Ջազմեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ կարծիքով՝ այսօրվա սերունդը չի կարդում, միայն ֆիլմեր է դիտում, «Օդնոկլասսնիկի»-ում ժամանակ անցկացնում ու դառնում անգրագետ. «Իսկ երբ «публика дура», արդեն շատ հեշտ է կառավարել»:
-Դուք «Երգում է 70-ականների Երեւանը» ջազ նախագծի կազմակերպիչն եք, հիմա այդ նախագիծը կա՞:
-Կա, անցած տարի էլ ԱՄՆ գնացինք, շատ լավ համերգ տվեցինք: 3500 հոգու լացն էր գալիս այդ համերգի ժամանակ: Նկարեցինք, իմ ուժերով մոնտաժ արեցի, տվել եմ, որ ցույց տան, էն էլ եսիմ երբ ցույց կտան: Նույն արխիվներում շատ լավ հին պատմական համերգներ կան, որ ցույց չեն տալիս, այդպես էլ արխիվներում փտում են:
-Չե՞ք հետաքրքրվել՝ ինչու ցույց չեն տալիս:
-Ասեմ, դա խանգարում է այս նոր բաներին՝ մեյդան ընկնելու: Եթե սկսեն հին բաները շատ ցույց տալ, այս նորերը կդառնան ոչ մի բան:
-Վստահ եմ, եթե գումար վճարեիք, ցույց կտային:
-Երբ ես ունեի «Փարիզյան սուրճ»-ը, դեռ բաժանված չէի, կարողանում էի անել, այսօր ես վճարելու հնարավորություն չունեմ:
-Ասում են` ջազն ամեն մեկի խելքի բանը չէ, այդպե՞ս է:
-Ինչպես եւ դասական երաժշտությունը: Շատ ներողություն, ձեր սերունդն այսօր գիրք կարդո՞ւմ է, չի կարդում: Իսկ մեր ժամանակ մենք չէինք ասում՝ դու այս կամ այն կինոն նայե՞լ ես, ջինս ունե՞ս: Դրանք քաղքենի խոսակցություններ էին: Մենք միմյանց հարցնում էինք՝ ո՞ր գիրքն ես կարդացել, ո՞ր հեղինակին, ո՞ր պոետին գիտես: Այլ էին արժեքները:
-Իսկ ի՞նչն է մեծ դեր խաղում արժեքների փոփոխության հարցում:
-Հեռուստատեսությունը, դպրոցները, ինստիտուտները: Հասարակ բան ասեմ. եթե մեր տարիներին մեզ կանգնեցնեին փողոցում ու ասեին՝ 10 հատ խորհրդային միության հերոսի անո՛ւն տուր, մենք կասեինք: Եկե՛ք հիմա փողոցում երիտասարդներին հարցրեք` Հայաստանի Հանրապետության գոնե 5 հերոսի անուն կտա՞ն, չեն տա, մաքսիմում երկուսինը հիշեն: «публика дура»՝ ինչ տաս, այն էլ կուտի:
-Բայց պնդում են, թե ինչ պահանջում ենք, այդ են տալիս:
-Սխալ է, այդպես չի կարելի, երեխան թմրանյութ է պահանջում, դե տվե՛ք: Շատ բան են պահանջում, պետք է տա՞նք: Ա՛յ սա է կոչվում ցենզուրա, դաստիարակություն, երկրի ցիվիլ վիճակ: Դասական, օպերային, ջազային երաժշտությունը պետք է ավելի շատ ցույց տան, որ մարդիկ, որոնք չգիտեն, սկսեն հասկանալ: Որ մի բան ամեն օր նայեք, կհասկանաք, իսկ եթե տարին մի անգամ ցույց տան, չեք հասկանա: Եթե ամեն օր ռեստորանի երաժշտություն լսեք, պարզ է՝ ինչ կսիրեք: Խորհրդային ժամանակ չէին թողնում, որ այդ երաժշտությունը եթեր դուրս գար: Մեր ժամանակներում կենտրոնական ռեստորաններ կային, որտեղ երգում էր Սիմոն Տերյանը, Մալխասն էր նվագում, ես էլ, բայց մենք առաջին, երկրորդ բաժինն էլ արվեստ էինք նվագում, ոչ տնգլ-մնգլ: Մեր սիմֆոնիկն այն ժամանակ դասական երաժշտության մեջ համարվում էր երրորդը Մոսկվայի ու Լենինգրադի սիմֆոնիկներից հետո: Այսօր ի՞նչ է մեր Կոնսերվատորիայի վիճակը: Դուդուկի բաժնում 100 հոգի են, կոնտրաբասի բաժնում մարդ չկա:
-Որպես մեծ փորձառություն ունեցող երաժիշտ, վաստակավոր արվեստագետ՝ Ձեզ համար մի քիչ վիրավորական չէ՞, որ «աստղիկներն» այսօր եթեր են զբաղեցնում, իսկ Ձեզ նման մարդը եթերաժամ չունի, կոչումների մասին էլ չեմ խոսում:
-Ի դեպ, ես վաստակավոր արտիստի կոչում չունեմ, բայց դա չէ կարեւորը: Ինձ համար շատ վիրավորական էր այլ բան, ու դրա մասին բարձրաձայնեցի 5 տարի առաջ: Ասացի` նոր երգիչ-երգչուհիների մեջ արդեն վաստակավորները կան, ու Ռաիսա Մկրտչյանն էլ է նույն կոչումը կրում, բալանսի մեջ չենք: Փառք Աստծո, Ռաիսային ուշացումով, բայց լավ է, որ ժողովրդականի կոչում տվեցին:
-Այսօր իրական արվեստով հնարավո՞ր է գումար վաստակել:
-Ո՛չ, բայց 3-ակորդանի երգով կարող ես: Ես դա անել չեմ կարող, ինքս ինձ կդավաճանեմ: Ու իմ նման երաժիշտներ շատ կան Երեւանում, որոնք չեն կարող դավաճանել իրենց սկզբունքներին:
-Բայց ուտել, հագնվել ու պարել ուզում են բոլորը:
-Ուզում են, բայց դրան էլ չափ ու սահման կա: Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս: Առաջ, երբ Աբովյան փողոցով հրապարակ էինք իջնում, ժամուկես էր տեւում, այնքան մարդ էինք տեսնում, այսօր 10 րոպեում հասնում ենք: Գիտե՞ք՝ ինչ մարդիկ էին, Հրաչյա Ներսիսյանին էի տեսնում…
Ծնվել ու մեծացել ենք մի տեղ, որտեղ թթի ծառ է եղել, բայց կտրել են, նստարան է եղել, բայց ջարդել-տարել են, ցայտաղբյուր է եղել, դա էլ քանդել են: Ոնց որ այդ ամեն ինչը քո մի մասնիկը լիներ ու քեզանից պոկեն: Բայց ես տեսնում ու հավատում եմ, որ կան մարդիկ, ում համար նույնպես ցավ է այս ամենը: Չի կարելի ասել` «երկիրը երկիր չի», չէ՞ որ ժողովուրդն է պետությունը: Չնստենք ու նախանձենք, ամենավատ բանն է մեր ազգի, փոխանակ իրար օգնենք, առաջ հրենք, հակառակն ենք անում: Օտարամոլ ենք, մեկը դրսից գալիս է, ուզում ենք նրա համար ամեն լավ բան անել: Մեր երկրում ծխախոտը կշպրտենք գետնին, բայց արտասահմանում այդպիսի բան չեն անի: Ինչո՞ւ, դրսի օրենքից վախենում ենք, իսկ մերը օրենք չէ՞: Կարեւոր է, որ սիրես Երեւանը, բայց Երեւանն էլ պետք է քեզ սիրի:
ԿԱՐԵՎՈՐ Է՝ ԵՐԵՎԱՆՆ ԷԼ ՔԵԶ ՍԻՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ