Ընդդիմության 10 հազար կողմնակից իշխանափոխություն էր պահանջում. The Guardian-ի անդրադարձը` «եռյակի» հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին կայացած ոչ իշխանական ուժեր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համապետական հանրահավաքին անդրադարձել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ:

Ներկայացնում ենք ամերիկյան հայտնի պարբերականներից մեկի՝ The Guardian-ի անդրադարձը.

«Ընդդիմության ավելի քան 10 հազար կողմնակից հոկտեմբերի 10-ին մասնակցում էր Երևանի կենտրոնում մեկնարկած հանրահավաքին՝ պահանջելով իշխանափոխություն: Նրանք գործող իշխանություններին մեղադրում են կոռուպցիային և աղքատությանը չդիմակայելու  մեջ:

«Եկել է ժամանակն ազատվելու ավազակապետական և կոռումպացված իշխանությունից»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ և Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Հայաստանի երեք հիմնական ընդդիմադիր ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքին ներկա խոշոր բազմությունը բողոքում էր երկրում առկա գների աճի և համատարած կոռուպցիայի դեմ: Պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ցուցարարները վանկարկում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր»:

«Մեր իշխանությունները բավական ժամանակ են ունեցել Հայաստանում կենսամակարդակը բարելավելու համար, բայց նրանք դա ձախողել են և հիմա պետք է հեռանան»,- AFP-ի հետ զրույցում ասել է հանրահավաքի մասնակիցներից 34-ամյա Աննա Սարոյանը:

Ուրբաթ օրվա հանրահավաքը զուգադիպել է Եվրասիական տնտեսական միությանը անդամակացության փաստաթղթի ստորագրման հետ, որը Հայաստանի տնտեսությունը կապում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսություններին և հեռացնում Եվրամիությունից: Սարգսյանն այդ համաձայնագիրը ստորագրել է Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

3.2 մլն բնակչություն ունեցող Հայաստանի վրա վատ է անդրադարձել համաշխարհային ճգնաժամը: Նախկին սովետական պետությունը տնտեսապես մեկուսացված է՝ առկա հակամարտություններով պայմանավորված,  Թուրքիայի ևԱդրբեջանի կողմից սահմանները փակելու պատճառով», – գրված  է հոդվածում:




Լրահոս