ԹՌԻՉՔ ՆԵՐՍՈՒՄ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երանի նրան,  ով թռչում է… թռչում է հենց իր կանգնած տեղում, իր մեջ, երազներում  եւ ամենուր…
Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը կույր մարդու աշխարհընկալման, իրերի ու երեւույթների վերաբերյալ պատկերացումների, երեւակայության մասին է: Գլխավոր դերում Նարինե Գրիգորյանն է: Նա ստեղծագործում է ինչպես կատակերգական, դրամատիկ, այնպես էլ մնջախաղային ներկայացումների մեջ: Հանդես է գալիս նաեւ իբրեւ ռեժիսոր: Այս ներկայացումն  ընդգրկում է խոսք, պլաստիկա եւ հատուկ բեմական  հնարքներ:
Համարյա ամբողջ ներկայացումն ընթանում է նրա` կույր աղջկա հոգու մեջ, եւ աշխարհն այնպիսին  է, ինչպիսին նա զգում է` ձայները, պատկերները, բույրերը, մարդկանց, երեւույթները: Բոլոր առարկաները նա տեսնում է մութ տարածության մեջ` գույնզգույն թելերի միջոցով ստացած ուրվագծերով, որոնք դերասանուհին  ինքն է պատկերում: Հետո քանդում է ու նոր տեսարաններ պատկերում: Նա կարողանում է ազատ փոխել, կառավարել ու խաղալ այն ամենի հետ, ինչ ինքը  ստեղծել է իր ներսում: Սա է, որ մարդու հոգուն հաղորդում է ազատություն եւ թռչելու կարողություն: Կույր աղջիկը, լսելով իր բժշկի ձայնը, հեշտությամբ կարողանում է ամեն ինչ ձեւավորել այնպես, ինչպես իրեն է հարմար: Ձեռքերի շարժումներով փոխում է բժշկի ձայնը, երկարացնում է հնչյունները` երբեմն վերածելով երգի, արագացնում ու դանդաղեցնում խոսքը: Նա ուշադիր եւ սիրով լսում է այն, ինչ իրեն դուր է գալիս, եւ այն բառերը, որոնք չի ուզում լսել, «բռնում է ձեռքերով»:
Հետաքրքիր էր այն տեսարանը, երբ աղջիկը պատրաստվում է քնել: Մենք տեսնում ենք այդ պատկերն այնպես, ինչպես նա կտեսներ ինքն իրեն` պառկած վիճակում վերեւից: Նա մեզ իր հետ տանում է իր անձնական աշխարհը, ուր ամեն ինչ ազատ է ու հարաբերական: Թույլ է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը, գուցե առաջին անգամ, նկատի երեւույթների ընկալման իր յուրահատկությունները: Մենք սկսում ենք թռիչքը սեփական հոգում: Այնքան վարակիչ է նրա անձնական ընկալումների աշխարհը, որ բժիշկը եւս սկսում է ապրել այդ իրականության մեջ:
Տպավորիչ է նաեւ ներկայացման ավարտը, երբ բուժվելուց հետո աղջիկը, բախվելով իրական, իր պատկերացրած աշխարհից տարբեր աշխարհին, ավելի հեշտ է հարմարվում եւ ընդունում այն, քան բժիշկը: Վերջինս մնում է աղջկա ստեղծած աշխարհում` նրան կամ գուցե հերոսուհու երեւակայական աշխարհին սիրահարված…  Իսկ աղջիկը հնարավորինս հեռու է վանում այն ամենը, ինչը կապված էր իր երեւակայական աշխարհի հետ: Հեռու է վանում, որովհետեւ կատարվել է իր երազանքը` ինքն արդեն տեսնում է: Տեսնում է եւ կարոտով վայելում այն աշխարհը, որ միշտ երազել է տեսնել: Եւ չի էլ ուզում առնչվել անցյալին, որովհետեւ լուսավոր աշխարհի համեմատ` այն նրան մղձավանջ է թվում, որովհետեւ այն իր մեջ կրում էր նաեւ տառապանք` խավարի, անզորության ու հիվանդության: Իսկ մեզ համար մի ամբողջ աշխարհ եւ անսահման երեւակայություն:
Միշտ գոյություն ունի այլ ճանապարհ` թռիչքը… ու երանի նրան, ով կգտնի  այն…     

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴՈՅԱՆ




Լրահոս