ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՍԱՄԹԵՐՔ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ՞ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ

Չնայած այն բանին, որ իշխանությունները հայտարարում են, թե առաջիկայում ՀՀ տնտեսական աճի համար կարող է հիմք դառնալ դեպի Ռուսաստան հայկական մթերքների արտահանումը, կոնկրետ մսամթերքի արտահանման ուղղությամբ առայժմ առարկայական քայլեր չեն արվում: Բանն այն է, որ 2007 թվականից մինչ օրս Ռուսաստանի Դաշնություն հայկական մսամթերք չի արտահանվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս խնդրով մի շարք գործարարներ դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել մսամթերքի՝ գոնե փոքր քանակությամբ արտահանումը խրախուսելու եւ համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Նշենք, որ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան մինչ այս եղել է Վրաստանի Հանրապետությունը: Իսկ եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չի ընդունվում: Եղել են դեպքեր, երբ տեղական արտադրության մսամթերք է արտահանվել Ֆրանսիա, բայց առաջին մաքսային էշելոնում՝ Բուլղարիայում, այն հետ են ուղարկել:
Բանն այն է, որ Հայաստանը խոցելի է այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա: Հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա, սակայն ռուսական կողմը հրաժարվում է ընդունել այդ տվյալները: Ավելին՝ որոշ ընկերություններ, որոնք զբաղվում են մսամթերքի արտադրությամբ առաջարկել են այցելել Հայաստան ու ստուգել իրենց արտադրանքը: Սակայն՝ անարդյունք:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Տյումենի օդանավակայանում հայտնաբերվել եւ առգրավվել էր Հայաստանից ներկրված 11 կիլոգրամ մսամթերք: Ռուսական կողմը դա կապել էր այն բանի հետ, որ ՀՀ-ն գտնվում է խոզերի աֆրիկյան ժանտախտի ռիսկային գոտում: Ինչի համար էլ ուղեւորները պետք է տեղյակ լինեն, որ իրենց հետ բերված ցանկացած կաթնամթերք եւ մսամթերք կոչնչացվեն: Տեղեկացնենք, որ աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թ.-ի հունվարի 15-ին: Իսկ մինչ այդ՝ 2007 թվականին, Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտ կոչվող հիվանդության պատճառով խոշոր չափի վնասներ արձանագրվեցին:
Վերջերս մի խումբ գործարարներ, հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում ստեղծված իրավիճակը, դիմել են Հովիկ Աբրահամյանին` խնդրելով աջակցել հայկական մսամթերքը ՌԴ արտահանելու հարցում: Վերջինս էլ բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ, ինչի արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, հոկտեմբերի 6-ից մսամթերք է արտահանվում ՌԴ: Այս ընթացքում մի քանի ընկերություններ հասցրել են դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` մսամթերքի արտահանման թույլտվության համար:
Այդ ընկերությունների թվում է նաեւ «Սպայկա»-ն, որի նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր ընկերությունը զբաղվում է Հայաստանից բոլոր տեսակի մթերքների արտահանմամբ: Մենք մեր վրա սահմանափակումներ չենք դնում: Մսի, մսամթերքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն որոշակի արգելքների է հանդիպում ռուսական կողմից: Դա վաղուցվա պատմություն է. որակի հետ կապված խնդիրներ են եղել: Երբ դրանք հանվեն, այսինքն՝ պաշտոնապես թույլտվություն լինի, այդ ժամանակ բոլորը կարող են արտահանել: Երբեւէ մենք չենք արտահանել: Բայց կցանկանայինք միս, մսամթերք արտահանել»:
Ի դեպ, ՍԱՊԾ պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը ՀՀ-ից արտահանվել է 24937 կգ միս-մսամթերք:
Ի՞նչ հետեւանքներ կունենա մսամթերքի արտահանումը Հայաստանի համար: Նկատենք, որ մեր հանրապետությունում մսամթերքի գինը պարբերաբար թանկացել է: Չմոռանանք, որ մեկ կգ միսն արժե 2500 դրամից 3000 դրամ: Այսօր հայ սպառողը, երբ մտնում է խանութ, ձգտում է տեղական մսամթերք գնել, որովհետեւ այն թարմ է եւ որակական առումով՝ ավելի հուսալի: Բացի այս, տեղական մսամթեքն ավելի թանկ արժի, քան ներկրվածը: Այսինքն՝ եթե ՀՀ-ն մեծ ծավալի միս է ներմուծում, դա նշանակում է, որ Հայաստանն այդքան էլ շատ մսամթերք չի արտադրում, որ կարողանա ոչ միայն ներքին շուկան բավարարել, այլեւ մեծ ծավալներով արտահանել: Մասնագետները համոզված են, որ արտահանումից հետո սառեցված, ներմուծված մսամթերքը ներքին շուկայում տեսակարար կշիռ կունենա, քանի որ տեղական արտադրանքը կպակասի: Ավելին՝ այն կսկսի թանկանալ:
Հիշենք նաեւ այն, թե ինչ պատկեր ստեղծվեց, երբ ոչխարների արտահանումը մեծ ծավալներ ունեցավ. ոչխարի միսը նախկինում ամենաէժանն էր, իսկ երբ սկսվեց մեծ ծավալով արտահանվել, այն դարձավ ամենաթանկը:
Եվ եթե ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այս կերպ կարող են զարկ տալ անասնապահությանը, ապա սխալվում են, քանի որ գյուղացիների մոտ այն զարգացնելու պայմաններ չկան: Բացի այս, այսօր անասնակերը թանկ է, իսկ արոտավայրերը քիչ են ու անջրդի:
Հ.Գ. Երեկ lurer.com-ը տեղեկացրել էր, որ երկու ամիս առաջ Սննդամթերքի անվտանգության ծառայության կարողությունները ստուգելու հետ կապված՝ Ռուսաստանից ժամանած ինսպեկցիայի մոնիթորինգի արդյունքում հոկտեմբերի 6-ից վերսկսվել է միս-մսամթերքի արտահանումը դեպի ՌԴ:

 

 
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է

ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքում առաջիկայում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Գյուղապետի պաշտոնի համար մրցելու են ներկայիս դաշնակցական գյուղապետ Սեյրան Փիլոսյանն ու նույն գյուղի բնակիչ Արսեն Եղոյանը, ով ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբոր որդին է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց երկու թեկնածուների հետ:

-Պարո՛ն Փիլոսյան, Դուք դաշնակցական եք, իսկ ձեր մրցակիցը՝ ՕԵԿ-ականի հարազատ: Նախընտրական լարվածություն կա՞ ձեր մեջ:
-Ոչ մի լարվածություն: Մեկը կկրի, մյուսն էլ՝ կկրվի, ինչ լարվածություն: Ես դաշնակցական եմ, կռվել եմ այդ դրոշի տակ, վիրավորվել եմ եւ այսօր պատրաստ եմ այդ դրոշի տակ էլ մնալ:
-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-14: Իմ գյուղացիներն ինձ վստահում են:
-Ճանաչո՞ւմ եք Արսեն Եղոյանին՝ Ձեր մրցակցին:
-Երիտասարդ տղա է: Նոր է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Չեմ կարող թերագնահատել նրան, որովհետեւ ոչ մի վատ բան չեմ տեսել իրենից:
-Ի՞նչ եք արել գյուղի համար այս 14 տարվա ընթացքում:
-Խմելու ջրի խնդիրն եմ կարգավորել, գազաֆիկացվել է համայնքը եւ այլն:

Զրուցեցինք նաեւ Արսեն Եղոյանի հետ.
-Պարո՛ն Եղոյան, Դուք վերջերս եք Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել եւ առաջադրվել եք որպես գյուղապետի թեկնածու:
-Մեկ ամիս է, ինչ վերադարձել եմ ՌԴ-ից: Ես այնտեղ մշտապես չեմ բնակվել: Արտագնա աշխատանքի եմ միշտ մեկնել ու նորից հետ վերադարձել: Հիմա չեմ ուզում գնալ ՌԴ:
-Ինչո՞ւ որոշեցիք գալ եւ առաջադրվել որպես գյուղապետի թեկնածու: Ձեր հորաքո՞ւյրը՝ ՕԵԿ նախագահ Հեղինե Բիշարյանը, ստիպեց:
-Գյուղը հիմա բազմաթիվ խնդիրներ ունի: Ցանկանում եմ, որ դրանք լուծվեն: Հեղինե Բիշարյանն իմ հորաքույրն է, բայց ես անկուսակցական եմ, ՕԵԿ-ական չեմ: Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել:
-Ընտրվելուց հետո ՕԵԿ-ին կանդամագրվե՞ք: Չէ՞ որ Ձեր հորաքույրը ՕԵԿ-ական է:
-Հիմա չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ: Հետագայում հնարավոր է:
-Պարո՛ն Եղոյան, գյուղապետի աշխատավարձի չափը քիչ է, իսկ արտագնա աշխատանքը՝ ավելի եկամտաբեր: Պատրա՞ստ եք դրան:
-Եթե պատրաստ չլինեի, ապա չէի գա: Այդ ամեն ինչը մտածել եմ:
-Ի՞նչ եք կարծում՝ բնակիչները Ձեզ կընտրե՞ն:
-Ես գիտեի, թե անցյալ տարի էր ընտրությունը, բայց փաստորեն այս տարի է, դրա համար բնակիչների հետ Ռուսաստանից խոսել եմ: Իրենց հետ հաշվարկել եմ ու նոր առաջադրվել: Վստահ եմ, որ կանցնեմ:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 
ՄԱՐԶԵՐ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԱՆՏԵՍԵԼ ԵՆ
1994թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է ուսուցչի եւ կրթական ոլորտի բոլոր աշխատողների միջազգային օր, որը նշվում է աշխարհի 100-ից ավելի երկրներում: Հոկտեմբերի 3-ին ուսուցչի օրվան նվիրված միջոցառում կայացավ նաեւ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում մանկավարժների թիվը մի քանի հազար է, մանկավարժներն ամենաբազմամարդ մասնագիտական խումբն են: «Ժողովուրդ»-ի թղթակիցը իջեւանցի ուսուցիչներից բողոքի հեռախոսազանգեր ստացավ առ այն, որ 5 հազար բնակիչ ունեցող սահմանամերձ Նոյեմբերյանում ուսուցիչների մասնագիտական տոնը նշվել է, իսկ 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանում՝ Տավուշի մարզկենտրոնում, ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն չի կայացել: Իջեւանցի ուսուցիչները հիշեցրեցին, որ այս տարվա հունվարի 28-ին ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ եւս չկայացան մարզկենտրոնում: «Եթե բանակի եւ ուսուցչի օրը չի տոնվում, էլ ո՞ւմ օրն են տոնում»,- դժգոհեցին իջեւանցի ուսուցիչները:

 

ՊՆ-Ն ԿՆՈՋԸ ՎՏԱՐԵՑ
2014թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփականության իրավունքով նախարարությանը պատկանող Դիլիջանի Զինվորական թաղամասի 103/1 տնակից Հերմինե Անտոնյանին վտարելու պահանջով: Հայցի մեջ նախարարությունը հայտնել է, որ Հ. Անտոնյանը Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկում երբեւիցե ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել, սակայն 2002թ.-ից ապօրինի զբաղեցնում է Զինվորական թաղամասում գտնվող հիշյալ տնակը, որը հանդիսանում է պաշտպանության նախարարության սեփականությունը: Հայցադիմումի մեջ նշված է. «Պատասխանող Հ. Անտոնյանը տարբեր հրամանատարների կողմից բանավոր բազմիցս զգուշացվել է տնակն ազատելու վերաբերյալ, սակայն ապարդյուն»: Հ. Անտոնյանը 2008թ. հունիսի 27-ին այդ տնակում հաշվառվել է փաստացի հիմունքներով, որի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից կատարված ստուգման արդյունքները: Դիլիջանում 2014թ. օգոստոսի 7-ին կայացած նախնական դատական նիստում Հ. Անտոնյանն առարկել է հայցի դեմ, սակայն պատշաճ ծանուցված լինելով սեպտեմբերի 19-ին նշանակված դատաքննության մասին, դատական նիստին չի ներկայացել: Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է հայցը բավարարել եւ Հ. Անտոնյանին վտարել ՀՀ պաշտպանության նախարարության սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Զինվորական թաղամասի թիվ 103/1 հասցեում գտնվող տնակից: Տարակուսելի է, թե ինչպե՞ս է զինվորական ծառայության մեջ չգտնվող կինը 12 տարի բնակվել պաշտպանության նախարարությանը պատկանող տնակում: Միթե այս ողջ ընթացքում նախարարությունը գույքի հաշվառում չի արել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս