Միջին քաշային կարգում UFC-ի աշխարհի չեմպիոնի գլխավոր թեկնածու Վիտոր Բելֆորտը (24-10) մեկնաբանել է իր՝ երկար ժամանակ չմենամարտելուն ու հանդես եկել ժամանակավոր տիտղոսի ստեղծման մասին հայտարարությամբ, եթե ինքը վնասվածքի պատճառով դուրս մնա պայքարից:
Դադարի մասին. «Այն փաստը, որ ելույթ չեմ ունեցել 2014-ին, միայն կօգնի ինձ, քանի որ մրցակիցներիս շատ կզարմացնի իմ հաջորդ ելույթը:
Ժամանակ ունեի ադապտացվելու և զարգանալու համար: Եվ չնայած որ չեմ մենամարտել, շատ եմ աշխատել Blackzilians-ի հետ և այս ամբողջ ժամանակն անց եմ կացրել UFC-ի հաջորդ չեմպիոնի տիտղոսը նվաճելու ուղղությամբ:
Ուայդանայի հետ հանդիպման տեղափոխության մասին. «Ես պարտավոր եմ հարգել պրոմոուտերի որոշումը՝ տեղափոխել մենամարտը: Դժբախտաբար, պրոֆեսիոնալ մարզիկների առօրյայի մի մասն են դառնում նաև վնասվածքները: Նման դեպքերում, իհարկե, տուժում են դիտարժան մարտի սպասող երկրպագուները, մարզիկը, ով ջանասիրաբար պատրաստվել էր, պրոմոուտերն ու հովանավորները, ովքեր շատ են ցանկանում, որ մարտը կայանա:
Գոտին պետք է հասանելի լինի լավագույն մարզիկին: Ես ժամանակավոր տիտղոսների կողմնակից եմ այն դեպքերում, երբ մարզիկը վնասվածք է ստանում մի քանի անգամ անընդմեջ և չի կարողանում մասնակցել տիտղոսային մենամարտերի»,-ասել է Բելֆորտը: