ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրին տեխնոքաղաքի վերածելու գաղափարն օր օրի ավելի իրատեսական է դառնում, այն ֆանտազիա չէ, միայն թե գյումրեցիներին է անծանոթ: Նման հավաստիացումներ բազմիցս են հնչել «Տեխնոպարկ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից: 3 տարի շարունակ հիմնադրամում սպասում էին ՀՀ կառավարության որոշմանը, որից հետո հայտարարվելու էր շինարարական կազմակերպության մրցույթ: Հիշեցնենք, որ այս տարի պետբյուջեից տեխնոպարկին հատկացվեց 163 մլն դրամ գումար: Օրերս մրցույթը կայացել է, իսկ թե ինչու այն այսքան ուշացավ, հիմնադրամում հստակ պատասխան չունեն: Հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել երկու շինկազմակերպությունների՝ «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ-ն եւ «Բաղրամյանշին» ընկերությունը: «Ըստ ծրագրի՝ մեկուկես տարի հետո մենք ունենալու ենք արտակարգ շենքային պայմաններ, որը տեխնոպարկի ծրագրերի իրականացումը շատ ավելի կհեշտացնի, որովհետեւ մենք տարածքներ ենք վարձակալել եւ արդեն նեղվում ենք»,-ասում է հիմնադրամի նախագահ Գուրգեն Պարոնյանը:   
Նշենք, որ տեխնոպարկի համար որպես շենք ծառայելու է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին մասնաշենքը: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են եւ ըստ նախատեսվածի` ավարտվելու են 2013թ. դեկտեմբերին:
Հավելենք, որ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ հիմնադրամի հաշվարկների՝ առնվազն 12 տարի հետո գյումրեցիները տեխնոքաղաքում ապրելու հույսեր կունենան: Հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ շուտով բիզնես գաղափարների նոր մրցույթ է հայտարարվելու: Հատկացված 163 մլն դրամ գումարով ֆինանսավորվելու է 4  բիզնես գաղափար:




Լրահոս