ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ՄԻՇՏ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

Մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Իքս ֆակտոր» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը նորություններ ունի ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքում. երգիչը շուտով կամուսնանա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց իր՝ առաջիկայում սպասվելիք ստեղծագործական նորությունների եւ անձնական կյանքի փոփոխությունների մասին:

-Վրե՛ժ, Ձեր վոկալային տվյալները բավականին օրիգինալ են եւ հիշվող: «Իքս ֆակտոր»-ի առաջին եթերաշրջանի հաղթողը դարձաք: Բացի այդ` աշխարհահռչակ «Sony Music» ընկերությունը Ձեզ հնարավորություն տվեց ձայնագրել երկու սինգլ: Ձայնագրման աշխատանքներն ավարտվել են, իսկ տեսահոլովակի պրեմիերան ե՞ րբ է լինելու:
-«Sony Music» ընկերության մոսկովյան մասնաճյուղն ինձ երգեր ուղարկեց, որոնց միջից պետք է ընտրեի: Ես էլ Նադեժդա Սարգսյանի ու «Շանթ» հեռուստաընկերության օգնությամբ ընտրեցի համաշխարհային ճանաչում ունեցող դասական ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում: Բավականին հետաքրքիր դասական մեղեդի է, որի մեջ կան ժամանակակից տարրեր: Եթե ավելի կոնկրետ` կամերային ուղղությամբ նեո-դասական ստեղծագործություն է: Այն իտալերեն լեզվով է: Ինչպես նշեցիք` ձայնագրման աշխատանքներն ավարտվել են, իսկ տեսահոլովակի պրեմիերան կլինի շատ շուտով: Պետք է հեռուստաընկերությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերենք, եւ միայն դրանից հետո արդեն հեռուստադիտողները եւս հնարավորություն կունենան ունկնդրելու այդ գեղեցիկ մեղեդին: Իսկ հաջորդ տեսահոլովակը կլինի հայալեզու երգի հիման վրա եւ կնկարահանվի Հայաստանում:
-Ինքներդ երգեր հեղինակո՞ւմ եք:
-Երաժշտություն հիմանականում չեմ հեղինակում, եթե ստեղծագործեմ, ապա միայն՝ երգի բառերը: Հիմականում համագործակցում եմ Գիսանե Պալյանի հետ: Նրա հեղինակած երգերն եմ կատարում: Բացի «Sony Music» ընկերության նվիրած երգերից, մինչեւ այս տարվա վերջ երկրպագուներիս դատին կհանձնեմ եւս մեկ երգ, որի հեղինակը հենց Գիսանե Պալյանն է: Մինչեւ տարվա վերջ ստեղծագործական գործունեությունս բավականին հագեցած է լինելու: Գիսանե Պալյանի հետ համագործակցությունը սկսվեց եւ շարունակվեց «Իքս ֆակտոր» նախագծից հետո: Համագործակցում եմ նաեւ կոմպոզիտոր Վազգեն Քոլոյանի հետ, ով եւս ինձ համար նոր երգ է հեղինակել: Իմ երգացանկը հիմնականում հագեցած է դասական երգերով, դասականը միշտ է ժամանակակից, եւ դասական արվեստ տարածելու անհրաժեշտությունը միշտ էլ կա: Հնարավոր է այնպես լինի, որ երգը համեմված լինի ժամանակակից էլեմենտներով, որոնք ինչ-որ երանգ են տալիս երգին, բայց բուն դասական երգն ու երաժշտությունը միշտ են տարածված ու պահանջված եղել, ու այդպես էլ կմնա:
-Իսկ չէի՞ք ցանկանա հիմա էլ «Իքս ֆակտոր» նախագծի ժյուրիի կազմում լինել: Չէ՞ որ այդ ամենի միջով ինքներդ անցել եք եւ լավ եք պատկերացնում նախագծի նրբությունները:
-Նման առաջարկ չի եղել: Դա բավականին համարձակ աշխատանք է: Ի՞նչ ասեմ, եթե լիներ նման առաջարկ, կփորձեի համատեղել իմ մնացած աշխատանքների հետ: Ժյուրիի կազմում լինելու փորձ ունեմ: Ներկայում «Էմի-բի» պրոդյուսերական կենտրոնի եւ «Դո Ռե Մի»-ի գործադիր տնօրենն եմ: Այս ամենի շրջանակներում Միջազգային մրցույթների ասոցիացիայի կազմակերպած մրցույթների ենք մասնակցում: Իսպանիայում եւ Ղազախստանում անցկացված մրցույթներում ժյուրիի անդամ եմ եղել:
-Անձնական կյանքում եւս նորություններ ունեք: Ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:
-Արդեն նշանադրվել ենք: Սիրելիս` Արմինեն, սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան համալսարանում: Բավականին հագեցած առօրյա ունի: Պետք է սպասենք՝ մինչ մի փոքր թեթեւնա նրա ուսումնական ընթացքը, որպեսզի կարողանանք ավելի լուրջ զբաղվել հարսանեկան պատրաստություններով: Հավանաբար մինչեւ աշնան վերջ կպսակադրվենք:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Ուսուցչի օրվա առթիվ Սերժ Սարգսյանի հրամանագրով կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգեւատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգեւները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացի այդ` մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում եւ կրթության ու մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար Հ. Աբրահամյանը Հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով:
Տարվա լավագույն ուսուցիչ եւ դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգեւատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով:

 

ՆՇԱՆՎԵԼ Է
Ֆոտոմոդել եւ հաղորդավարուհի, բարսելոնաբնակ Աննա Բաբայանն այս օրերին Հայաստան է վերադարձել եւ հայրենիքում նշանադրվել: Նրա ընտրյալն իսպանացի է, ով աշխատում է ֆինանսական ոլորտում: Ավանդական նշանադրության փոխարեն Անտոնիո Մենենդեզն անակնկալի է բերել Աննային` նվիրելով խորհրդանշական մատանին: «Կարգին սերիալ»-ում եւ այլ ծրագրերում նկարահանված ֆոտոմոդելն իր սիրելիի հետ ծանոթացել է Իսպանիայում` մոտ երեք ամիս առաջ: Զույգի հարսանիքը կկայանա մի քանի ամսից` Բարսելոնայում, որտեղ էլ նրանք կապրեն:

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Երգչուհի Լիդուշիկն առաջիկա օրերին հանդես կգա նոր` «Փոքրիկ Հայաստան» տեսահոլովակի պրեմիերայով, որը նկարահանվել է Դիլիջանում, երեք օրում: Տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Ռուբեն Կարապետյանը` պապիկի, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը` գլխավոր հերոսուհու` Լիդուշիկի հոր, Օֆելյա Զաքարյանը` երգչուհու կերպարային մոր եւ Լորանդ Դեմիրճյանը՝ հարեւանի տղայի դերում:
Տեսահոլովակում ներկայացված են գյուղում բնակվող դպրոցական աղջկա կյանքն ու ապրումները, երբ ծնողների հետ մեկնում է Հայաստանից:

 

ՆԱԽԱԳԱՀ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին հնարավոր է հրաժեշտ տա դերասանական կարիերային: Բրիտանական «Time»-ը գրում է, որ դերասանը կասկածվում է քաղաքականություն ներխուժելու՝ լրջորեն մշակված ծրագրի մեջ: Եթե հավատանք կանխատեսումներին, Քլունին մտադիր է մասնակցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, եւ նրա` օրերս տեղի ունեցած պսակադրությունը եւս քաղաքական քայլ է. մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Ամալ Ալամուդինի հետ ամուսնությունը է՛լ ավելի կմեծացնի Քլունիի հաղթելու հնարավորությունը: Բրիտանական լրատվամիջոցների գնահատմամբ` սպասվելիք ընտրություններում Ջորջ Քլունիի ամենալուրջ մրցակիցն ու հավանական հաղթողը կլինի Հիլարի Քլինթոնը:

 




Լրահոս