ «Հայինկասացիա» ծառայության մեքենաներով: Քվեաթերթիկները հսկվում են իրավապահ մարմինների կողմից: Ընտրատեղամասերին հանձնելուն պես դրանք կկնքվեն հանձնաժողովականների կողմից  եւ կտեղադրվեն հրակայուն արկղի մեջ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս