ԳԱԶՈՎ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 4 օր է անցել Հանրապետության հրապարակում արձանագրված դժբախտ պատահարից, սակայն դեռեւս 15 տուժածներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մենք փորձեցինք ՀՀԿ-ից պարզել, թե ինչ բացահայտումներ են արվել այս ընթացքում, ի վերջո, ովքեր են այդ փուչիկները հրապարակ բերել, եւ ովքեր են պատասխանատուները: Սակայն պարզվեց, որ ՀՀԿ-ի համար հիմա  ամենակարեւոր եւ միակ թեման հետընտրական «ռազբորկաներն» են. մեզ չհաջողվեց նրանց շեղել թվերի հաշվառման գործընթացից:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման տեխնիկական մասն ապահովել է «Շարմ» ընկերությունը, որտեղից, սակայն, մեզ տեղեկացրին, որ կոնկրետ փուչիկների հետ իրենք կապ չունեն: ««Շարմ»-ը չի մատակարարել այդ փուչիկները»,-վստահեցրեց «Շարմ»-ի աշխատակից Իզաբելլա Մանասարյանը:
Փորձեցինք տեղեկություն ստանալ նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Տեղի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից մեզ ասացին. «ԱԻՆ-ը ոչ մի նման գործառույթ կամ լիազորություն չունի, որ ձեզ պատասխանենք: Իսկ կասկածների եւ վարկածների հետ կապված՝ դիմե՛ք ոստիկանություն: Եթե մեր մասնագետների անհրաժեշտությունը լինի, մենք պատրաստ ենք աջակցել»: ԱԻ նախարարությունից նշեցին, որ իրենք  չգիտեն, թե  պայթյունը որ մասից է սկսվել. «Դրանով համապատասխան մարմիններն են զբաղվում, իսկ մեր գործառույթների մեջ մտնում է արձագանքել եւ մարել հրդեհը»:
ՀՀԿ միջոցառմանը մասնակցում էր նաեւ «Հայոց արծիվներ» ՀԿ-ն, ուստի մենք զրուցեցինք նաեւ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հետ` պարզելու համար, թե արդյոք իր ղեկավարած ՀԿ-ն է կազմակերպել փուչիկների «ներկրումը» հրապարակ. «Խաչիկը՝ արծիվների հետ միասին, այդ փուչիկների հետ կապ չունի: Մենք շարքը կանգնել ենք պաստառներով: Երբ պաստառներով մտանք հրապարակ, այդ փուչիկներն արդեն կային եւ օդում ճոճվում էին: Իսկ երբ այդ պայթյունը եղավ,  մենք մեր արծիվներով մտանք ու մեր օգնությունը ցույց տվեցինք»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀԿ նշանով փուչիկների հարցով զբաղվել է ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանը, որն իր երիտթեւի անդամների միջոցով էլ կազմակերպել է էժանագին, անհայտ ծագման գազով լցված փուչիկների մատակարարումը ՀՀԿ երիտասարդ ակտիվիստներին: Ավելին, փուչիկներով, երթով գնացել է հրապարակ: Սակայն մեզ հետ զրույցում Կարեն Ավագյանը հավաստիացրեց, որ ինքը տեղյակ չէ, թե որ կազմակերպությունից են պատվիրվել փուչիկները: «Ոստիկանությունն այս պահին քննում է: Իսկ մեր կազմակերպության երիտասարդները վերցրել են արդեն գազով լցված փուչիկները եւ հրապարակ մտել: Ես տեղյակ չեմ ոչ մի բանից: Մի քիչ համբերեք եւ այդ հարցերի պատասխանը կիմանաք»,-ասաց անտեղյակ ՀՀԿ-ականը՝ կոչ անելով բոլորին չքաղաքականացնել տեղի ունեցածը:
«Ժողովուրդ»-ն այս առիթով փորձեց պաշտոնական տեղեկություն ստանալ ՀՀԿ-ի կազմակերպչական գծով տեղակալ Ռուբեն Թադեւոսյանից, որը պատասխանեց. «Վաղը պաշտոնական հարցո՛ւմ արեք մեր լրատվականից, եւ նրանք էլ կասեն: Այսօր մերոնք զբաղված էին ընտրությունների արդյունքներով: Ես ոչինչ չեմ կարող ասել, տեղյակ չեմ, իսկ սխալ բան ես երբեք չեմ ասում: Դե պետք է փաստաթղթերով նայեն, նոր ասեն: Վաղը զանգե՛ք, կասեն, ամեն օր էլ թերթը հրապարակվում է, վա՛ղը գրեք այդ մասին»,-խորհուրդ տվեց ՀՀԿ-ականը:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ գործի կապակցությամբ նախաքննություն է կատարվում:
Այսպիսով՝ մեզ չհաջողվեց պաշտոնական տեղեկություն ստանալ, թե որտեղից են այդ փուչիկները հասել Հանրապետության հրապարակ: Թեեւ մեզ հետ զրույցում  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խորհուրդ տվեց դավադրություն չփնտրել` նշելով, որ «ըստ երեւույթին, փուչիկները լցվել են էժան գազով», այնուամենայնիվ՝ կարծում ենք՝ նման միջադեպից հետո դրսեւորվող անտարբերությունն ու դանդաղկոտությունը հենց ամենամեծ դավադրությունն է  սեփական համակիրների հանդեպ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս