168 ժամ. Մայիսի 7-ից հետո խմորումներ են սկսել ՀԱԿ վերնախավում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի տեղեկություններով, մայիսի 7-ից հետո խմորումներ են սկսել ՀԱԿ վերնախավում` կապված ընտրությունների արդյունքներն ընդունել-չընդունելու հետ: ՀԱԿ անդամների մի մասը գտնում է, որ նման ընտրությունների արդյունքներն ըստ էության ընդունելը և խորհրդարան գնալը կարող է վերջնականապես հեղինակազրկել իրենց: Այդ տեսակետի կողմնակիցներն առաջարկում են հրաժարվել պատգամավորական մանդատներից: Այդ տարբերակին դեմ են առաջին հերթին խորհրդարան անցած գործիչները, և որ ՀԱԿ-ում ամենակարևորն է` առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հրաժարվելով մանդատից` իր տեղը զիջեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Ի դեպ, հենց այդ խմորումներով է բացատրվում հանգամանքը, որ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առայժմ պաշտոնապես չի հայտարարել մանդատը վայր դնելու մասին, չնայած դեռ ընտրություններից առաջ հստակ ասել է, որ Աժ չի գնալու: Թերթի տեղեկություններով, Ա. Սարգսյանը չի փոխել իր որոշումը, ավելին, հավանական է համարվում, որ առաջիկայում նա դուրս կգա նաև ՀԱԿ-ից: Իսկ առայժմ դա չի անում, քանի որ ՀԱԿ-ի` արմատական տրամադրված գործիչները փորձում են Ա. Սարգսյանին համոզել չհրաժարվել մանդատից: Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ Ա. Սարգսյանի ներկայությունը Աժ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում գոնե զսպող նշանակություն կունենա: “Հանրապետության” ղեկավարը, ինչպես հայտնի է, ի սկզբանե դեմ էր այդ համագործակցությանը, ինչը, շատ կոնգրեսականների կարծիքով, դարձավ ՀԱԿ-ի հեղինակազրկման հիմնական պատճառը: Ի դեպ, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀԱԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ևս կարող է հրաժարվել պատգամավորական մանդատից: Թերթի տեղեկություններով, ՀԱԿ որոշ շրջանակներ այս օրերին ակտիվորեն աշխատում են Դեմիրճյանին դրանում համոզելու ուղղությամբ` դա հիմնավորելով նրանով, որ Աժ-ում մնալով` նսեմացնում է երբեմնի “ազգընտիր նախագահի” իր կարգավիճակը: Թերթը նշում է, որ Արամ Սարգսյանի` մանդատից հրաժարվելու դեպքում խորհրդարան կգնա ՀԱԿ ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, իսկ եթե մանդատից հրաժարվի նաև Ս. Դեմիրճյանը, պատգամավոր կդառնա Մանուշակ Պետրոսյանը:




Լրահոս