ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՐՎԵՍՏԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՄ»

Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը նոր ստեղծագործությունների ձայնագրությամբ է զբաղված: Նրա մասնակցությամբ` վերջերս ռադիոյի ֆոնդին են հանձնել 12 երգից բաղկացած մի հրաշալի երգաշար, որի հեղինակը Հենրիկ Անասյանն է։ Երեք երգ կատարում է Ռ. Մաթեւոսյանը, ձայնագրվել է նաեւ Աննա Մայիլյանը, երիտասարդ երգիչներ, ովքեր արդեն քիչ թե շատ ծանոթ են հանդիսատեսին։ Մեր զրուցակիցը չցանկացավ անուններ տալ` նշելով, որ համերգը կկայանա նաեւ հեռուստատեսությամբ, ուստի թող դա անակնկալ լինի։

-Նոր, ժամանակակից տեխնիկայով վերականգնեցինք մեր լավագույն անսամբլային ստեղծագործությունները։ Մեր անսամբլի երաժիշտները տարիներ շարունակ հայ երաժշտասերի ականջին մոտիկ, հարազատ են պահել, բարձր վարպետությամբ քարոզել հայ երգը, երաժշտարվեստը, բայց տարիներ շարունակ նրանց կոչումներ չեն շնորհվում։ Մինչդեռ ժամանակին մեր անսամբլը ամենաշատ կոչումներ ունեցողն էր. ժողովրդինն էր, ժողովրդի հոգուց դուրս եկած երգն էր երգում եւ ճանաչում ուներ ամբողջ աշխարհում։ Տարիներ առաջ ռադիոն եւ հեռուստատեսությունը մեզ շատ էին ներկայացնում, շաբաթական երկու անգամ ռադիոյով կենդանի ելույթ էինք ունենում… Այսօր երեւի ավելի կարեւոր բաներ կան, քան ազգայինի պահպանումն է։
-Ավելի շատ հնչում է անճաշակը, ռեստորանայինը…
-Ես չեմ ուզում այդ ոլորտ մտնել, խոսել, հետո դա լինի «ձայն բարբառոյ յանապատի»։ Հայ երգը միշտ կա, իր բարձրության վրա է, պարզապես պետք է ազգային մշակույթը ճիշտ քարոզել, հաշվի չառնել քավոր-սանիկ-խնամի կապերը։ Երեւի ոչ մի ֆոնդ այդքան հարուստ չէ, ինչքան հանրային ռադիոյի ֆոնդն է, որի գանձերը պետք է ավելի շատ ներկայացնել, որովհետեւ իսկական արվեստի՝ մասնավորապես երգարվեստի թողած ժառանգությունը բոլոր ժամանակների համար է։
-Դուք շատերի համար Հայաստանի ամենաժողովրդական երգիչն եք։ Ձեզ երբեւէ, որպես ժյուրիի անդամ, հրավիրե՞լ են «Ժողովրդական երգիչ» նախագիծ։
-Մի անգամ հրավիրել են, հրաժարվել եմ. չեմ կարող գնալ, լսել, իմ խոսքն ասել, որը բանի տեղ չի դրվի, եւ հաղթողը կորոշվի SMS-ներով։ Մինչ երգչին հեռուստատեսությամբ ներկայացնելը հարկավոր է նրա հետ ճիշտ պարապել, ճիշտ երգել սովորեցնել, եւ դա պետք է անի մասնագետը։ Եթե ժողովրդական երգ է ներկայացվում, պետք է նվագակցի պրոֆեսիոնալ նվագախումբը։ Դա ավելի կոգեւորի մասնակիցներին, հեռուստադիտողին, բայց դա, կարծես թե, նրանց այնքան էլ չի հետաքրքրում։ Ես ոչ մեկի բարեկամը չեմ, արվեստի բարեկամն եմ, միայն արվեստի (եթե կա այդպիսին) կուսակցության անդամ եմ։ Ես ժողովրդի երգիչն եմ, լսում եմ ոչ միայն ինձ, այլեւ հոգուս ձայնը, ուրեմն պետք է ինչ-որ չափով… լռեմ։ Պետք է հանդուրժողական լինել. ջրի պղտորվելուց հետո գալիս է նաեւ զուլալվելու ժամանակը։
-Արման Հովհաննիսյանը միշտ հպարտությամբ ընդգծում է, որ Ձեր սանն է։ Իսկ Դուք հպարտանո՞ւմ եք նրանով։
-Ես իմ բոլոր ուսանողներով հպարտանում եմ, որովհետեւ երգիչ են դարձել։ Արմանը պատրաստի երգիչ է, իսկ որ նման ծրագիր է նախընտրում… Բայց նա ընտանիք, տուն է պահում։
-Դուք էլ ընտանիք էիք պահում, բայց Ձեր արվեստին չդավաճանեցիք։
-Մեր ժամանակներն ուրիշ էին, եւ ես ԽՍՀՄ-ի ժամանակ մեր բնագավառում այն քչերից էի, որ շատ բարձր աշխատավարձ էր ստանում՝ 300 ռուբլի։ Բացի այդ, դասավանդել եմ կոնսերվատորիայում, քոլեջում, ստացել համապատասխան աշխատավարձ։ Շատ եմ շրջագայել, որպես, կարելի է ասել, օրապահիկ վարձատրվել եմ տարադրամով, շատ ձայնագրություններ եմ արել Մոսկվայում, որի համար նույնպես աշխատավարձ եմ ստացել։ Ես չեմ ուզում գոյատեւել, ուզում եմ լիաթոք ապրել եւ կցանկանամ, որ բոլորն էլ այդպես ապրեն, այլ ոչ թե գոյատեւեն։
-Արդեն 53 տարի բեմում եք։ Հիմա բեմ բարձրանալիս հուզվո՞ւմ եք։
-Ես չեմ հիշում մի այնպիսի պահ, երբ զրուցելիս լինեի մեկի հետ, եւ ինձ ասեին՝ քո մուտքն է, ու ես բեմ վազեի։ Ես ելույթին նախապատրաստվում եմ ամբողջ օրը, գուցե մի քանի օր, բայց ամեն անգամ մինչեւ բեմի կենտրոն հասնելը 10 կյանք եմ փոխում, ոտքերս, ձեռքերս են սառչում։ Սակայն հենց գալիս հասնում եմ կենտրոն, ժողովրդի ծափահարությունը, ընդունելությունը ջերմացնում, ոգեւորում է ինձ… Դա ոչ թե վախ է, այլ պատասխանատվության զգացում, որը քեզ հետ է մնում։ Ես միշտ եմ հուզվում, եւ եթե չհուզվեմ, ուրեմն էլ չեմ երգի։

Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

 

ԴԵՌ ԱՆՀԱՅՏ է

Երեկ Գառնիի հեթանոսական տաճարի հարեւանությամբ կառուցվող սրճարանի թեմայով կրկին մամուլի ասուլիս էր հրավիրվել: Բանախոսները պետք է լինեին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը եւ հայ զբոսավարների միության նախագահ Լիա Բախշիյանը, սակայն գյուղապետը ասուլիսին չէր ներկայացել: Աշոտ Վարդանյանը Լիա Բախշիյանին հեռախոսով տեղեկացրել էր, որ իրեն հրավիրել են Կոտայքի մարզպետարան ու ասել, թե Հյաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն առանց մարզպետարանի թույլտվության իրավունք չունի որեւէ շինարարություն իրականացնել:

«Մենք անմիջապես շփվում ենք օտարերկրացիների հետ եւ բոլորս կզարմանանք, եթե Իտալիայում` Կոլիզեյի կենտրոնում, սրճարան հայտնաբերենք: Գառնին տաճար է, հնագույն անձնագիր… եւ այդ բարձունքը նրանք ուզում են օգտագործել որպես սրճարան»,-ասել է Լիա Բախշիյանը: Նա նամակով դիմել է ե՛ւ էկոնոմիկայի, ե՛ւ մշակույթի նախարարություններին` խնդրանքով, որ շինարարություն չիրականացվի: «Ես կարծում եմ` երիտասարդությունը պետք է ոտքի կանգնի, բոլորս պետք է պայքարենք, որովհետեւ դա նաեւ սերունդների դաստիարակության խնդիր է: Նոր սերունդը կմտածի, որ Գառնի գնում են սրճարանում նստելու, սուրճ ու ջուր խմելու, ոչ թե պատմության հին էջերին հաղորդակից լինելու համար»,-նշել է զբոսավարների միության նախագահը:
Նա նաեւ ընդգծել է, որ ինքն ավելի շուտ կարող էր մտածել, թե գյուղապետը պետք է շահագրգիռ լինի այնտեղ սրճարան կառուցելու հարցում, ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Սակայն Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունն այն մասին, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ:
Մարտի 2-ից սրճարանի շինարարությունը դադարեցվել է:

Ն. Պ.

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳԱԼԻԱՆՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն ժամանել է Հայաստան: Կանանց տոնի առթիվ հայտնի երաժիշտը երեկ համերգային ծրագրով հանդես է եկել «Մեցցո» ակումբում, իսկ այսօր համերգ կտա Արամ Խաչատրյան համերգասրահում: Գալիանոն կնվագի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ռիշար Գալիանոյի՝ Հայաստան գալու պատճառներից մեկն էլ այն է, որ շատ է սիրում հայ ունկնդրին: Նա իրեն լավ է զգում, երբ իր սեփական գործերն է նվագում: Գալիանոյին շատ է հետաքրքրում նաեւ Կոմիտասի երաժշտությունը. «Կարելի է նաեւ հայկական ժողովրդական երգեր նվագել, կամ հենց իմ ստեղծագործությունները, որոնք կարտահայտեն նաեւ Հայաստանի մասին իմ տպավորությունները»,-ասել է նա:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՐԴՈՒՆ
Ինչպես հայտնի է, երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժման կուրսեր է անցնում: Օրերս նրա քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը, իրենց որդուն տարել է Մայամի, որտեղ երգչուհին քիմիաթերապիայից հետո վերականգնվում է: «Մոր եւ որդու նախորդ հանդիպումն այնքան էլ լավ չէր անցել, ինչպես Ժաննան կուզեր: Երեխան չէր ճանաչել մորը: Հավանաբար, այս անգամ եւս այդպես է եղել, բայց ժամանակ կանցնի եւ ամեն ինչ լավ կլինի: Բժիշկներից մեծ հույսեր ունենք: Ասում են՝ ամեն ինչ լավ կլինի, եւ 1-1.5 տարի անց Ժաննան կկարողանա լիարժեք կյանքով ապրել»,-փոխանցել է ամուսինը: Ըստ ամերիկյան բժիշկների կանխատեսումների` Ժաննան 1.5-2 տարի անց կրկին կարող է մայրանալ:

 




Լրահոս