«ՄԱՐՏԻՐՈՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ՝ ՈՉ ԷՇ ՆԱՀԱՏԱԿ»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը փողոց է դուրս գալիս պայքարելու հանուն ժողովրդի, քանի որ ղեկավարները փոխվում են, իսկ ժողովուրդը մնում է անփոփոխ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Դուք ամենաակտիվ ընդդիմադիրներից էիք, նույն ակտիվությամբ պայքարի դուրս եկաք նաեւ 2013 թվականին: Ընդ որում, երկու դեպքում էլ Դուք ֆիզիկական հարվածներ ստացաք. դանակահարվեցիք, ապա ծեծվեցիք: Եվ այդ ամենը, ըստ էության, ապարդյուն, քանի որ ընդդիմությունը չհաղթեց: Այդքանից հետո այսօր կրկին փողոցային պայքարի եք դուրս եկել: Ինչո՞ւ:
-Նախ ասեմ, որ ոչ միայն 2008, 2013 թվականներին եմ ակտիվ եղել, ես ակտիվ եղել եմ միշտ, ուղղակի այդ ժամանակ դրսեւորումները մի փոքր այլ էին: Թե չէ` չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ինձանից ավելի ակտիվ խորհրդարանական կամ ընդդիմադիր կուսակցական գործունեություն է ծավալել: Ուղղակի ես կարծում եմ, որ հուսահատությունը պարտություն է, եւ այն պահին, երբ ես հուսահատվեցի, կպարտվեմ: Ուստի եւ, քանի դեռ հաղթանակի հույս կա, ու քանի դեռ ուժ ունեմ, կամքս ներում է, ես պայքարելու եմ: Այնպես որ՝ այս անգամ եւս պայքարելու եմ, ցանկությունս միայն այն է, որ ժողովուրդն ակտիվ մասնակցի եւ ոչ թե 2013 թվականի նման, այլ իսկապես մասնակցի այս հանրահավաքային պայքարին:
-Բայց մի՞թե նույն՝ 2008-ին, կամ, առավել եւս` 2013-ին ժողովուրդը չէր պայքարում, մի՞թե այդ ընդդիմության առաջնորդները չէին, որ պայքարի ամենաթեժ փուլում ժողովրդին թողեցին փողոցում՝ կա՛մ պարփակվեցին սեփական տանը, կա՛մ գնացին աղոթելու…
-2013 թվականին ես կարծում եմ, որ բավարար մարդ չկար, կարծում եմ, որ այդ օրը քիչ էինք, երկրորդն էլ, ցավոք սրտի, որոշ «հեղափոխականներ» ճամփի կեսից հետ դարձան ու ժողովրդի կեսին իրենց հետ տարան, ինչն էլ նվազեցրեց մեր շարքերը: Եւ կրկնում եմ, ցավոք սրտի, վերջում, երբ Բաղրամյան փողոց գնացինք, թվով շատ քիչ էինք: Իհարկե, ակտիվությունը չեմ կարող ասել, որ այդքան բարձր չէր, բայց այնքան էլ չէր, որ այդ օրը կարողանայինք փոփոխություններ սկսել: Ու ինչպես արդեն նշեցիք՝ արդյունքում, կարելի է ասել, տուժողներից ամենաշատը ես եղա, բայց ոչինչ, եթե տուժելու խնդիր կա, ավելի լավ է ես տուժեմ, քան քաղաքացիներից որեւէ մեկը: Ես այլ ճանապարհ չունեմ, որովհետեւ իմ երեխաների ապագան է վտանգված, այս երկրի անվտանգությունն է վտանգված, ու մեր պետության լինելիությունն է վտանգված: Այն մարդիկ, որոնք հիասթափվել են, ցավոք արտագաղթել են, բայց ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք որեւէ արտագաղթի ալիք թույլ տալու:
-Իսկ ինչո՞ւ պետք է նորից ժողովուրդը հավատա իրեն պայքարի կեսից փողոցում թողած առաջնորդին, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպե՞ս կարող է ժողովուրդը վստահ լինել, որ այս անգամ եւս նույնը չի կրկնվելու:
-Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը գեթ մեկ ճիշտ քայլ է կատարել, դա եղել է այն, որ նա ժողովրդին Բաղրամյան փողոցից հեռացրել է, որովհետեւ անիմաստ արյուն էր հոսելու ու կարող էր ավելի շատ արյուն հոսել, իսկ դա բացարձակ տեղին չէր ու պետք չէր, որովհետեւ մարտիրոս կարելի է լինել ու պետք է լինել, եթե դրա կարիքը կա, բայց հազար անգամ ներողություն եմ խնդրում, մարդ չպետք է էշ նահատակ լինի:
-Իսկ ի՞նչ կասեք Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, չէ՞ որ նա եւս ժողովրդի կողքին չեղավ, ինչի կապակցությամբ Դուք բազմիցս քննադատական հայտարարություններ եք արել: Այդ դեպքում ինչո՞ւ եք նորից նրա ղեկավարած ուժի` ՀԱԿ-ի հետ միասնական պայքարի դուրս եկել, չէ՞ որ ՀԱԿ-ի հետ արդեն մեկ անգամ միասնական ճանապարհ եք անցել, որն արդյունավետ չի եղել:
-Այնտեղ, որտեղ ժողովուրդն է, ես այնտեղ պարտադիր լինելու եմ, ես չեմ կարող լինել մի տեղ, որտեղ ժողովուրդ չկա: Բացի այդ` ով է ասում, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից եմ գնում, եթե չեմ սխալվում՝ շարժման ղեկավարներից է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկրորդն էլ՝ ես ոչ թե ղեկավարների հետեւից եմ գնում, այլ ես մի նպատակ ունեմ, որ երկրում փոփոխություններ իրականանան: Ղեկավարները փոփոխական են, իսկ ժողովուրդ միշտ մնայուն է, ես միշտ էլ ժողովրդի հետ եմ:
-Դուք քննադատեցիք ժողովրդին, որ 2013-ին բավարար ակտիությամբ չմասնակցեց նախագահական ընտրություններին հաջորդած Ձեր պայքարին, բայց չմոռանանք, որ եռյակի կազմում ձեր այսօրվա մյուս դաշնակիցը` ԲՀԿ-ն եւս այդ ժամանակ որեւէ կերպ չաջակցեց Ձեզ: Ավելին՝ հայտարարություններ էին հնչեցվում առ այն, որ իրենք չեն ցանկանում մասնակցել նախագահական ընտրապայքարին` չնպաստելու համար այդ գործընթացի լեգիտիմացմանը, քանի որ նրանց գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26-ի պրոյեկտն էր` ապահովելու ժողովրդավարական ընտրապայքարի իմիտացիա: Հիմա Դուք այդ ուժերի կողքին պայքարում եք: Ձեր բոլոր հիասթափությունների մասին մոռացե՞լ եք եւ լիարժեք հավատո՞ւմ եք Ձեր դաշնակիցներին:
-Ես հավատալու կամ չհավատալու ընդհանրապես խնդիր չունեմ, ես պայքարում եմ, ու նրանք, ովքեր այդ պայքարի մեջ կան, իմ դաշնակիցներն են, իմ գործընկերներն են, մենք միասին գնում ենք պայքարելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ
Երեկ Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության հերթական մարզային հանրահավաքը, որը նախորդներից տարբերվեց հնչած ելույթների բովանդակությամբ եւ բազմամարդությամբ: Բոլորի համար անակնկալ, բայց սպասված հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ի վերջո հնչեցնելով իշխանափոխության պահանջ: «Մեկ հարցում մենք միասնական ենք. այս իշխանությունները երկիրը տարել են կործանման, հասցրել են փակուղի եւ այս իշխանությունները պետք է հեռանան, սա է մեր միասնական օրակարգը»,- հայտարարեց պատգամավորը: Նկատենք, սակայն, որ Զոհրաբյանը, իշխանափոխության պահանջ հնչեցնելով, այդուհանդերձ չպահանջեց կոնկրետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հանրահավաքի ընթացքում հնչած մնացած բոլոր ելույթները գրեթե չէին տարբերվում նախորդներից, սակայն իշխանափոխության եւ պայքարի թեման արծարծվեց գրեթե բոլորի խոսքերում: Իրեն բնորոշ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մեզ փորձության են ենթարկում, ասում են` սեղմելու ենք մինչեւ վերջ: Կա՛մ պետք է ասել` հերիք ա, բոլ ա, ռադներդ քաշեք, կա՛մ էլ սպանվելու ենք ու ոչնչանանք: Ով չեկավ, ամոթ նրան: Եկե՛ք ու տեր կանգնե՛ք», – հայտարարեց նա:
Նույն բնույթի էր նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանի ելույթը. «Մարտի 1-ով Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը թող մեզ չվախեցնեն: Հլը տեսնեմ, որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»: Ընդգծենք, որ հանրահավաքը բազմամարդ էր եւ ակտիվ, ամեն ելույթից հետո ներկաները ողջունում էին քաղաքական գործիչներին:
Ավելի վաղ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե վանաձորցիներն ազատ են եւ ցանկության դեպքում կարող են մասնակցել հանրահավաքին: «Ինչո՞ւ պետք է խոչընդոտեմ: Ինչի ադրբեջանցինե՞ր են: Էտ եկողներն ադրբեջանցինե՞ր են, թե՞ թուրքեր են, հայորդիներ են, չէ՞: Եվ նրանք գալիս են իրենց կարծիքը ժողովրդի հետ կիսելու, ժողովուրդն էլ կտեսնի, թե ով ոնց է մտածում երկրի մասին»:
Վանաձորը եռյակի մարզային այցելությունների նախավերջին հանգրվանն էր: Վաղը նրանք կայցելեն Գյումրի, իսկ արդեն հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում կանցկացնեն իրենց համապետական հանրահավաքը: Ընդգծենք, որ երեք ուժերի ղեկավարները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը ոչ մի անգամ չեն մասնակցել հանրահավաքներին, եւ դեռ պարզ չէ` հոկտեմբերի 10-ին կլինեն, թե` ոչ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 3-ին այցելել էր Արցախ: Սա ըստ էության կարելի է համարել պատմական այց այն իմաստով, որ երբեւէ աչքի չի ընկել ԼՂՀ հանդեպ հետաքրքրությամբ: ԼՂՀ նախագահի եւ փոխվարչապետի մակարդակով ընդունելության ժամանակ Ծառուկյանը խոստացել է Արցախին ե՛ւ ֆինանսական օգնություն ցուցաբերել, ե՛ւ մեքենաներ ու տրակտորներ տրամադրել: Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանի այցը դեպի Արցախ սեփական նախաձեռնությամբ է եղել. «Չենք հանդուրժի, եթե որեւէ պետական պաշտոնյայի այցը ԼՂՀ համեմված լինի ենթատեքստերով: Բազմաթիվ պաշտոնյաներ են այցելել Ղարաբաղ, Ծառուկյանի այցն էլ հերթականն է»: Դ. Բաբայանը նշեց նաեւ, որ իրենք վիրավորված կլինեն, եթե այս կամ այն քաղաքական ուժը սեփական շահերը հետապնդելու նպատակով հայտնվի Ղարաբաղում. «Այսօր ՀՅԴ-ի ներկայացուցիչներն էլ են այցելել Ղարաբաղ` Հրայր Մարգարյանի գլխավորությամբ»:
ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Ախալքալաքի շրջանից ընտրված, Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը եւս մտահոգված է սեպտեմբերի 1-ից Վրաստանում գործող նոր օրենքի առնչությամբ: Նշենք, որ օրենքը վերաբերում է Վրաստանի տարածքում գտնվելու պայմաններին: Բանն այն է, որ ՀՀ (եւ մի շարք այլ երկրների) քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել վեցամսյա ժամկետում առավելագույնը 90 օր, իսկ տարվա մեջ՝ առավելագույնը 180 օր, այն էլ՝ ոչ միաժամանակ, այլ իննսունօրյա ընդմիջմամբ:
Երեկ Ջավախքահայ մտավորականները եւս իրենց դժգոհությունն էին հայտնել այս առնչությամբ՝ բաց նամակ գրելով Վրաստանում գտնվող ԱԺ նախագահին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վրաստանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը ասաց, թե Վրաստանի խորհրդարանում ինքը բարձրաձայնել է, որ այս օրենքը խնդիրներ կառաջացնի, եւ դժգոհությունների ալիք կբարձրանա. «Իմ մայրը 88 տարեկան կին է, մի կերպ է շարժվում: Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ու ընդամենը երեք ամիս ժամանակ ունի այստեղ մնալու: Չգիտեմ, թե հիմա ինչ է լինելու»: Տեղեկացնենք, որ նոր ընդունված օրենքի համաձայն, նրանք, ովքեր օրենքը կխախտեն եւ սահմանված ժամկետում չեն լքի երկիրը, տույժի կենթարկվեն:
ԲՈՂՈՔԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Անդրադառնալով օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` Ս. Սարգսյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձեւավորված անվտանգության փխրուն համակարգը: Նա նաեւ ընդգծել է, որ Ի. Ալիեւի ռազմատենչ եւ հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գործընկերների կողմից: Ի պատասխան` Բորդյուժան նշել է, որ զբաղվում է անվտանգության տեսանկյունից ՀԱՊԿ անդամ պետությունների առջեւ ծառացած առավել սուր խնդիրների ուսումնասիրմամբ, այդ թվում եւ` հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմամբ: