ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՍԱՐՔԸ ՊԱՏՈՒՀԱՍ Է ԴԱՐՁԵԼ

2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրենց քաղաքացիությունը դադարեցնել են տվել 10.668 մարդ: Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը: Ըստ գնդապետի, բավականին լարված է եղել նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգին անցնելու պրոցեսը:

«Ժողովուրդ»-ի խմբագրությունն էլ բազում ահազանգեր է ստացել մի շարք քաղաքացիների կողմից, որոնք հայտնում են, որ ոստիկանությունը հորդորում է, իսկ անձնագիրը կորցնելու դեպքում՝ նաեւ ստիպում է մարդկանց հին նմուշի անձնագիրը փոխարինել նոր, ճամփորդական անձնագրով եւ նույնականացման քարտով: Սակայն մարդիկ նոր քարտերով խնդիրների առաջ են կանգնում, քանի որ բանկերում, առեւտրի կենտրոններում նույնականացման քարտով հրաժարվում են գործարք կատարել` պատճառաբանելով, թե չունեն այն սարքը, որով հնարավոր կլինի ստուգել քաղաքացու տվյալները:
Այս եւ այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանի հետ:
-Պարո՛ն Սարդարյան, քաղաքացիները շատ հաստատություններում, այդ թվում եւ՝ բանկերում, չեն կարողանում հին նմուշի անձնագրերին փոխարինող նույնականացման քարտով գործարք կատարել, քանի որ քարտը ստուգող սարքեր չկան:
-Սա ոստիկանության գործառույթներից դուրս է:
-Այսինքն՝ Դուք միայն պարտադրում եք, որ քաղաքացին ձեռք բերի քարտը, իսկ թե հետո ինչ կլինի, չե՞ք հետաքրքրվում:
-Սարք չունենալը ծառայություն մատուցող կազմակերպության խնդիրն է: Եվ ցանկացած կազմակերպություն ինքը պետք է շահագրգռված լինի ձեռք բերելու նույնականացման քարտի տվյալները կարդացող սարք: Օրինակ, եթե ես մոտենում եմ որեւէ կազմակերպության, եւ նրանք սարքը չունեն, կարող եմ պահանջել՝ ասելով, որ սա իմ անձը հաստատող փաստաթուղթն է, իսկ սարքը հայթայթելու խնդիրն արդեն իրենցն է: Չեմ ասի՝ որ բանկը, բայց հայտարարություն էր տարածել, որ նույնականացման քարտով գործարք չի կատարում, վիզաների վարչության կողմից գրություն ուղարկեցինք բանկի ղեկավարությանը՝ ասելով, որ նույնականացման քարտն անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, եւ եթե դուք մերժում եք քաղաքացուն գործարք կատարել, ապա գրավոր տվեք հիմնավոր պատասխան: Եթե չեք տալիս, ապա պետք է թույլ տաք ձեր ծառայությունից օգտվել: Բանկը հասկացավ, որ սխալ է անում, ձեռք բերեց սարքը եւ կատարեց գործարքը:
-Այնուամենայնիվ, ավելորդ քաշքշուկ է ստեղծվել: Եւ շատ քաղաքացիներ չեն կարողանում գործարք կատարել, բանկը հրաժարվում է սարք ձեռք բերելուց:
-Բանկը պետք է շահագրգռված լինի, ինչքան քաղաքացի գնա, դա իր օգուտն է: Ուշ թե շուտ բոլորն էլ այդ սարքավորումներն ունենալու են:
-Եթե քաղաքացին կորցրել է ե՛ւ նույնականացման քարտը, ե՛ւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ի՞նչ է սպասվում նրան: Հին նմուշի անձնագրի դեպքում քաղաքացին դիմում էր գրում եւ ստանում նոր անձնագիր:
-Այս դեպքում նա պետք է վճարի նույնականացման քարտի համար նախատեսված 3000 դրամը, կենսաչափականի համար՝ 25.000 դրամը:
-Չե՞ք կարծում, որ շատ դաժան պայմաններ են:
-Բայց ինչո՞ւ, քաղաքացին է, չէ՞, կորցրել իր քարտը: Եվ հետո՝ այն ժամանակ միայն դիմումով չէր, վճարում էին անձնագրի գումարը՝ 1000 դրամ, վավերականությունը` 1000, հինգը տարվա վավերականության համար՝ 5000 դրամ: Եթե նկատեցիք՝ նույնականացման քարտի դեպքում ընդամենը 3000 դրամ է, ինչն առավել մատչելի է: Իսկ կենսաչափականն այլ հարց է :
-Երբ ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունից արտաքսում են, նրանք գալիս են Հայաստան եւ այլ անուն ազգանունով անձնագիր են ձեռք բերում, ապա հետ են վերադառնում այնտեղ, որտեղից եկել էին: Ի՞նչ եք անում այս խայտառակությունը կանխելու համար:
-Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր անուն ազգանունը փոխել: Եթե քաղաքացին ցանկանում է փոխել իր անունը կամ ազգանունը, մենք իրավունք չունենք մերժելու: Դա օրենքով թույլատրելի է: Դա մի՛ շփոթեք այն երեւույթի հետ, երբ ինչ-որ մեկին արջի ծառայություն են մատուցել եւ հապճեպ, առանց հիմքի տվել են այդ անձնագիրը: Դա քրեորեն պատժելի արարք է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՔՆՆՈ՞ՒՄ ԷԻՆ
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մարտունեցի) Քննչական կոմիտեի շենքում էր: «Ժողովուրդ»-ը նկատել է, թե ինչպես է պատգամավորը կոմիտեի շքամուտքի մոտ երկար զրուցում անվտանգության աշխատակիցների հետ, բացատրում, թե ով է, ինչու է եկել: Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները թույլատրեցին նրան գնալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում էր այցելել քննչական կոմիտե: «Դուք ճիշտ եք նկատել, ես այնտեղ եմ եղել, սակայն պարտադիր է՝ քրեական գործ լինի՞, որ նոր այցելեմ: Քրեական գործի համար չեմ այցելել»,-տարակուսեց պատգամավորը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ գործ ուներ Աղվան Հովսեփյանի հետ:
Հանուն ճշմատրության պետք է ասել, որ Հ. Հակոբյանը մտերիմ հարաբերություններ ունի Ա. Հովսեփյանի հետ:

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵ՞Լ Է
«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի հետ առերեսման ժամանակ հաստատել է, որ իրեն հովանավորել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Երբ Աշոտ Սուքիասյանին հարցրի Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի ստորագրությունների մասին, ասաց, որ ինքը կեղծել է դրանք, որ Սարգսյանն ու Կճոյանն իրեն «կռիշ» կանգնեն, հովանավորեն: Իսկ թե ումից էիր վախենում, որ նրանց հովանավորության կարիքն ունեիր, չպատասխանեց: Ես էլ ասացի, որ դու վարչապետին հանցագործության մեջ ես ներքաշել, քանի որ հանցագործին հովանավորողը կրկնակի հանցագործ է, ոչ մի բան էլ չասաց»,- NEWS.am-ի հետ զրույցում առերեսման մանրամասները ներկայացնելով` հայտնել է Փայլակ Հայրապետյանը:

 

ԲԵՐՔ ՉԵՆ ՀԱՎԱՔԵԼ
Հայ մեծանուն գրող, բանաստեղծ Պարույր Սեւակի ծննդավայրի՝ Զանգակատուն համայնքի բնակիչների մոտ դժգոհության ալիք է բարձրացել: Բանն այն է, որ այս գյուղի բնակիչները ոռոգման ջուր չունեն, ինչի համար էլ ցանքսի ողջ շրջանում չեն կարողացել ըստ պահանջվածի ջրել սեփական պտղատու այգիները: Արդյունքում՝ գյուղացիներն այսօր չունեն վաճառքի ենթակա մթերք:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանի հետ, ով ասաց. «Մենք ոռոգման համակարգի ջրագծի խնդիր ունենք եւ չենք կարողանում մեր ցանկացածի չափով ջուր վերցնել: Դրա համար էլ մի հողատարածք ջրելը մեզ մոտ մեկ ամիս է տեւում: Այսինքն՝ մի մարդու ամիսը մեկ անգամ է ջուր հասնում: Այգի չի չորացել, բայց լավ էլ չի ջրվել, եւ մարդիկ նորմալ բերք չեն ստացել: Օդի պես անհրաժեշտ է այս հարցը լուծելը»: Նշենք, որ այս խնդրով գյուղապետը բազմիցս դիմել է մարզպետարան եւ «Արարատ» ՋՕԸ, սակայն՝ անարձագանք: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղված ՀՀ ջրային պետական կոմիտեի նոր ղեկավար Վահե Հակոբյանը: Չէ՞ որ նա եկել էր ոլորտի խնդիրները կարգավորելու խոստմամբ:

 
ԲԼԹ

«Դժվար է անտարբեր մնալ, երբ իմ ժողովուրդը տուժում է չինովնիկների սխալի պատճառով»:

Գագիկ Ծառուկյան «Նեզավիսիմայա Գազետա»

Բայց չէ՞ որ մինչեւ այլըտրանք դառնալը ԲՀԿ առաջնորդը լավ էլ կարողանում էր անտարբեր մնալ` լինելով այսօր իր կողմից քննադատվող իշխանության կազմում: Եվ դա նրա մոտ բավականին հեշտ էր ստացվում: Ավելին՝ նա ոչ միայն անտարբեր էր մնում, այլեւ համագործակցում էր այդ նույն սխալները գործող չինովնիկների հետ, որոնց թվում կային նաեւ իր թիմակիցներից: Հիմա որպես ի՞նչ է ռուսական լրատվամիջոցով իրեն ներկայացնում որպես ժողովրդի ցավով ապրողի: Սա հիշեցնում է նախագահական ընտրություններից առաջ Բրյուսելում նրա բոցաշունչ ելույթը, որից հետո վերադարձավ եւ չառաջադրվեց:

 
«Ես ինֆորմացիային չեմ տիրապետում… Զանգ տվե՛ք Այիմդոս Բոզժիգիտովին` դեսպանին, ինքը ձեզ կասի»:

Արտաշես Գեղամյան Yerkir.am

Ահա այսպիսի պատասխան է տվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր դարձած նախկին ընդդիմադիր Գեղամյանը՝ խոսելով ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ տեղադրելու հնարավորության մասին: Սա նշանակում է, որ ընդգծված ռուսամետ Գեղամյանն անգամ լավ հեռանկար չի տեսնում մեր համար այս առումով: Թե չէ աշխարհի բոլոր գրքերը կարդացած, ամեն րոպե մեջբերումներ անող, քաղաքական ուժերին խելք ու խրատ տվող Գեղամյանը դժվար թե որեւէ բանից անտեղյակ լինի, եթե դա վերաբերում է մեզ ֆորպոստ համարող Ռուսաստանի Դաշնությանը:

 
«Մի շարք զորամասեր գտնվում են դժվարանցանելի վայրերում… գործնական անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար այցելություններ կատարելու միջոցով…»:

Արմեն Ալավերդյան Armlur.am

Ֆինանսների փոխնախարարը եթե չասեր էլ, մենք, միեւնույն է, գիտեինք, որ ՊՆ շատ զորամասեր եւ ստորաբաժանումներ գտնվում են դժվարանցանելի վայրերում: Սակայն մենք գիտենք նաեւ, որ դժվարանցանելի վայրերը հնարավոր է հաղթահարել ավելի էժան եւ ոչ պակաս ամուր ու հուսալի ավտոմեքենաներով, քան 23 միլիոն դրամ արժողությամբ «Տոյոտա Պրադոն» է, որն ամրակցված էր ֆինանսների նախարարությանը եւ հանձնվել է ՊՆ-ին: Պարզապես մեր պաշտոնյաները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ հատկապես զորամասեր այցելելու դեպքում մեքենայի գինն ու շքեղությունը կարեւոր չեն:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս