Լ. Զուրաբյանը չի բացառում, որ հանրահավաքները կարող են շուրջօրյա լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքը լինելու է քայլերի միասնական ծրագրերի հանրահավաք: Այս մասին երեք ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ժողովուրդը գալու է շատ ավելի հստակ գործողությունների համար:

Այն հարցին, թե կա՞ն առաջարկներ իշխանություններին ուղղված, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ իրենք ոչ մի առաջարկ չունեն: «Մենք մեր անելիքը գիտենք, եթե իշխանությունն առաջարկություն ունի, ապա դրա համար քիչ ժամանակ կա»,- նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, թե առանցքային հարցերը երկուսն են՝ իշխանությունը սպառված է, և երկրորդ՝ իշխանություն պետք է ձևավորել, որը կարող է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները:

Այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կասի՞ այն,  ինչ ուզում է լսել ժողովուրդը, Զուրաբյանը պատասխանեց. «Հուսով եմ` ոչ մի խափանիչ հանգամանք չի ստեղծվի»: Հարցին` հնարավո՞ր է եռյակի առաջնորդների հանդիպում լինի մինչև հանրահավաքը, Լևոն Զուրաբյանն ասաց, որ շատ հնարավոր է լինի հանդիպում:

Ըստ նրա՝ հոկտեմբերի 24-ին հրավիրված հանրահավաքին քաղաքական նպատակներն իրականացնելու համար ամեն ինչ էլ կարող են անել՝ նստացույց, երթ և այլն: Հարցին, թե հնարավո՞ր է հանրահավաքները լինեն շուրջօրյա, պատասխանեց. «Իսկ ի՞նչն է մեզ խանգարում, ինչ Սահմանադրությամբ թույլատրվում է, մենք կարող ենք անել այն, ինչ-որ հարմար կհամարենք մեր քաղաքական նպատակներն իրագործելու համար»,- եզրափակեց նա:




Լրահոս