ՀԱԿԱՏՈՆԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներն ընտրատեղամասեր էին եկել իրենց անչափահաս զավակների ու թոռների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, իր հետ բերել էր մանկահասակ որդուն, ՕԵԿ ղեկավարը` ողջ ընտանիքին, որոնց հետ մինչ այդ եկեղեցում վառել էր հաջողության մոմը: Թոռների հետ էին ընտրատեղամաս եկել նաեւ ՀՀ նախկին երկու նախագահները` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ու թեեւ օրենսդրական որեւէ սահմանափակում չկա, այնուամենայնիվ, այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր անչափահաս երեխաներին ընտրատեղամասեր տանելու իմաստը: Եթե ընտանյոք հանդերձ ընտրություններին գնալով` քաղաքական առաջնորդները փորձում են ցույց տալ, թե ընտրություններն իրենց համար տոն են, ապա դա անիմաստ է, քանի որ Հայաստանում անգամ համազգային տոներին ժողովուրդը տոնական տրամադրություն չի ունենում, էլ ուր մնաց` ընտրությունների օրը: Եւ եթե քիչ թե շատ տոնական տրամադրություն էլ առկա էր, ապա այն մարդկանց մոտ, որոնք հաջողացրել էին իրենց ձայնը «թանկով վաճառել» կամ էլ միանգամից երկու քաղաքական ուժերից ընտրակաշառք «կպցնել»: Բայց դա, իհարկե, միայն այն քաղաքացիների մոտ, որոնք թքած ունեն ամեն ինչի վրա, սեփական ապագայի` եւս: Իսկ առհասարակ, անկախությունից հետո ՀՀ-ում համապետական ընտրությունների օրը միայն մեկ անգամ է գրեթե համազգային տոն եղել` 1991թ-ին: Այն էլ` ասում ենք գրեթե, որովհետեւ այդ տարիներին, այդուհանդերձ, Հայաստանի բնակչության մի ստվար հատվածը դեռ ապրում էր կոմունիստական գաղափարախոսությամբ եւ խորին թերահավատությամբ էր լցված առ անկախ Հայաստանի պայծառ ապագան: Անցած 20 տարիների ընթացքում միակ  շոշափելի փոփոխությունն այն է, որ այսօր արդեն այդ թերահավատությունն առկա է մեր քաղաքացիների գերիշխող մեծամասնության մոտ` անկախ մայիսի 6-ին անցկացված ընտրությունների արդյունքներից, իսկ ավելի ճիշտ` նաեւ հենց այդ արդյունքների պատճառով: Քանզի, եթե հավատանք ընտրությունների պաշտոնական արդյունքներին (առայժմ նախնական), Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած 663 հազար հոգին, այնուամենայնիվ, հավատում է մեր երկրի պայծառ ապագային, իսկ ընդհանուր առմամբ, իշխանական կոալիցիայի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ  ՕԵԿ-ի օգտին քվեարկած  քաղաքացիները կազմում են 1 միլիոն 200 հազար 400  հոգի, այսինքն՝ ՀՀ ընտրողների ցուցակում եղած քաղաքացիների շուրջ 48, իսկ ընտրություններին մասնակցածների մոտ 79 տոկոսը: Հետեւաբար, ստացվում է, որ այդքան մարդու համար ընտրությունները եթե ոչ տոն, ապա համենայնդեպս ակնկալիքների ու սպասումների օր է եղել` հավատալու, վստահելու եւ պահանջելու` համապատասխան այդ ուժերի կարգախոսներին: Սակայն արդյո՞ք դա այդպես է: Իրականության, տխուր իրականության եւ ընտրությունների արդյունքում ձեւավորված պատկերի խորը հակասությունը երեւում է ամեն օր` Հայաստանից հեռացող քաղաքացիների պարզ վիճակագրությամբ:




Լրահոս