ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ
Դեռեւս սեպտեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակությանը բարդ օրեր են սպասվում: Պարզվեց՝ այցը լրջագույն բարդություններ առաջացրեց մեր երկրի համար: Հայկական պատվիրակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից:
Բանն այն է, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ. մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները եւ պատվիրակության մանդատը` որպես ագրեսոր երկրի, իսկ երկրորդով էլ ադրբեջանցիները, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ առաջին նախագիծն ուղարկվել էր մոնիթորինգի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ դա իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ, իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ապա ԵԽԽՎ բյուրոն այն ուղարկել է քաղաքական հանձնաժողով, որպեսզի բանաձեւ նախապատրաստվի: Ու ադրբեջանցիներին հաջողվել է այնպես անել, որ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձեւ պատրաստվի:
Հիմա սկսենք սկզբից. նախ նշենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից երկու ներկայացուցիչները՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը, պետք է կարողանային «լեզու» գտնել հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ չպատրաստվեր: Սակայն ՀՀԿ տիկնանց դա չի հաջողվել:
Վիճակն այնքան օրհասական էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ նախօրեին Սյունքում ուսուցչի տոնին մասնակցած Հերմինե Նաղդալյանը երեկ էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնել է Վրաստան: Նա օդանավից օդանավ է նստում՝ շրջելով երկրեերկիր, սակայն այդպես էլ ժամանակ չի գտնում մամուլի ասուլիս հրավիրելու, ինչպես լինում է ավանդաբար, եւ հանրությանը զեկուցելու, թե ինչ գործունեություն է ծավալել, օրինակ, Ստրասբուրգում՝ մեր պետբյուջեի հաշվին: Նրա փոխարեն ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը լրագրողներին պատմեց, թե ինչ խայտառակ վիճակում է հայտնվել հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում:
«ԵԽԽՎ նստաշրջանում բավականին լուրջ եւ մեզ համար նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել: ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, ինչի հիման վրա կընդունվի բանաձեւ: Զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով»,-երեկ հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ եթե հնարավոր չէր զեկույցի ընդունումը կանխել, ապա կարելի էր դիվանագիտական քայլերով հասնել գոնե դրա վերնագրի, զեկուցողի փոփոխությանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ սա դիվանագիտական պարտություն է, որն իջեցրեց Հայաստանի նշաձողը նոր մակարդակի: «Հայաստանի նվաստացման գագաթնակետը դարձավ ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեում ղարաբաղյան հարցերի քննարկումը: Հակառակ նախազգուշացումների, որ ԼՂՀ զեկույցից խուսափել չի լինի, պետք է կենտրոնանալ, որ զեկույցի անվանումը փոխվի, եւ զեկուցողը փոխվի, ՀՀ իշխանության ներկայացուցիչը քննարկումը դահլիճում վերածեց խայտառակ, նվաստացուցիչ մի սկանդալի: Անգամ մեր համակիրներին տրամադրեց Հայաստանի դեմ, ինչի հետեւանքով Ադրբեջանը կատարյալ հաղթանակ տարավ ե՛ւ զեկույցի վերնագրի պահպանման, ե՛ւ շատ ավելի օբյեկտիվ ֆրանսիացի ներկայացուցչի փոխարեն Վալտերի հաստատման հարցերում»,-նշել է պատգամավորը:
Այսինքն՝ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում իրեն պահել է իսկական ՀՀԿ-ի նման. սպառնալիքներով է խոսել, հաթաթա տվել, չի ենթարկվել նախագահողի հորդորներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ Նաղդալյանը ցանկացել է ելույթ ունենալ, անթույլատրելի շեշտադրումներով է խոսել, սպառնալիքներով, ինչի համար էլ հանձնաժողովի անդամները վրդովվել են ու անգամ անջատել Հ. Նաղդալյանի խոսափողը, դադարեցրել ելույթի թարգմանությունը: Այնուհետեւ հայկական պատվիրակությունը ոտքի է կանգնել եւ աղմուկ բարձրացրել, որից հետո նիստի ղեկավարությունը որոշում է կայացրել հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս հրավիրել եւ նիստը շարունակել առանց նրանց: Բացի այդ, ինչպես տեղեկացանք, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը խիստ նախազգուշացում է ստացել:
Երեկ՝ ասուլիսի ժամանակ, Լ. Զուրաբյանը հայտարարել է նաեւ, որ խիստ նվաստացել էր, երբ տեսել էր, թե ինչպես են ԵԽԽՎ-ում սուլում Հայաստանի պատվիրակներին, թուղթ գցում իրենց վրա:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել գոնե Նաիրա Կարապետյանի հետ, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամ է, սակայն վերջինս մեր զանգերին ու հաղորդագրություններին չարձագանքեց:
Հիշեցնենք, որ դեռեւս 2005-ին, երբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանն էր, ԵԽԽՎ-ում դարձյալ շրջանառության մեջ էր դրվել նման մի բանաձեւի տեքստ, որի հեղինակը Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էր, այնուհետեւ տարիներ անց, հույն մի պատգամավոր էր նման մի բան նախաձեռնել, սակայն հայկական պատվիրակությանը հաջողվել էր այդ բանաձեւի ընդունումից խուսափել: Այս անգամ պարտվեցինք նաեւ մեզ համար ամենաթանկ՝ արցախյան հիմնահարցով:
Իհարկե, Նաղդալյանն ու իր քաղաքական վերադասները կարող են պնդել, որ այս քայլով եվրոպացիները մեզ ճնշում են հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի հետեվրասիական տնտեսական միությանը միանալու համար, բայց միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎ
Կարկուտից տուժած ճամբարակցիները դեռ շարունակում են սպասել կառավարության օգնությանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած անհատական 819 տների եւ բազմաբնակարան 13 շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է 69 մլն դրամ: Սակայն կառավարության այս որոշումից ավելի քան տաս օր է անցել, իսկ ճամբարակցիներն այդպես էլ չեն ստացել օգնությունը: Ավելին՝ Ճամբարակում արդեն մի քանի օր է, ինչ շարունակ անձրեւ է տեղում, ինչի հետեւանքով բնակիչների տները խոնավացել են: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ, ով ասաց, թե. «Մարզպետարանից ասել են, որ արդեն պատվիրել են շիֆրերը, եւ վաղը կամ հաջորդ օրը բնակիչների մի մասը կստանա դրանք: Փուլ առ փուլ կտան, քանի որ քանակությունը շատ է: Հետո նորից կպատվիրեն»: Նկատենք, որ եթե մարզպետարանը կրկին կրիայի արագությամբ շարունակի շարժվել, ինչպես եղավ տուժած Վարդենիս քաղաքի դեպքում, ապա ճամբարակցիները երեւի տանիք չեն ունենա նաեւ ձյան առատ տեղումների ժամանակ:
ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր վերջերս հանդիպել են «Արցախբանկ»-ի տնօրինության հետ: Սակայն հանդիպումն այդպես էլ հույս չի ներշնչել բնակիչների մոտ: Բանն այն է, որ «Արցախբանկ»-ի ներկայացուցիչները տուժած քաղաքացիներին խոստացել են, որ մինչեւ նոյեմբերի 5-ն այս հարցով հստակ պատասխան կտան: Սակայն բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց, որ իրենց հերթական անգամ խորհուրդ են տալիս սպասել: Իսկ թե ինչպես պետք է հարցը լուծում ստանա, ոչ ոք չի պատկերացնում:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին պատկանող նորակառույց շենքերը գրավադրվել են «Արցախբանկ»-ում: Իսկ «Տոնուս» շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Այսինքն՝ պատասխանատու չկա:
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Այսօր Փարիզում Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը կքննարկեն Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման նախապատրաստության հարցերը: Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ կաթողիկոսի հետ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԴԵՌ ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ
Ադրբեջանում մեկամյա գերությունից վերադարձված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի շարունակի իր զինվորական ծառայությունը, քանի դեռ առողջական վիճակի եւ ադրբեջանական գերության ընթացքում նրա՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների շուրջ համապատասխան ընթացակարգերն ընթացքի մեջ չեն: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԿԱՆԽԱՎՃԱՐ ՉԵՆ ՊԱՀԱՆՋԻ
Բիզնեսից այսուհետ կանխավճարային հարկեր չի կարող վերցնել ոչ ոք՝ անգամ ֆինանսների նախարարը: news.am-ի փոխանցմամբ` Գագիկ Խաչատրյանը նշել է, որ հարկային կանխավճարների մեխանիզմը 2015թ.-ին չեղյալ կհամարվի: «Դրա փոխարեն մենք նոր մեխանիզմ կկիրառենք. բիզնեսը կարող է միջոցներ փոխանցել հատուկ հաշվեհամարին: Եթե հարկային պարտավորություններ ունենա, այնտեղից դրանք կմարվեն: Եթե ոչ՝ անմիջապես հետ կուղարկվեն: Ուստի ոչ ոք՝ սկսած ինձնից մինչեւ վերջին հարկայի տեսուչը, չի կարողանա կանխավճար վերցնել»,- հավաստիացրել է նախարարը:
ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ
Տեղեկությունը, թե հոկտեմբերի 8-ին կկայանա Փայլակ Հայրապետյան-Աշոտ Սուքիասյան առերեսումը, դեռեւս հաստատված չէ: Այս մասին Armlur.am-ին հայտնել է օֆշորային սկանդալի հետեւանքով սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա նշել է, որ կայանալիք առերեսման հետ որեւէ հույս չի կապում, պարզապես ներկայանալու է` իմանալու համար, թե ինչ կարող է իրեն ասել կալանավորված ադամանդագործը: «Իմ նպատակը նախկին վարչապետի ու Կճոյանի հետ առերեսում ունենալն է: Սա էլ, հաստատ, չլնող բան է»,- ասել է գործարարը:
ՌՈՒԲԼԻՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է
Երեկ Մոսկվայի ֆոնդային բորսայում սակարկությունների սկսվելուն պես ռուբլին շարունակել է արժեզրկվել: Ամերիկյան 1 դոլարը թանկացել է 6 կոպեկով եւ այդպիսով հատել 40 ռուբլու սահմանը, ինչն աննախադեպ բարձր փոխարժեք է: Փորձագետների կանխատեսմամբ` արեւմտյան պատժամիջոցների պահպանման դեպքում ռուբլու հետագա արժեզրկումը շատ հավանական է համարվում:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի որոշմամբ Վարդան Եղիազարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ: Հոկտեմբերի 3-ին էլ Սարգսյանի որոշմամբ ոստիկանապետի տեղակալ էր նշանակվել Գագիկ Համբարձումյանը: