ՎՊ-Ն ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ՀՀ վերահսկիչ պալատը 2013 թվականին համապատասխան ստուգումներ եւ ուսումնասիրություններ է իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում: Ստուգումները տեւել են գրեթե մեկ տարի: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:
ՎՊ-ի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մասնավորապես արձանագրվել են ապօրինի հողօգտագործման դեպքեր. պետական արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող տնտեսություն:
Բացի այս, արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր եւ Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչներն իրենց գյուղատնտեսական գործունեությամբ, տրանսպորտային միջոցների մուտք ու ելքով խախտում են արգելոցի պահպանության ռեժիմը: Գիլանլարի տարածքում գոյություն ունեն շուրջ 40 տնտեսություններ, իսկ Գյոլայսորի տարածքում առկա է 10 տնտեսություն: Այս տարածքներում անվերահսկելի է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությունը, իսկ պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը: Այս պայմաններում արդյունավետ չի կարող լինել նաեւ պայքարը որսագողության եւ ձկնորսության դեմ:
Ավելին՝ ըստ ՎՊ-ի՝ նախորդ տարվա ապրիլին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրային տարածքներում կենդանական եւ բուսական աշխարհին հասցվել է էական վնաս, տեղի է ունեցել ձկնային պաշարների զանգվածային ոչնչացում: Փաստի առթիվ նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժին, սակայն քննության արդյունքում չի հիմնավորվել մարդկային գործոնի ազդեցությունը, որի հետեւանքով մերժվել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
ՎՊ-ի կողմից հայտնաբերված խնդիրներից է նաեւ Վեդի քաղաքի տարածքում` Վեդի գետի վրա, դեռեւս 2000թ-ից. շահագործվող ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրբաժան պատնեշի շինությունը, որը կառուցվել է բնապահպանական նորմերի խախտմամբ: Արդյունքում՝ կառույցում չի գործում ձկնուղի, փակվել է ձկների սեզոնային միգրացիան Արաքս գետից դեպի Վեդի գետի՝ Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող բնական ձվադրավայրեր: Հետեւաբար խոչընդոտվել է ձկների ձվադրությունն ու բազմացումը, որի հետեւանքով վնաս է հասցվել կենդանական ու բուսական աշխարհի բնականոն զարգացմանը:
Ի դեպ, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում, ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը, եւ էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Ավելին՝ արգելոցի գործող սահմանները չեն համապատասխանում էկոհամակարգերի զարգացման եւ պահպանման պայմաններին:
ՎՊ-ի ստուգումների արդյունքում բացահայտվել է նաեւ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կողմից համակողմանի գիտական հետազոտություններ գրեթե չեն իրականացվել: Կատարված գիտական ուսումնասիրությունների վերաբերյալ 2012թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված բուկլետի տպագրությունը չի իրականացվել: Իսկ ահա տպագրության համար նախատեսված 400 հազար դրամը պետք է վերադարձվի պետբյուջե: Ըստ ՎՊ-ի՝ արգելոցի ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին եւ մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ եւ հսկողության տեխնիկական միջոցներ:
Արգելոցում յուրաքանչյուր տեսուչի բաժին է ընկում 700 հա տարածք, եւ հասկանալի է, որ այդ դեպքում հնարավոր չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Ավելին՝ տեսուչները լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներով:
Բացահայտված խնդիրների կարգավորման վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով մասնավորապես ասաց. «ՎՊ-ն մեզ հետ միասին է այդ խախտումները հայտնաբերել: Մենք իրենց ներկայացրել ենք, որ նման խնդիրներ ունենք դեռ նախկինից եկած: Դրանք վաղուց է, ինչ կան: Եւ հայտնաբերված խնդիրների մեծ մասը մենք արդեն այս տարի կարգավորել ենք»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե այս խնդիրների առկայության համար իրականում ով է մեղավոր՝ նախկին տնօրեննե՞րը, Հովակիմյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նախկին տնօրենների մասին որեւէ բան ասել, բայց խնդիրներ եղել են եւ այսօր էլ կան: Մենք աշխատում ենք դրանց կարգավորման ուղղությամբ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԵՆ ԱՌԵՐԵՍՎՈՒՄ
Նախօրեին գործարար Փայլակ Հայրապետյանն Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջին անգամ առերեսվել է իրեն սնանկացման եզրին հասցրած ադամանդագործի՝ Աշոտ Սուքիասյանի հետ: Մինչդեռ վերջինիս պաշտպան Յուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ այս շաբաթ առերեսում չի եղել, իսկ նախորդ շաբաթ Սուքիասյանն ու Հայրապետյանը երկու անգամ առերեսվել են:
Ավելին՝ կալանավորի պաշտպանը տեղեկացրեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը չի հնչել, թեպետ Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ Աշոտ Սուքիասյանն իրեն խոստովանել է, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը միջամտել է օֆշորային գործին: Armlur.am-ի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի ստեղծված իրավիճակը, Փայլակ Հայրապետյանն այս անգամ էլ ասել է. «Դե, հա էլի, նախորդ շաբաթ առերեսվել ենք: Ուղղակի այդ ժամանակ առանց պաշտպանի եմ եղել»:
Հիշեցրինք, որ նա պաշտպան չունի նաեւ հիմա եւ վերջին առերեսմանը եւս չի ունեցել, գործարարը նշեց. «Գիտեմ, դե»: Ապա շարունակեց. «Վարչապետի անունը տալով չի: Կա ձեռնարկություն, որը գրանցված է վարչապետի անունով: Իսկ մեր գումարները գրանցված են այդ ձեռնարկության վրա: Ես իրան ասում եմ՝ բա ո՞նց էղավ, ասում է՝ ես դրանք գրել եմ, որպեսզի պաշտպանեմ իմ ունեցածը: Ես էլ ասում եմ՝ այ տղա ջան, խի վարչապետը գողերի պաշտպա՞նն է, ես չեմ հասկանում: Եթե Տիգրան Սարգսյանի առկայությունը չլինի, ինչպե՞ս կգրանցվեր»,-զայրացած շարունակել է խոսքը Փայլակ Հայրապետյանը:
Ի դեպ, նշենք, որ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանն ասել է, որ չի հասկանում, թե ի՞նչ շահագրգռվածություն կարող է ունենալ Փայլակ Հայրապետյանը եղած առերեսումները թաքցնելու մեջ: Պաշտպանի փոխանցմամբ, եթե լինեն հակասություններ կամ անհասկանալի պահեր, Սուքիասյանը եւ Հայրապետյանը կրկին կառերեսվեն:
ՉԻ ՓՈԽՎԵԼ
Եվրամիությունը չի փոխել Հայաստանի հանդեպ քաղաքականությունը: Այս մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանում անցկացված ԵՄ Ակումբի երրորդ թրեյնինգի շրջանավարտներին հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: «Նրանք, ովքեր պնդում են այդ, կա՛մ ճիշտ տեղեկատվության չեն տիրապետում, կա՛մ նպատակուղղված են այդ անում»,- ասել է Տրայան Հրիստեան:
Խոսելով Հայաստանում ԵՄ Ակումբի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ դա հրաշալի նախաձեռնություն է, որը լավ հարթակ է դարձել Հայաստանի մասին ավելին իմանալու համար:
Հիշեցնենք, որ Եվրամիության Ակումբի երրորդ թրեյնինգը Հայաստանում մեկնարկել է սեպտեմբերի 26-ին: Եռօրյա հավաքին մասնակցել են պաշտոնատար անձինք, պատգամավորներ, հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների, գործարար, գիտական եւ կրոնական շրջանակների ներկայացուցիչներ: