Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդեվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որում ասված է.
“Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնին անվիճելի վկայությունն է այն զգալի ավանդի, որը Դուք ներդրել եք Ձեր երկրի տնտեսության զարգացման, անվտանգության ամրապնդման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Համոզված եմ, որ Ձեր հարուստ փորձը հաջողության գրավական կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր նախաձեռնություններում և, մասնավորապես, երկրի տնտեսության կայուն աճի ապահովմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: Կցանկանայի նաև Ձեզ և ողջ ռուս ժողովրդին ջերմորեն շնորհավորել Հաղթանակի օրվա առթիվ: Ֆաշիզմի դեմ պայքարում մեր ժողովուրդների գործած սխրանքը մեզ համար հանդիսանում է մշտական արժեք և ընկալվում է որպես արիության և բարձրագույն հոգևոր արժեքների դրսևորման օրինակ: Օգտվելով առիթից, ցանկանում եմ հավաստել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման և հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն կապերի առաջընթացն ապահովման նպատակով այսուհետ ևս ամեն ջանք գործադրելու իմ պատրաստակամությունը”:




Լրահոս